«Կոստյումներով դավաճանների» մեջ վարչապետի նոր խորհրդականը մտնո՞ւմ է, թե՞ ոչ. Աննա Հակոբյանի 2016թ.-ի հոդվածի մոտիվներով

26_01_15_harcazruyc_arshak_karapetyan

Դեկտեմբերի 17-ին պաշտոնական լրահոսը տեղեկատվություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի նոր խորհրդական է նշանակել Արշակ Կարապետյանին:

Արշակ Կարապետյանը վարչապետի կաբինետում 14-րդ խորհրդականն է գլխավոր խորհրդականներ Արամ Ղարիբյանի, Արսեն Գասպարյանի, խորհրդականներ Եղիշե Կիրակոսյանի, Ջեմմա Հակոբյանի, Սրբուհի Ղազարյանի և հասարակական հիմունքներով խորհրդականներ Արտակ Մանուկյանի, Գրիգոր Մուրադյանի, Մեսրոպ Առաքելյանի, Մեսրոպ Պապիկյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Վահե Հովհաննիսյանի, Վարազդատ Կարապետյանի, Ֆելիքս Թադևոսյանի կողքին:

Նշանակմանն այսօր անդրադարձավ ինքը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Որ արժանիքների համար է Արշակ Կարապետյանը համալրել լեգիտիմ կառավարության ղեկավարի խորհրդատուների ցանկը՝ ոչ մի տեղ չի ասվում, բայց կարելի է ենթադրել, որ այս նշանակումն էլ  «բարիկադներ քանդելու» տրամաբանության մեջ կլինի:

Ո՞վ է Արշակ Կարապետյանը

Արշակ Կարապետյանի նշանակումը վարչապետի խորհրդականի պաշտոնում հասարակական դաշտում բացասաբար ընկալվեց: Նա 2016թ.-ին ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր և, ի թիվս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանի որոշմամբ պաշտոնանկ արվեց: Իհարկե այն ժամանակ այդ պաշտոնանկություններին պաշտոնական բացատրություններ չեղան, բայց հասարակական-քաղաքական շրջանակներում կարծիք ձևավորվեց, որ Արշակ Կարապետյանին և մյուսներին պատժեց իշխանությունը՝ հեռացնելով աշխատանքից: Կարապետյանի ղեկավարած կառույցը ժամանակին չէր տեղեկացրել Արցախում ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակման մասին։

Տարբեր շրջանակներում ակտիվ քննարկում էին նաև, թե արդյոք աշխատանքից հեռացումը պատժի կրում է ենթադրում, և արդյոք հիշյալ բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է պատժվեն օրենքով սահմանված կարգով իրենց պարտականությունները բարեխղճորեն չկատարելու համար, որոնց հետևանքով հայկական կողմն ունեցավ հարյուրից ավելի զոհեր:

Կոստյումներով դավաճանների հատուցման պահը. Աննա Հակոբյանի 2016թ.-ի հոդվածը

Ապրիլյան պատերազմից հետո, երբ տեղի ունեցան պաշտոնանկությունները, «Հայկական ժամանակ» օրաթերթն այդ օրերին մի հոդված հրապարակեց, որի հեղինակն Աննա Հակոբյանն էր՝ ՀՀ վարչապետի տիկինը: / http://armtimes.com/hy/article/84454 /

Նա ևս իր այդ հոդվածով իրավացիորեն պնդում էր, որ պետք է պատժվեն «կոստյումներով դավաճանները»:

«Ինչո՞ւ են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված 50-ին հասնող զինվորները բացառապես աղքատ ընտանիքների երեխաներ», «Ինչո՞ւ բանակը անհրաժեշտ մակարդակի տեխնիկական հագեցվածություն չունի». հոդվածագիրը մի շարք կարևոր հարցադրումներ է անում, ապա հավելում՝ սա այն դեպքն է, երբ իշխանությունը մանևրելու, դրանք չնկատելու տալու որևէ շանս չունի: «Նրանք ստիպված են պատասխանել այս հարցադրումներին, և այդ պատասխանները ենթադրում են կոնկրետ գործողություններ: Նախօրեին, օրինակ, շատ կոնկրետ պատասխան եղավ հարցերին, թե ինչու ապրիլի լույս 2-ի գիշերվանից առաջ հայկական բանակը պատշաճ չափով տեղեկացված չի եղել ծրագրվող հարձակման մասին, և դրա պատճառով ունեցել է կորուստներ, որոնցից կարող էր խուսափել: Աշխատանքից ազատվեց զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը»,- ասվում է հոդվածում:

Ընդհանրապես դժգոհության ալիք կար, որ մարդիկ, ովքեր թերացել են երկրի համար այդքան կարևոր ռազմական հարցերում, հատուցում են ընդամենը թոշակի գնալով, և որ չեն լուծվում խնդիրները և չեն տրվում պատասխաններ կարևոր հարցադրումներին, երբ իշխանությունը որպես պատիժ տուն է ուղարկում «կոստյումներով դավաճաններին»:

Վարչապետի նոր խորհրդականը եկել է դիվանագիտական կորպուսից

Կարապետյանը մինչև 2018 թվականը ԶՈւ համակարգում որևէ պաշտոն չէր զբաղեցնում: 2018 թվականի փետրվարին, սակայն, «պատժված» Կարապետյանը նոր պաշտոն ստացավ Ս. Սարգսյանի որոշմամբ: Նա նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդ:

Այս նշանակումը մինչև ապրիլյան հեղափոխությունն էր և հասարակական մեծ դժգոհություն առաջացրեց: Կարապետյանը հեռացվել էր պաշտոնից 2016 թվականի «ապրիլյան պատերազմից» հետո՝ իր աշխատանքում ձախողելու համար։ Մինչդեռ նրան երկու տարի անց նոր ոչ պակաս պատասխանատու պաշտոն շնորհեց Ս. Սարգսյանը:

Վարչապետի խորհրդականի պաշտոնում Արշակ Կարապետյանի նշանակումը հիմա հարցեր է առաջացնում. արդյոք Կարապետյանն անթերի է գործել, իր պարտականությունները կատարել է բարեխղճորեն և «պատժվել էր» Ս. Սարգսյանի ձեռամբ՝ միգուցե այլ հաշվարկների իրականացմամբ կամ ապրիլյան պատերազմից հետո ստեղծված լարվածությունը թուլացնելու համար: Եթե այդպես է, ինչո՞ւ հրապարակային չի արդարացվում Արշակ Կարապետյանը:

Իսկ հակառակ դեպքում մեկ այլ հարց է առաջանում. ինչո՞ւ նոր Հայաստանում Կարապետյանին պատժելու փոխարեն պարգևատրում են:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝