«2017թ.-ին կցանկանամ, որ խաղաղություն լինի, բայց ի տարբերություն ոմանց՝ ոչ տարածքներ հանձնելու գնով»

image (1)

ԳԱԼԱ-ի հարցազրույցը ՀՀ ակտիվ քաղաքացի Լևոն Զաքարյանի հետ:

-Լևոն, ինչպե՞ս ենք ամփոփում 2016 թվականը: Ինչպիսի՞ն էր տարին մեր երկրի համար: Ի՞նչ իրադարձություններ կմատնանշեք:

-2016թ.-ի կարևոր իրադարձությունը «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումն էր: Բոլոր այդ օրերին բավականին հետաքրքիր իրադարձություններ ծավալվեցին: Դա բավականին կարևոր իրադարձություն էր հայաստանյան ու, ինչու չէ, ամբողջ սփյուռքի կյանքում: Դեպքերի նման զարգացումն, իհարկե, ցանկալի չէր, բայց դե պետք է առաջ նայել: Այո, ցավոք, իմ կարծիքով շարժումը մարեցին հենց որոշ մարդիկ, ովքեր առաջնորդում էին հենց դրսում:

-Ինչպիսի՞ սպասելիքներ կան 2017 թվականից: Արդյոք կարող ենք լավատեսական սպասումներ ունենալ:

Լևոն Զաքարյան

Լևոն Զաքարյան

-Թե 2017 թվականին, թե մյուս թվականներին սպասելիք մենք հենց մեզանից պետք է ունենանք: Նկատի ունեմ, որ առանց պայքարի չկա արդյունք: Ես միշտ լավատես եմ:

-2016-ի վերջերին սկսեցին ինչ-որ «կոսմետիկ փոփոխությունների» գնալ ՀՀ իշխանությունները: Կառավարություն փոխվեց, կա՞ն ակնկալիքներ:

– Կառավարության նոր կազմն իր ողջ տրամաբանությամբ տեղավորվում է ՀՀԿ մարտավարության շրջանակներում, որը ես կգնահատեի շատ պարզամիտ: Փորձեցին մի կրակոցով 2 նապաստակ խփել: Նախորդ վարչապետն իր կազմով գնաց 2017-ի ընտրապայքարի համար աշխատելու, իսկ նոր վարչապետն իր թիմով, այսպես ասած, նոր դրայվով իբր փորձեցին հերթական անգամ թոզ փչել ժողովրդի աչքերին, ինչը, կրկնում եմ, շատ պարզամիտ է:

-2017 թվականն ընտրական տարի է Հայաստանում, ապրիլին տեղի կունենան համապետական ընտրություններ, արդյոք պետք է ակնկալել, որ երկրում իրավիճակ կփոխվի:

– Ընտրությունների մասով կարծիքս հետևյալն է. նման ռեժիմի դեմ ընտրություններով պայքարելն անհնարին է: Ընդդիմադիր այն ուժերը, որոնք պատրաստ են ինչ-որ բան ասել, պետք է դա անեն առանց ընտրապայքարի մեջ մտնելու:

-Ինչպիսի՞ն կուզենաք տեսնել Հայաստանը 2017 թվականին: Ի՞նչ եք կարծում, արդյոք ի վերջո կունենանք այն Հայաստանը, որի մասին երազում ենք տարիներ շարունակ, ու ի՞նչ է հարկավոր անել դրա համար:

-2017-ին կցանկանամ, որ խաղաղություն լինի, բայց ի տարբերություն ոմանց՝ ոչ տարածքներ հանձնելու գնով:

-Քաղաքացիական հասարակությունից ի՞նչ է պահանջվում անել այս առումով, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարիներ շարունակ ժողովուրդը պայքարի է դուրս գալիս, սակայն այն ուղղակի լռեցվում է:

-Քաղաքացիական հասարակությունը, իմ կարծիքով, արժեքների հեղափոխության կարիք ունի: Այն հիմա, իմ գնահատմամբ, ձևավորման նախնական փուլում է: Այն հազարավոր մարդիկ, ովքեր պայքար են տանում փողոցում ինձ համար, դրա սերուցքն են: Իշխանությունը բռնազավթած անձինք, բնական է, խոսում են բիրտ ուժի տեսանկյունից, բայց անհնարին բան չկա, ոչ մի բան հավերժ չէ, պայքարել է պետք: Մեր երազած Հայաստանն ունենալու համար թեկուզ քայլ առ քայլ, բայց պետք է առաջ գնալ ու ոչ միայն այդ մասին երազել:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Դիտվել է՝