2017թ.-ին սպասվող տնտեսական ցնցումները

Без названия (5)

2016թ. տեղի ունեցած քաղաքական իրադարձություններն ամբողջովին փոխեցին համաշխարհային տնտեսության վերաբերյալ բոլոր պատկերացումները, «մշուշեցին» հեռանկարները:

Ակնկալիքը, որ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը կխթանի հարկաբյուջետային ցուցանիշը, լավատեսություն է սերմանում Միացյալ Նահանգների եւ համաշխարհային տնտեսության աճի հանդեպ:

Սա, իր հերթին, գրանցում է ԱՄՆ-ի ֆոնդային ցուցանիշների ռեկորդային բարձր արդյունք՝ միաժամանակ դոլարային փոխարժեքի բարձրացում:

«Ուժեղ» դոլարը հիմնականում նպաստավոր է Եվրոպայի եւ Ճապոնիայի համար, օգնում է խթանել արտահանման աճը: Սակայն, դոլարային արտարժույթի ամրապնդումը շատ մտահոգիչ է զարգացող աշխարհի համար:

Ըստ լոնդոնյան IHS Markit–ի տվյալների, որը մշտապես վերլուծում է շուկայում տեղի ունեցող զարգացումները, այս միտումները դրական կազդեն գլոբալ աճի վրա: 2017 թ. կանխատեսվում է 2016թ.-ի 2.4%-ի փոխարեն ունենալ տնտեսության 2,8%-ոց աճ, իսկ 2018-ին՝ 3,1%:

Էներգետիկ ոլորտում կգրանցվի մինչեւ 2.3% աճ: Ավելին, հաջորդ տարի սպասվում են հարկային կրճատումներ եւ ենթակառուցվածքային կազմակերպությունների ծախսերի վերանայում, արդյունքում 2018թ. սպասվում է մինչեւ 2,6% աճ:

Սպառողական եւ բիզնես հարաբերությունները, որն ամրապնդվեց ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կդառնան ավելի վստահելի եւ ամուր:

Մյուս կողմից տոկոսադրույքների եւ դոլարի արտարժույթի բարձրացումը կառաջացնեն որոշակի անհանգստություններ:

Եվրոպայի տնտեսությունն այս տարի ցածր աճ կգրանցի հիմնականում կապված Brexit-ի (Միացյալ Թագավորության հեռացումը Եվրոպական միությունից) պատճառով ստեղծված անորոշության հետ:

Վիճարկելի Brexit-ը, Իտալիայի հանրաքվեն եւ առաջիկա ընտրությունները Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Նիդեռլանդներում կազդեն տնտեսության աճի վրա:

Մասնավորապես, Իտալիայում քաղաքական ցնցումները կարող են պատճառ դառնալ բանկային ոլորտի ճգնաժամի, որն արդեն իսկ նկատվում է: Որպես դրական փաստ նշվում է, որ Եվրոպայի կենտրոնական բանկը երկարաձգել է իր պարտատոմսերի գնման ծրագիրը, եւ «թույլ» եվրոն կօգնի նպաստել արտահանման ծավալների աճին:

IHS Markit-ը հավաստիացնում է, որ այս գործոնները կթուլացնեն Եվրագոտու տնտեսության աճը, 2016թ.-ին ունեցած 1.7%-ոց աճի փոխարեն 2017թ.-ին կլինի 1.4%:

Ճապոնիայի տնտեսությունը կհայտնվի փոքր-ինչ շահեկան դիրքում՝ շնորհիվ «թույլ» ճապոնական իենի: Վերջին տարիներին Ճապոնիայի տնտեսությունը մշտապես պայքարի մեջ է գտնվում: «Թույլ» ճապոնական իենը կօգնի մեծացնել արտահանման ծավալները:

Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության փլուզումը թուլացնում է Ճապոնիայում կարեւորագույն կառուցվածքային բարեփոխումների իրականացման տեմպերը: IHS Markitը վստահեցնում է, որ Ճապոնիայի տնտեսական աճը 2017-2018թթ. կկայունանա 1.0%-ով:

Չինաստանի տնտեսության աճի ցուցանիշը կնվազի, հիմնականում կտուժի բնակարանային շինարարությունը: Չինական կառավարությունը քայլեր է ձեռնարկում դժվարությունները հաղթահարելու համար, որոնք հիմնականում վնաս են հասցնում բնակարանաշինության եւ ծանր արդյունաբերության ոլորտներին: ՀՆԱ-ն 2016թ.–ի 6.7% -ի փոխարեն 2017թ.-ին կլինի 6.4%:

Կապիտալի արտահոսքը եւ արժույթների արժեզրկումը գլխացավանք են որոշ կենտրոնական բանկերի համար: Նախ պետք է կանխել կապիտալի արտահոսքը, կենտրոնական բանկերը պետք է վարեն ավելի սահմանափակող քաղաքականություն, քան ցանկանում են, երկրորդ, վերջին տարիներին դոլարային պարտքն աշխարհում կտրուկ աճել է՝ հասնելով շուրջ $ 3,5 տրլն.-ի: Դոլարի փոխարժեքի աճի հետ բարձրանում է նաեւ բյուջեի պակասուրդը:

Ապրանքների գները կշարունակեն մնալ բարձր: 2016թ հունվար-սեպտեմբեր ամիսներին ապրանքների գներն աճել են ավելի քան 40%-ով, հետագայում նոյեմբերին փոքր-ինչ նվազել, ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ կրկին բարձրացել:

Երկար տարիներ գրանցելով գնանկում՝ համաշխարհային տնտեսությունը կանգնած է գնաճի շեմին: Առաջին անգամ կանխատեսվում է ինֆլյացիայի ռիսկ:

ԱՄՆ–ի Դաշնային պահուստային համակարգը կարծես զգուշորեն շարունակում է դրամավարկային քաղաքականության կարգավորման գործընթացը՝ որոշ կենտրոնական բանկերին ստիպելով բարձրացնել տոկոսադրույքները, մյուսներին՝ դադարեցնել հետագա փոխարժեքի կրճատումները:

Եվ Անգլիայի բանկը, եւ Եվրոպական կենտրոնական բանկը զգուշացրել են, որ ԱՄՆ-ում բարձր տոկոսադրույքները եւ քաղաքական անորոշություններն Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում համաշխարհային ֆինանսական համակարգը խոցելի կդարձնեն:

Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո արդեն իսկ «ուժեղ» դոլարի փոխարժեքն ավելի բարձրացավ: Նոյեմբերի վերջին դոլարն անհամեմատ բարձրացավ իենի եւ եվրոյի նկատմամբ: Սա երբեմն համարվում է ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունների հետեւանք, երբեմն էլ Իտալիայի հանրաքվեի տապալման արդյունք:

ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հակագլոբալացման շարժումները եւս կարող են հանգեցնել տնտեսական աճի նվազեցմանը: Մասնավորապես, առեւտրատնտեսական ոլորտում տեղի ունեցող պայքարը կարող է գցել ԱՄՆ-ին գլոբալ ճգնաժամի մեջ:

Աղբյուր՝ weforum.org

Թարգմ.՝ Հասմիկ Խաչատրյան

Դիտվել է՝