Սիրիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին

g_image (1)

Սեպտեմբերի 5-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Սիրիայի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, և մտահոգություն հայտնեց ճգնաժամի արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանն ընդունել է Սիրիայից ժամանած շուրջ 22000 փախստականների, իսկ սիրիացի ժողովրդի հետ միասին արհավիրքի դժվարություները կիսած սիրիահայության խնդիրները գտնվում են Հայաստանի իշխանությունների մշտական հոգածության ներքո։ Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ ՀՀ Նախագահի հրահանգով, մի քանի անգամ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ողջունում է Աստանայում և Ժնևում անցկացվող բանակցություններն ուղղված Սիրիայում խաղաղության հաստատմանը և հույս հայտնեց, որ դրանք ճանապարհ կհարթեն իրավիճակի կարգավորման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Իբրահիմը փոխանցեց Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալիմի ողջույններն ու բարեմաղթանքները և վստահեցրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի` տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման նպատակով: Սիրիայի դեսպանն իր երկրի երախտագիտությունը հայտնեց՝ սիրիացի ժողովրդին Հայաստանի շարունակական աջակցության համար։

Դեսպան Իբրահիմը ներկայացրեց սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը։ 

Դիտվել է՝