Ամեն օր շոկի ենթարկվող վարչապետ, քրեական հանքարդյունաբերություն, նորույթ զինծառայողների ծնողների համար և ոչ միայն. հուլիսի 20-ի ամփոփումը

nikkk

Օրվա տեսակետը

«Ես չեմ կարծում, թե որևէ մեկը, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը, ունի սահմանադրական բացարձակ իմունիտետ, եթե պարզվի, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմք կա: Դա թյուր ընկալում է»:

Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքն է՝ ի պատասխան այն հարցի, թե Ռոբերտ Քոչարյանի ինքնավստահության պատճառը սահմանադրական իմունիտետն է:

Օրվա արտաքին քաղաքական պնդումը

«Ես այսօր որևէ ֆորմատի մասնակցություն չեմ ունեցել, որն աննախադեպ լինի մեր արտաքին քաղաքականության համար: Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ ունեցել է նաև մինչև թավշյա հեղափոխություն». սա էլ վարչապետի դիվանագիտական պնդումն է:

Օրվա շոկը

«Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, քանի որ իր առաջ դնում են տեղեկություններ, որոնց նա հրաժարվում է հավատալ»,- ասաց կոռուպցիայի ծավալներից ապշած ՀՀ վարչապետը:

Օրվա քրեական բացահայտումները

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։ Գործը հարուցվել է քաղաքացու՝ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շահագործման հետ կապված դիմումի հիման վրա:

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նաև հանքարդյունաբերության ոլորտում ապօրինի կերպով հակամրցակցային գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ:

Օրվա բանակռիվը

Քաղաքական ուժերը շարունակեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների բուռն քննարկումը, կրկին համաձայնության չեկան:

Օրվա հրամանը

Այսուհետ պարտադիր ժամկետային զինծառայողներին առաքված ծանրոցները կստուգի նորաստեղծ աշխատանքային խումբը: Դրա ստեղծման մասին հրամանը ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարարը: Նպատակը զորամասերում հասցեատերերին հանձնման գործընթացը կանոնակարգելը և հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելն է: Աշխատանքային խումբը կանոնակարգելու է ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության պետ Ալեքսանդր Ավետիսյանը:

Օրվա վարչապետական կսմիթները

«Կադրային հեղափոխությունը չի նշանակում, որ գերանդին պետք է վերցնենք ու բոլորին հնձենք»:

«Կախարդական փայտիկի հետ ամեն ինչ լավ է, և այն իր գործը կատարելու է»:

«Իրավապահ մարմինների ներկայացուցիչները երբեմն հարցնում են՝ չի լինի՞ կիրակի օրվա 2-րդ կեսին կոռուպցիայի դեմ չպայքարենք»:

Օրվա չորքոտանիները

Թավշյա հեղափոխությանը մասնակցած հայտնի շնիկ Չալոն տեղափոխվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատուն: Իսկ Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրը՝ Նոբելը, սատկել է:

 

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝