«Փաստաբաններին միտումնավոր նսեմացնում ու վարկաբեկում են. սա իշխանության մոտեցումն է»

Ժաննա Ալեքսանյան

Փաստաբանների բողոքի գործողությունները ողջունելի են, սակայն փաստաբանները միայնակ են՝ չունեն իրենց թիկունքին փաստաբանների պալատ: Փաստաբանների պալատը, պալատի նախագահը գործում են իշխանությունների դաշտում: ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն՝ անդրադառնալով փաստաբանական հանրույթի վերջին գործողություններին:

«Բայց կարծում եմ, որ փաստաբանների համայնքն ընդվզման և բողոքի ցույցեր անցկացնելու փորձեր ունի, և այս մեկն էլ հաջողությամբ կպսակվի»:

Ինչպես հայտնի է, փաստաբանները պատրաստվում են գործադուլի: Բողոքի այդ միջոցառմանը կմասնակցի 138 փաստաբան, ովքեր այսօր հայտարարություն էին տարածել՝ բացատրելով իրենց բողոքի ու դժգոհության պատճառները:

Ժաննա Ալեքսանյանը հիշում է, որ փաստաբանական հանրությունը մշտապես է եղել կազմակերպված՝ գումարած այն, որ փաստաբանական պալատը գործել է փաստաբանների թիկունքում:

«Ես հիշում եմ, որ նախկին նախագահի ղեկավարությամբ լուրջ գործողություններ էին սկսում փաստաբանները, եթե որևէ փաստաբանի նկատմամբ ոտնձգություն կամ խախտում էր գրանցվում: Անպայման հայտարարություն, բողոքի ակցիա, ինչու չէ, նաև գործադուլներ են արել:

Այսօր համատարած զանգվածային հարձակում է փաստաբանների նկատմամբ: Դատարանում մենք ինչ ենք տեսնում. խուզարկությունները, այդ ապօրինությունները, միտումնավոր փաստաբաններին նսեմացնում ու վարկաբեկում են: Եվ սա իշխանության մոտեցումն է: Ուզում են ասել՝ ոնց ուզենք, այնպես էլ կվարվենք:

Այս ամենը փչացնում է փաստաբանական համայնքը: Փաստաբաններն ընդհանրապես այն մարդիկ են, որոնք իրապես անմնացորդ պայքարում են արդարադատության հասնելու համար»,- ասում է իրավապաշտանն, ապա ընդգծում, որ ցավոք սրտի փաստաբանական հանրույթն այս անգամ չի վայելում փաստաբանական պալատի աջակցությունը. պալատը գործում է իշխանության դաշտում:

«Ցավոք սրտի, փաստաբանների պալատի նախագահը բացահայտ զիջումների է գնում իշխանությունների հետ: Ուզում եմ ասել, որ իշխանությունների հետ պալատի նախագահը պատրաստակամ է համագործակցության՝ ի շահ իշխանության: Եվ սա շատ ցավալի հարց է, որովհետև փաստաբանները միշտ եղել են այլ համայնք, միշտ եղել են առանձնացված մարդիկ, ովքեր երբեք գլուխ չեն խոնարհել իշխանության պատվերների համար: Գուցե առանձին փաստաբաններ եղել են, բայց ընդհանրապես փաստաբանությունն այդ կեցվածքը չի ունեցել Հայաստանում: Եվ այսօր էլ կարծես փաստաբանների պալատի նախագահը չի աջակցում փաստաբաններին, չի ասում՝ ես ձեր հետ եմ, ձեր կողքին եմ: Անատամ հայտարարություններ է տարածում, որոնք ոչնչով չեն փոխում իրավիճակը: Ինքն ունի իր ընտրյալ փաստաբանները, որոնց էլ աջակցում է»:

Ըստ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի՝ փաստաբանների պալատն ընդգծված նեգատիվ վերաբերմունք է ցուցաբերում «քննադատող» փաստաբանների նկատմամբ: Այնինչ նրանք բարձրակարգ այն փաստաբաններն են, որոնք հանրությանն այդ մասին ապացուցել են իրենց աշխատանքի նվիրվածությամբ:

Իրավապաշտպանը հատուկ ընդգծում է նաև, որ այս իրավիճակում է սպասվում փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները, և այդ ընտրությունների ժամանակ միակ թեկնածուն Արա Զոհրաբյանն է:

«Եթե փաստաբանների պալատի նախագահն անտեսում է այն խնդիրները, որոնք բարձրացվում են, որոնք առաջ է քաշում փաստաբանական համայնքը, ապա ես չեմ հասկանում՝ որն է միտումը, ինչու է նա գնում նոր ընտրության:

Եթե նա գլոբալ խնդիրները չի տեսնում, չեմ հասկանում, ապա կրկնում եմ՝ ինչո՞ւ համար է գնում ընտրության: Ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչու է նա ցանկանում դառնալ փաստաբանների պալատի նախագահ:

Իսկ փաստաբաններն իրապես բարձր արժանապատվությամբ մարդիկ են, ովքեր պարզապես չեն հանդուրժում պալատի կեցվածքն իրենց նկատմամբ, խուզարկությունները: Կարծում եմ, որ սա է ճիշտ ուղին, և մյուս բոլոր փաստաբանները պետք է տեղափոխվեն այս դաշտ, որովհետև այսպես աշխատել հնարավոր չէ, ինչպես մենք տեսնում ենք: Խայտառակ իրավիճակ է, և գիտեք՝ սա իսկապես շատ ամոթ է Հայաստանի համար»:

Հարցին, թե բողոքի գործողությունները, գործադուլն ինչ արդյունք կտան, Ժաննա Ալեքսանյանը պատասխանում է, որ հետևողական պայքարի դեպքում արդյունքները կլինեն նկատելի.

«Ուզում է հասնեն արդյունքի, ուզում է չհասնեն, բայց պետք է հետևողական լինեն պայքարելու, ընդվզելու, մինչև վերջ հասնելու: Կարծում եմ, որ պայքարն իրոք կտա արդյունք: Եվ նրանք պետք է պայքարեն, և ես կողմ եմ այդ պայքարին, այն էլ ավելի խիստ մեթոդներով, որպեսզի այդ ոտնձգություններն անմիջապես հեռացվեն փաստաբաններից:

Կարծում եմ՝ քաղաքակիրթ աշխարհը, միջազգային կառույցները հայտարարություններով կաջակցեն փաստաբաններին, իրենց պայքարին: Պայքարը կարծում եմ, որ կհզորանա, և ես վստահ եմ, որ արդյունք կլինի»:

 

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝