Ցնցումնառատ տարի-2016. փորձագետը լուրջ փոփոխությունների ակնկալիք չունի նաև 2017թ.-ից

1000

2016 թ.-ը ցնցումնառատ տարի էր՝ ըստ անկախ փորձագետ Հայկ Բալանյանի: Սակայն, նրա կարծիքով, Հայաստանը կարողացավ դուրս գալ այդ վիճակից համեմատաբար նվազ կորուստներով:

2016-ի համար Հայկ Բալանյանն առանձնացրեց երկու կարևոր շրջափուլ՝ ներքաղաքական՝ Սասնա ծռերի գործունեությամբ պայմանավորված, և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, որն արտահայտվեց ապրիլյան պատերազմով: Այս երկուսը բավական էին, որ 2016-ն առանձնացնեն և բնութագրեն որպես հոգսաշատ և ցնցումներով լեցուն տարի:

«Ապրիլյան ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ծավալված իրադարձությունները, Սասնա ծռերի՝ ՊՊԾ գնդի գրավումը մեծ ցնցում էին երկրի համար: Ես կարծում եմ, որ այդ բոլոր իրադարձություններից մեր երկիրը դուրս եկավ նվազ կորուստներով, քանի որ վտանգները շատ մեծ էին»:

Սակայն ըստ փորձագետի՝ թեև ձեռքբերումներ չկային, բայց, այնուամենայնիվ, դրական հանգամանքներ ևս նկատելի էին.

Հայկ Բալանյան

Հայկ Բալանյան

«Առաջին հերթին բոլորին պարզ դարձավ, որ հայ ժողովուրդը պատրաստ է պատերազմել իր երկրի համար, գնահատում է և սիրում է իր պետությունը և բանակը, սակայն այդ նույն ազգը, որը պատրաստ է կռվել արտաքին թշնամու դեմ, չի ընկրկելու, չի հաշտվելու նաև ներքին կյանքում այն խայտառակ երևույթների հետ, որոնք խեղդում են մեր երկիրը: Նաև մեր ժողովրդի համար հստակ պարզ դարձավ, որ ոչ մի օտար ուժ, դաշնակից կամ դաշինք չի լուծելու մեր հարցերը մեր փոխարեն: Այս տարին նաեւ իմաստության տարի էր: Գլխավոր ձեռբերումը դա է, իսկ նվաճումները, վստահ եմ, լինելու են ապագայում»:

2016 թ.-ը նաև տարածքային և մարդկային լուրջ կորուստների տարի էր: Եվ կարևոր է նաև այն հանգամանքը, թե այդ ամենից ինչ դասեր քաղեցինք:

Ըստ Բալանյանի՝ կա մեկ դաս. պետությունը պիտի վերահսկվի ժողովրդի կողմից:

«Այլ տարբերակ՝ արդիական, զարգացած և ադեկվատ պետական ապարատ ունենալ, չկա: Սակայն, ցավոք, մեր վերնախավը Սասնա ծռերի դեպքերի վախից հետո դասեր էլի չի քաղել: Տպավորություն է, որ այլևս ընդունակ չէ»:

2017 թ.-ը ևս բարդ տարի է լինելու: ԼՂ հիմնահարցի հարցում բեկում դժվար է ակնկալել, ասում է Բալանյանը:

«Եթե խոսքը գնում է ինչ-որ կարգավորման կամ բանակցային գործընթացի մասին, որևէ լուծում չի կարող լինել: Շարունակվելու է տարբեր տերությունների դիրքային պայքարը տարածաշրջանի համար, որի ընթացքում ես չեմ տեսնում ընդհանուր հայտարարի գալու ոչ մի շանս, և հետևաբար՝ սոլիդար վերաբերմունք ու լուծման պարտադրանք: Բայց նաև չէի բացառի բախումների նոր փուլ, որը, սակայն, իմ կարծիքով, նվազ հավանական է, քան ապրիլյան իրավիճակը, երբ ուժային տարբերակը ձեռք էր տալիս գրեթե բոլոր շահագրգիռ տերություններին»:

Բեկումնային փոփոխություններ չի սպասում փորձագետը նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում.

«Դրանք սպասելի են 2018 թ.-ին, երբ ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը: Այդ կապակցությամբ լուրջ վերադասավորումներ և նաև ճգնաժամ կարող է լինել, որի լուրջ նախանշանները և հանգամանքներն ի հայտ կգան արդեն եկող 2017թ.-ին»:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝