Շուրջ 20 փաստաբան կպաշտպանի Դ. Իոաննիսյանին 30 տնօրեններից

Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը և նրա ղեկավար Դանիել Իոաննիսյանին աջակցելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների թիվը հասնում է շուրջ երկու տասնյակի: Ավելի քան 20 փաստաբան և իրավապաշտպան դիմել են Դանիել Իոաննիսյանին՝ տեղեկացնելով, որ պատրաստ են դատարանում անվճար պաշտպանել կազմակերպության շահերը 30 տնօրեններից, ովքեր հայց են ներկայացրել դատարան:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայանալիք համապետական ընտրությունների նախաշեմին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակեց «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» վերտառությամբ հոդված, որում Հայաստանի 136 դպրոցներից և մանկապարտեզներից 114-ի տնօրենները խոստովանում են, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ներկայացրեց նաև տնօրենների հետ ունեցած զրույցների ձայնագրությունները:

Ընտրությունների ավարտից հետո հանրակրթական դպրոցների և նախակրթարանների 30 տնօրեններ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության: Նրանք գտնում են, որ իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորվել է, ուստի պահանջում են, որ կազմակերպության անունից ներողություն հայցեն և, բացի այդ, իրենցից յուրաքանչյուրին երկուական միլիոն դրամ փոխհատուցեն:

Տարբեր հասարակական կազմակերպություններ ու իրավապաշտպաններ հայտարարեցին, որ 30 դպրոցների տնօրենների հայցը նպատակ ունի ահաբեկել իշխանությունների թույլ տված ապօրինությունների բացահայտմամբ զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Իրականում այդ կազմակերպության կատարած սկանդալային բացահայտման մեջ ոչ մի քրեական արարք չկա: Իրավապաշտպանների գնահատմամբ ՀԿ-ի արածը պարզապես հայտնի լրագրողական հնարք է՝ բացահայտելու համար իրականությունը:

Ինքը՝ ՀԿ ղեկավար Դ. Իոաննիսյանը, կարծում է, որ իրականում իր և իր ղեկավարած կազմակերպության դեմ դատական հայց ներկայացրել են ոչ թե տնօրենները, այլ իշխանությունները.

«Արդյոք այդ մարդիկ շահագրգռված են դիմել դատարան, չեմ կարծում: Ինչո՞ւ, որովհետև հերթական անգամ իրենց անունը շահարկվում է, ինչը ցանկալի չէ այդ անձանց համար: Պատկերացրեք՝ դատարան հայց է ներկայացվում, այդ մարդկանց մասին անընդհատ խոսելու են, ձայնագրություններ են լսելու, այդ մարդիկ գալու են դատարան, իհարկե, սա չի կարող հաճելի լինել, իհարկե, այդ մարդիկ շահագրգռված չեն»,- կարծում է Իոաննիսյանը, միևնույն ժամանակ հայտարարում, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի շահերը պաշտպանելու համար տարբեր անհատներ ու կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել:

«Զանգել են, դիմել են գրավոր, հայտնել են պատրաստակամություն անվճար մեր շահերը ներկայացնելու, ինչի համար շնորհակալ ենք»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝