Երևանում աշխատանքն է սկսել «ԱրմՀայԹեք-2018» միջազգային ցուցահանդեսը

10

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ից 31-ը կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսը: Այսօր տեղի է ունեցել բացման հանդիսավոր արարողությունը:

«ԱրմՀայԹեք-2018»-ը նպատակ ունի երկխոսության արդյունավետ հարթակ դառնալու մասնակից երկրների զինվորականների, գիտական և գործարար շրջանակների միջև: Կազմակերպիչների հավաստմամբ, ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում են ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա կազմակերպություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից:

«ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաև գիտագործնական ծրագիր, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 10 երկրների պատվիրակություններ և ՀԱՊԿ-ի պատվիրակությունը: 

Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Ցուցահանդեսի թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին, նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները. մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ և համակարգեր, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու ավիացիա, թռչող սարքեր և համակարգեր, անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, ճշգրիտ զենք, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ և համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ, հանդերձանք և այլ թեմատիկ բաժիններ:

Բացի ծավալուն ցուցադրական մասից, «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն նաև բազմազան գործարար ծրագիր, գիտագործնական քննարկումներ, նիստեր և կլոր սեղաններ, ինչը բացառիկ հնարավորություն կընձեռի անվտանգային ոլորտի առաջատար փորձագետների հետ հանդիպումների և խորհրդատվությունների անցկացման, խնդիրների քննարկման համար:15 21 4 (1) 6

 

Դիտվել է՝