«Ժողովրդավարություն՝ հայկական ձեւով». միջազգային պարբերականները՝ 20 դոլարով ձայների վաճառքի մասին

kasharq

ԳԱԼԱ-ի հարցազրույցը փորձագետ Արսեն Խառատյանի հետ

-Պարոն Խառատյան, ձեր ընդհանուր բնութագրումը, ինչպիսի՞ն էին ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն, ըստ Ձեզ:

-Ցավով պետք է արձանագրենք, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունները մեր ժողովրդին նվաստացնելու հերթական օրինակը դարձավ: Երբ աղքատության ու հուսահատության մեջ թաղված Հայաստանի քաղաքացիների մեծ մասի ձայնը հնարավոր եղավ փողով գնել: Զուգահեռաբար, արձանագրվեց մեր ընտրական պատմության մեջ խոշորագույն սկանդալային բացահայտումը վարչական ռեսուրսի կիրառության վերաբերյալ, ինչն իրավական պետությունում բավարար հիմք կլիներ ընտրությունները չեղյալ համարելու համար:

-Անցողիկ շեմը կարողացավ հաղթահարել չորս քաղաքական ուժ, ՀՀԿ-ն դարձյալ առաջատարն էր: Ի՞նչ գործոններ են նպաստել, ըստ Ձեզ, ՀՀԿ «հաղթանակի» համար:

Արսեն Խառատյան

Արսեն Խառատյան

-Այս ընտրություններում ՀՀԿ-ն մի քանի հենասյուն է ունեցել՝ ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը, բանակն ու թաղային հեղինակությունը: Ուշագրավ է, սակայն, որ վերջինը, այսինքն հանցավոր էլեմենտները, այս խորհրդարանական ընտրություններին կամ պասիվ էին, կամ նրանց ընդհանրապես արգելվել էր խառնվել: Այսպես, չլսեցինք Մհեր Սեդրակյանի, Ռուբեն Հայրապետյանի կամ Սուրիկ Խաչատրյանի անունները: Միաժամանակ, նրանք ներկայանում էին քաղաքական անցյալ չունեցող Կարեն Կարապետյանի «սիմպածիչնի» դեմքով, առաջին տասնյակում էին երիտ կամ նորաթուխ ՀՀԿ-ականները, իսկ Սերժ Սարգսյանն ու ԱՄԿ-ՀՀԿ-ն կարծես ընդհանրապես գոյություն չունեին: Այս վերջին հանգամանքն իր հերթին գուցե նպաստել է սակավաթիվ մոլորյալների՝ ՀՀԿ-ին ինքնակամ ձայն տալու հարցում:

-Պարոն Խառատյան, 1995թ.-ից ՀՀԿ-ն ընտրությունների է մասնակցում, 2003թ.-ից միայնակ է ընդգրկվել ընտրապայքարում: Ամեն ընտրական գործընթացում ՀՀԿ տոկոսները դինամիկ աճ են արձանագրել: Սա այն դեպքում, երբ ՀՀ-ում աճել է նաեւ արտագաղթը, աղքատության ցուցանիշը: Ինչո՞վ է սա բացատրվում:

-Պետք է արձանագրենք, որ այս 15 տարիների ընթացքում ՀՀԿ-ն, ըստ էության, կուսակցականացրել է երկրի պետական համակարգի մեծ մասը: Սկսած գյուղապետերից, մինչեւ դպրոց-մանկապարտեզների տնօրեններ, պետական կառավարման համակարգի ամենատարբեր օղակներ: Վարչական այսպիսի ռեսուրսների տնօրինման պայմաններում հենց իրենց կողմից է տնօրինվում ինչպես պոտենցիալ ընտրողների վերաբերյալ տեղեկատվությունը, այնպես նաեւ ընտրական գործընթացը: Սրան գումարենք հեռուստաեթերի տոտալ վերահսկելիությունն ու բիզնես մենաշնորհները, ստանում ենք այն, ինչ ունենք:

-Պարոն Խառատյան, ընտրակաշառքն ի՞նչ դեր ունեցավ այս ընտրություններում:

-Ցավով պիտի արձանագրենք, որ էական: Այս հարցում մեղքի մեծ մասը հենց իշխող վարչակարգինն է, քանի որ մեր ժողովրդին այսպիսի թշվառության հասցնելու ողջ պատասխանատվությունն իրենցն է: 10 հազար դրամով ձայնը վաճառող, տանը սոված երեխա ունեցող քաղաքացուն մեղադրելը դժվար է շատ: Այս ամենով, սակայն, հսկայական հարված է հասցվում Հայաստանի ու Հայաստանի ժողովրդի միջազգային վարկին: «Ժողովրդավարությունը հայկական ձեւով» վերնագրեր ենք տեսնում միջազգային պարբերականներում, որտեղ պատմվում է, թե ինչպես են 20 դոլարով ձայն վաճառում հայերը, իսկ միջազգային դիտորդների ու դիվանագիտական առաքելությունների շրջանում ընտրակաշառքն այլեւս հայկական ժողովրդավարության ընդունելի տարբերակ է դարձել:

- Խորհրդարանական այս ընտրություններից հետո երկրում կգրանցվե՞ն արդյոք փոփոխություններ:

-Այս ընտրություններից հետո հնարավոր փոփոխությունների հույս ինչպես ես, այնպես նաեւ ինձ ծանոթ ու անծանոթ մարդկանց մի մեծ մաս կապում է «Ելք» դաշինքի հետ: Երիտասարդ, կիրթ եւ արժեքային այլ տարածքից եկող այս ուժը ստացել է 120 հազարից ավելի քաղաքացու ձայն, եւ մեծ հույս ունեմ, որ իրենց տրված վստահության այս քվեն օգտագործելով խորհրդարանում՝ օր ու արեւ չի տալու ՀՀԿ-ին, ապահովելու է շարունակական հետադարձ կապն ընտրողի հետ, ակտիվ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալու:

- ՀՀԿ-ն իշխանություն կկազմի միանձնյա՞, թե՞ ամեն դեպքում ՀՀԿ-ն կոալիցիա կկազմի:

-Այս պահին ՀՀԿ-ն նման անհրաժեշտություն չունի, քանի որ ԱԺ-ում իր ունեցած թվաքանակով կարող է միակուսակցական կառավարում իրականացնել: Կարծում եմ, սակայն, որ պատասխանատվություն կիսելու խնդիր ունի, ուստի մեծ է հավանականությունը, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիան շարունակական կլինի:

- Պարոն Խառատյան, ըստ Ձեզ, նոր կառավարման համակարգում որտե՞ղ կլինի Ս. Սարգսյանը:

-Որ կուսակցության ղեկավարի պաշտոնում մնալ նախատեսում է, այդ մասին ինքն է ասել: Առաջիկա տարվա ընթացքում պարզ կդառնա՝ արդյո՞ք վարչապետ դառնալու մտադրություն ունի, թե ոչ: Ամեն դեպքում, ամեն ինչ խոսում է այն մասին, որ քաղաքականությունից հեռանալ չի պատրաստվում, ապրենք կտեսնենք:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Դիտվել է՝