Ս. Սարգսյանի խոստացած «երկուշաբթին» տեղափոխվում է 2018թ.-ի գարուն

5019_2875

ՀՀ Սահմանադրական փոփոխություններից առաջ Ս. Սարգսյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ հենց իր աշխատասենյակում տեսախցիկների առաջ հայտարարեց, որ Գյումրու փողոցների վերակառուցման ու լուսավորության համար մեկնարկում է վարկային նոր ծրագիր, որի մեկնարկը, սակայն մինչև այսօր տրված չէ: Գյումրու քաղաքապետարանից օրերս մեր հարցերին պատասխանել էին ծրագրի ընթացքի և ֆինանսավորման մասին, սակայն, ըստ էության, այդ պատասխանում նորություն ընդհանրապես չկար:

ԳԱԼԱ-ն գրավոր հարցում էր ուղարկել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, որտեղից գրավոր պատասխանել են մեր հարցերին:

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մամուլի և ԶԼՄ հարցերով պատասխանատու Լորետա Մարտիկյանի հետ:

-Ի՞նչ փուլում է ՎԶԵԲ-ից Գյումրու փողոցների շինարարության և լուսավորության ծրագրի համար հատկացվող 23.5 մլն եվրո վարկի հատկացման ընթացքը: Հայտնի է, որ հունվարի 19-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանի գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսին: Այդ ընդունելության ժամանակ խոսել էին նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ)- Հայաստան համագործակցության և Գյումրիում իրականացվելիք ծրագրի մասին: Դրանից հետո ի՞նչ ընթացք է ստացել ծրագիրը:

 - Ինչպես հայտնի է, ծրագիրը բաղկացած է դրամաշնորհային և վարկային բաղադրիչներից, որից 14,6 մլն եվրոն կազմում է վարկային, իսկ 7,3 մլն եվրոն դրամաշնորհային միջոցներ, ինչպես նաև 1,7 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ են նախատեսվել խորհրդատվական ծառայությունների գնման համար: Խորհրդատվական ծառայությունները ներառում են նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, մրցութային փաստաթղթերի պատրաստում, շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական վերահսկողական աշխատանքների իրականացում, տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների իրականացում, ավտոկայանատեղերի ռազմավարության և գործողությունների պլանի մշակում: Ներկայումս կատարվում են Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, մրցութային փաստաթղթերի պատրաստման, շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական վերահսկողական աշխատանքների իրականացման միջազգային խորհրդատվական ընկերության ընտրության աշխատանքները: Սույն աշխատանքները նախատեսված են աջակցելու ծրագրի իրականացման խմբին, որը ստեղծվել է Գյումրու քաղաքապետի համապատասխան որոշմամբ: ՎԶԵԲ-ի Հայաստանի գծով տնօրենների խորհրդի անդամի այցը կրում էր ծանուցողական բնույթ, ինչպես նաև քննարկվել են քաղաքապետարանի հետ հետագա համագործակցության հնարավոր տարբերակների վերաբերյալ հարցեր: Քաղաքապետարանի կողմից հստակ ծրագրային առաջարկություններ ներկայացվելու դեպքում ՎԶԵԲ-ը պատրաստակամ է քննարկել նոր ծրագրեր իրականացնելու հարցը: Անհրաժեշտ է փաստել, որ ընդհանուր առմամբ ծրագրի ներկայիս ընթացքը համապատասխանում է ծրագրի ժամանակացույցին:

- Կազմավորվելու էր Ծրագրերի իրականացման գրասենյակ, որն իրականացնելու էր ամբողջ գործառույթը: Ձևավորվե՞լ է արդյոք գրասենյակ, ո՞վ է գրասենյակի պատասխանատուն, որտե՞ղ է գտնվում գրասենյակը, և ովքե՞ր են գրասենյակի աշխատակիցները (գյումրեցիներ, երևանցիներ): Ո՞վ է ընտրել (կամ ընտրելու) գրասենյակի կազմը և ինչպե՞ս:

-Գյումրու քաղաքապետի համապատասխան որոշմամբ, համաձայն վարկային պայմանագրի՝ ստեղծվել է ծրագրի իրականացման խումբ, որն էլ քաղաքապետարանի կողմից իրականացնելու է ծրագրի գործառույթը՝ ՎԶԵԲ-ի կողմից դրամաշնորհային միջոցների հաշվին ֆինանսավորվող խորհրդատուների աջակցությամբ: Ծրագրի իրականացման խումբը կազմված է Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներից, որոնք իրենց ամենօրյա պարտականություններին զուգահեռ իրականացնելու են նաև սույն ծրագրին վերաբերող գործառույթներ:

-Հայտնի է նաև, որ հայտարարվել էր մրցույթ: Ո՞վ է մրցույթ հայտարարող կողմը՝ ՎԶԵ՞Բ-ը, ՀՀ կառավարությո՞ւնը, մարզպետարա՞նը, թե՞ Գյումրու քաղաքապետարանը: Ի՞նչ միջոցով է հայտարարությունը տարածվել, և դիմե՞լ են արդյոք կազմակերպություններ, ի՞նչ կազմակերպություններ են դիմել, ի՞նչ գրանցում ունեն այդ կազմակերպությունները: Որքա՞ն գումար է ծախսվելու մրցույթ անցկացնելու համար:

-Այս պահին հայտարարված մրցույթը վերաբերում է միայն խորհրդատվական ընկերությունների ընտրությանը: Մրցույթը հայտարարվել է ՎԶԵԲ-ի կանոնակարգերին համապատասխան, և մրցութային հայտարարությունը հրապարակվել է ՎԶԵԲ-ի ինտերնետային կայքում: Խորհրդատուի ընտրությունը կատարվում է Գյումրու քաղաքապետարանի կողմից ՎԶԵԲ-ի գնումների ընթացակարգերով և աջակցությամբ, ինչպես նաև խորհրդատուի ընտրության վերջնական հաստատումը տրվելու է ՎԶԵԲ-ի կողմից: Մրցութային հայտարարությանն արձագանքել են թվով 16 կազմակերպություններ՝ Հայաստանից, Ռուսաստանից, եվրոպական և ասիական երկրներից: Հայտարարության հրապարակման, ինչպես նաև մրցույթ անցկացնելու նպատակով լրացուցիչ միջոցներ չեն ծախսվել:

- Հայտնի է, որ այս ծրագիրն ունի նաև խորհրդատվական բաղադրիչ: Որքա՞ն գումար է հատկացվելու այդ բաղադրիչի համար: Ովքե՞ր են խորհրդատվություն անցկացնելու, ի՞նչ կազմակերպություն, ի՞նչ մասնագետներ:

– Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար նախատեսված է հատկացնել 1,7 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ ՎԶԵԲ-ի հատուկ ֆոնդերից: Խորհրդատվական ընկերությունների ընտրությունը կատարվելու է ՎԶԵԲ-ի գնումների ընթացակարգերին և կանոնակարգերին համապատասխան՝ մրցութային սկզբունքներով: Ընտրվող խորհրդատվական ընկերությունների կազմերում կարող են ընդգրկված լինել և՛ միջազգային, և՛ տեղական համապատասխան որակավորում ունեցող փորձագետներ:

-Ե՞րբ կմեկնարկեն աշխատանքները, կա՞ կոնկրետ ժամանակացույց, ո՞վ է վերահսկելու:

– Ծրագիրն արդեն իսկ մեկնարկել է, ինչ վերաբերում է շինարարական աշխատանքներին, ապա դրանք կարող են մեկնարկել խորհրդատվական ընկերության ընտրությունից հետո՝ համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի և մրցութային փաստաթղթերի մշակումից, ինչպես նաև դրանց հիման վրա շինարարական կազմակերպության մրցութային գործընթացների կազմակերպումից հետո: Ըստ ժամանակացույցի նախատեսվում է, որ բոլոր այդ գործընթացներն ավարտին կարող են հասցվել մինչև սույն տարվա վերջ, և համապատասխան ընկերության կամ ընկերությունների հետ կարող են պայմանագրեր կնքվել 2017 թվականի դեկտեմբերին, իսկ աշխատանքները կարող են մեկնարկել արդեն 2018 թվականի գարնանը՝ եղանակների թույլ տալուն պես: Աշխատանքների տեխնիկական վերահսկողության գործառույթները նույնպես վերապահված են այն խորհրդատվական ընկերությանը, որը մշակելու է նախագծանախահաշվային և մրցութային փաստաթղթերը: Միաժամանակ, աշխատանքների ընթացքում նախատեսվում է ՎԶԵԲ-ի բնապահպանական, սոցիալական, տեխնիկական, գնումների թիմերի կողմից պարբերաբար մոնիտորինգների անցկացում, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից աշխատանքների նկատմամբ վերահսկողության սահմանում:

 -Որքա՞ն գումար է նախատեսված կոնկրետ աշխատանքների իրականացման համար, բացի խորհրդատվություններից և մնացյալ աշխատանքներից:

- Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների կապիտալ ծախսերի (Գյումրու թվով 15-20 կմ երկարությամբ փողոցների վերանորոգման, քաղաքային արտաքին լուսավորության արդիականացման աշխատանքներ) իրականացման համար նախատեսված է 21,9 մլն եվրո, որից, ինչպես արդեն նշվել է, 7,3 մլն եվրոն դրամաշնորհային միջոցներ են:

-Ընդհանուր առմամբ Ծրագրի տարբեր բաղադրիչների իրականացման համար Բանկի կողմից հատկացվել է 23.500.000 (քսաներեք միլիոն հինգ հարյուր հազար) եվրո վարկային և դրամաշնորհային միջոցներ, որից 14.600.000 (տասչորս միլիոն վեց հարյուր հազար) եվրոն որպես վարկ: Վարկային այդ գումարը և տոկոսները կոնկրետ ո՞ր կողմն է մարելու՝ ՀՀ կառավարությո՞ւնը, թե՞ Գյումրու քաղաքապետարանը: Խնդրում եմ տեղեկացրեք նաև՝ որքան է կազմում տոկոսադրույքի գումարը:

-Ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ կառավարության, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, և Գյումրու քաղաքապետարանի միջև կնքվել է ծրագրի իրականացման համաձայնագիր, ըստ որի՝ վարկային միջոցների վերադարձը ՎԶԵԲ-ին կատարվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներից:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Դիտվել է՝