Դեպի 2018թ. Ս. Սարգսյանն ավելի մեծացրեց անորոշությունը

serj sargsyan

Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման շրջանակներում ավելի մեծացրեց անորոշությունը 2018թ.-ի հետ կապված: Բոլորին հետաքրքրող այն հարցին, թե ով կլինի 2018թ.-ի վարչապետը, կամ ուր կլինի Ս. Սարգսյանը, ըստ էության, խճճված պատասխան է տվել:

«Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա»:

Ս. Սարգսյանն իր խոսքի շարունակությունում շեշտում է, որ ՀՀԿ-ն խորհրդարանում ունի մեծամասնություն, և ինքն է ձևավորելու կառավարությունը, և այնքան էլ մեծ չէ անձերի դերը:

Ըստ էության, կարելի է ասել, որ Ս. Սարգսյանն իր այս խոսքերով չի հերքում, որ 2018-ին կարող է ինքը լինել կառավարությունում: Ավելին, նախապես փորձում է հրամցնել, թե տարբերությունը մեծ չէ՝ ինքը կլինի կառավարության ղեկավարը, թե ոչ, քանի որ, ըստ էության, ՀՀԿ-ն է իրականացնելու քաղաքականությունը: Իսկ ինքը ՀՀԿ ղեկավարն է:

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ ապրիլ ամսին լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ խորհրդարանական կառավարման անցումից հետո ինքը չի հավակնում պատասխանատու պաշտոնի: Շեշտել էր, որ չի լինելու վարչապետ.

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- հայտարարել էր նա:

Նա երեկ կարող էր կրկնել այս խոսքերը: Նա կարող էր ասել, որ արդեն երեք տարի առաջ արտահայտվել է այդ մասին և կրկնելու ցանկություն չունի, կարող էր նաև ասել, որ մտափոխվել է: Սակայն Ս. Սարգսյանը ոչինչ չի ասել՝ ըստ էության ավելի խճճելով իրավիճակը:

Հատկապես, եթե ի նկատի ունենանք նաև այն, որ ինչպես երեկ , այնպես էլ դրանից առաջ նա պարբերաբար գովումէ կլարեն կարապետյանի գլխավորած կառավարության գորոծունեությունը:

Դիտվել է՝