Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել էր Ս. Սարգսյանին՝ պայքարելու 2018թ.-ի Ս. Սարգսյանի պաշտոնավարման դեմ

serzh-sargsyan-raffi-hovhannisyan-meeting

Սեպտեմբերի 22-ին «Ժառանգություն» կուսակցության հիմնադրման 15-ամյակին, որի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում էր, որ որոշակի գործողություններ է նախաձեռնելու 2018թ.-ի Ս. Սարգսյանի պաշտոնավարման դեմ, պարզվում է, հրավիրված էր նաեւ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանին հրավիրել էր անձամբ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ իհարկե, Ս. Սարգսյանը մերժել էր Հովհաննիսյանի հրավերը եւ ներկա չէր «Ժառանգության» հոբելյանական միջոցառմանը:

ԳԱԼԱ-ն «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվել է, թե ինչպես է հղացել Ս. Սարգսյանին հրավիրելու գաղափարը, եւ այդ հարցն արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել է կուսակցական գործընկերների հետ:

Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ հրավերի գաղափարը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանինը, եւ չասաց՝ արդյոք քննարկել են այդ հարցը կուսակցական ժողովում:

Մարտիրոսյանն ասաց նաեւ, որ ՀՀԿ-ից անդամներ, այնուամենայնիվ, եղել են միջոցառմանը ներկա, եւ դա շատ բնական է.

«Իշխանական դաշտից է, քաղաքական դաշտից է, անկախ ամեն ինչից՝ մենք հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերներին եւ որեւէ անձնական ամբիցիա չունենք»:

Մեր այն դիտարկմանը, թե մի կողմից, փաստորեն, «Ժառանգությունը» հայտարարում է, որ թույլ չի տալու Ս. Սարգսյանի վերարտադրությունը, իսկ մյուս կողմից նրան հրավիրում են կուսակցության հիմնադրման 15-ամյակին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.

«Նորից եմ կրկնում՝ Ս. Սարգսյանը ՀՀԿ ղեկավարն է, քաղաքական դաշտի դերակատարներից մեկն է: Հարցը պետք է դիտարկել այդ կոնտեքստում: Ավելի խորը Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է պատասխանել այդ հարցին ամբողջությամբ»:

Նկատենք, որ միջոցառմանը ներկա չեն եղել նաեւ ՀԱԿ-ից եւ «Համախմբում»-ից:

Հայտնի չէ՝ այդ կուսակցություններին հրավիրե՞լ է «Ժառանգությունը», եւ վերջիններս հարկ չեն համարել ներկա գտնվել, թե՞ հրավեր չի եղել ընդհանրապես:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝