Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

g_image (3)

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գերատեսչությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, իսկ ինդոնեզական կողմից՝ Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի և Եվրոպայի երկրների գլխավոր վարչության պետ Մուհամեդ Անշորը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց տարբեր ոլորտներում հայ-ինդոնեզական հարաբերությունների, այդ թվում՝ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական, մշակութային ու կրթական կապերի, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, հյուպատոսական փոխգործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Կողմերն իրենց գոհունակությունը հայտնեցին վերջին տարիներին երկու երկրների միջև դինամիկ զարգացող հարաբերությունների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Երկուստեք նշելով, որ երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները չեն արտացոլում առկա ներուժը՝ կողմերը պայմանավորվեցին հետագա քայլեր ձեռնարկել հայ-ինդոնեզական առևտրատնտեսական կապերը և գործարար շրջանակների միջև շփումները խթանելու ուղղությամբ, որի համար լավ հիմք կարող է հանդիսանալ Հայաստանում և Ինդոնեզիայում գործարար համաժողովների կազմակերպումը:

ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:

Հայ և ինդոնեզացի դիվանագետները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ:  g_image (2)

Դիտվել է՝