20 կամ 200 տարի հետո ի՞նչ կգրվի պատմության դասագրքերում՝ ճի՞շտ էր Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ

levon ter petrosyan

Լևոն Տեր-Պետրոսյանն այն պետական-քաղաքական գործիչներից է, որին կարելի է սիրել, կարելի է ատել, որին կարելի է փառաբանել կամ պիտակավորել, ինչն արվում է Հայաստանում, Արցախում և սփյուռքում: Այս կարծիքին է լրագրող Թաթուլ Հակոբյանը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նա անդրադարձավ ՀԱԿ համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

-Պարոն Հակոբյան, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ունեցած իր ելույթում վերահաստատեց ղարաբաղյան խնդրի կարգավորման տարիներ առաջ իր առաջարկած տարբերակի անխուսափելիությունը: Նա հայտարարեց. «Այլ տարբերակ չկա, 18 տարի առաջ ասում էիք՝ կա, կա՞, ցույց տվեք: Չկա, այն, ինչ այսօր դրված է սեղանին, նույն առաջարկը, ինչ 97 թ.-ին, որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու և վերջնական կարգավիճակի հարցն ապագային թողնելու՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայում: Սա է, ուրիշ բան չկա, ուրիշ հեքիաթի չհավատաք»: Ո՞րն է Ձեր կարծիքը Տեր-Պետրոսյանի այս շեշտադրման վերաբերյալ:

-Լևոն Տեր-Պետրոսյանը հետևողական է իր տեսակետներն առաջ տանելու հարցում և հետևողական է իր համոզմունքների մեջ: Նրա այսօրվա ելույթը, որը կրկին խորքային ելույթ էր, կրկին արժանանալու է ամենախիստ քննադատությունների, բայց մյուս կողմից ցույց է տալիս, որ նա հավատում է ղարաբաղյան կարգավորման այն տեսլականին, այն տարբերակին, որը նա ուզում էր բերել Հայաստանին և Արցախին որպես լուծում 1997 թվականին, որը նաև պատճառ էր, կամ պատճառներից մեկը հրաժարականի՝ հենց նրա ղարաբաղյան քաղաքականությունն էր:

Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյան

Այսինքն, Լևոն Տեր-Պետրոսյանն այս հարցում այլևս կարող ենք ասել, որ չի կարող փոխվել: Նա կրկնում է այն, ինչ կրկնել է 1993, 1997 թվականներին և այսօր: Սա կարող ենք արձանագրել: Ելույթը բավականին ծավալուն էր, որում անդրադարձավ բազմաթիվ կարևորագույն խնդիրների, որոնց շատ քաղաքական-պետական գործիչներ չեն անդրադառնում: Ընդհանրապես, եթե ես համեմատելու լինեմ այլ ելույթների հետ, ի տարբերություն շատ այլ քաղաքական-պետական գործիչների, Լևոն Տեր-Պետրոսյանը չի խուսափում ամենացավալի հարցերին անդրադառնալ, որոնք այսօր կանգնած են Հայաստանի պետականության առաջ և այսօր սպառնալիք են Հայաստանի պետականությանը: Դրանք են՝ արտագաղթը, կոռուպցիան, հարևանների հետ ստեղծված այս վիճակը: Օրինակ, ես համեմատեմ Սերժ Սարգսյանի՝ մշակույթի գործիչների հետ հանդիպման հետ, որն, իհարկե, ձևաչափով այլ հանդիպում էր, բայց նկատելի էր, որ այնտեղ տիրում էր շատ ավելի դրական մթնոլորտ, կարևորագույն հարցերից խուսափելու ցանկություն, որոնք կանգնած են որպես սպառնալիք Հայաստանի առաջ: Ի դեպ, Տեր-Պետրոսյանը կարողանում է վեր կանգնել այդ պոպուլիզմից և իրականությանը նայել այնպես, ինչպես որ կա:

Կրկնում եմ, այսօրվա ելույթն առաջիկայում լինելու է ամենաշատ քննադատված, ամենաշատ քննարկված, ամենաշատը մեջբերված ելույթը:

-Ի՞նչ եք կարծում, Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները, որ արել էր 97-ին, այս ընթացքում հաստատվե՞լ են, որ իսկապես չկա այլ տարբերակ:

-Դա մի հարց է, որի պատասխանը մենք չենք կարող վերջնականապես տալ, քանի դեռ որևիցե լուծում չի եղել: Տարբեր առիթներով էլի եմ ասել, որ եթե 20 տարի կամ 200 տարի հետո հայ ժողովուրդը կարողացավ Ղարաբաղի հարցում ունենալ այնպիսի մի լուծում, որը կհաստատի այսօրվա ստատուս-քվոն, այսինքն, մենք որևէ բան չենք զիջել, այդ դեպքում պատմության ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին հավանաբար կգրեն, որ, ցավոք, նա մի նախագահ էր, ով հայ ժողովրդին մղում էր ցավալի փոխզիջումների, որ տեսնո՞ւմ եք՝ մենք ոչինչ չզիջեցինք: Սա 20 կամ 200 տարի հետո, երբ որ մենք չենք լինի: Բայց նաև մենք պետք է հիշենք, որ կարող է լինել մի իրավիճակ, երբ որ մենք շատ ավելի բան կորցրած կլինենք Ղարաբաղում, քան այն, ինչն առաջարկում էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ ժամանակ արդեն դասագրքերում կգրվի՝ բայց մենք ի՜նչ սխալ գործեցինք՝ ականջալուր չլինելով Լևոն Տեր-Պետրոսյանին, ով ասում էր՝ պետք է հաղթածի մի մասը զիջել, որպեսզի մյուս մասը կարողանաս պահել: Քանի դեռ լուծում չկա, շատ դժվար է տալ գնահատական՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ճի՞շտ է, թե՞ սխալ: Մի քանի բան, այնուամենայնիվ, կարելի է ասել, որ Հայաստանից արտագաղթը ցավալիորեն շարունակվում է, և դա Հայաստանի ամենամեծ սպառնալիքն է, և արտագաղթի հիմնական պատճառներից մեկն այն իրավիճակն է, որը ստեղծվել է Հայաստանում՝ Ղարաբաղի չլուծված հակամարտությունը, հարևանների հետ այս իրավիճակը, որն ունենք: Սա է իրականությունը:

Եվս մեկ բան ակնհայտ է Լևոն Տեր-Պետրոսյանի ասածից, որ իրականություն է դառնում: Այն լուծումը, որն ինքը պաշտպանում էր 97 թվականին, այսօր բանակցությունների սեղանին դրված է ճիշտ նույն տարբերակը: Այսինքն, այստեղ նա ճիշտ է ասում: Մի տարբերություն կա, որ 97 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը կողմնակից էր այդ լուծմանը՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց Ադրբեջանին տարածքներ վերադարձնելը, մյուս կողմից՝ մենք չգիտենք, թե այսօրվա իշխանություններն ինչ դիրքորոշում ունեն այն առաջարկին, որը դրված է սեղանին:

-Եթե ուզում ենք պահել ունեցածը, ուրեմն պետք է կարողանանք ձևավորել լեգիտիմ իշխանություն: Հակառակ պարագայում, արդյոք նման որակներով իշխանությունն ունակ կլինի արտաքին քաղաքական դաշտում ճիշտ խաղալ: Այսինքն, եթե մենք գնալով թուլանում ենք, ապա այո, կարծես թե չի նշմարվում այլընտրանքը՝ շատ ցավալի կորուստների:

-Կարևոր պահերից է, բայց դու կարող ես ունենալ ամենալեգիտիմ իշխանությունը, բայց հաջորդ պատերազմի ժամանակ պարտություն կրել: Մյուս կողմից՝ դու կարող ես ունենալ ոչ լեգիտիմ իշխանություն, բայց մյուս պատերազմի ժամանակ պարտություն չկրել: Լեգիտիմությունը չափազանց կարևոր է, բայց լեգիտիմությունը չպետք է դարձնել որպես ամեն ինչի փրկության դեղամիջոց, բալասան: Հարցն այդպես չպետք է դնել: Իհարկե, շատ կարևոր է լեգիտիմությունը, մյուս կողմից ո՞վ է ասում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 1997 թվականին, որ գնում էր ցավալի փոխզիջումների, լեգիտիմություն ուներ: Ինքն այդ ժամանակ ուներ լեգիտիմության բավականին մեծ դեֆիցիտ: Լեգիտիմությունը չպետք է դարձնել որպես բացարձակ արժեք: Մենք կարող ենք պատմությունից բերել օրինակներ, երբ որ ոչ լեգիտիմ իշխանությունները կարողացել են հաղթել պատերազմում, և հակառակը: Բայց, իհարկե, միանշանակ է, որ միշտ էլ լեգիտիմ իշխանությունն ավելի ուժեղ դիրքերից է կարողանում խոսել, որովհետև լեգիտիմ իշխանությունն իր հետևում զգում է իր ժողովրդի շնչառությունը, իր ժողովրդի ցանկությունները, իղձերն ու մտահոգությունները: Ոչ լեգիտիմ իշխանությունները դա զգում են Մոսկվայից, այլ երկրների մայրաքաղաքներից՝ նույնքան ոչ ժողովրդավարական, ավտորիտար առաջնորդներից: Այստեղ, իհարկե, մեծ տարբերություն կա:

-Պարոն Հակոբյան, իսկ որո՞նք էին Տեր-Պետրոսյանի հիմնական ուղերձները:

-Լևոն Տեր-Պետրոսյանի այս մեկ ժամանոց ելույթում կային մի շարք, կարմիր թելի նման գնացող ուղերձներ, որոնք արժե, որ քննարկումների նյութ դառնան: Առաջինը, որ նա անուղղակի կերպով, գուցե նաև ուղղակի, Սերժ Սարգսյանին ասաց, որ Ղարաբաղի հարցում պետք է գնալ ցավալի փոխզիջումների: Սա, իմ կարծիքով, նրա ելույթի կարևորագույն ուղերձներից մեկն էր՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Ճիշտ է, մի կողմից նա անխնա կերպով քննադատեց ռեժիմին և կոալիցիոն կառավարությանը, նա ՀՀԿ-ին անվանեց աղետ հայ ժողովրդի գլխին, բայց մյուս կողմից նա հստակ ուղերձ հղեց Սերժ Սարգսյանին:

-Իսկ գուցե այս հարցում իր ծառայություննե՞րը մատուցեց Սերժ Սարգսյանին:

-Ես կարծում եմ, որ, այդուամենայնիվ, Լևոն Տեր-Պետրոսյանն այն քաղաքական, պետական գործիչը չէ, որ ծառայություն մատուցելու դիմաց ակնկալի մեկ կամ մի քանի տեղ խորհրդարանում: Ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի ապագայի հետ կապված խորը մտահոգություններ ունեցող պետական-քաղաքական գործիչ է:

Վերադառնալով նրա ուղերձներին՝ ես կարող եմ ասել, որ նա հստակ ուղերձ հղեց իշխանություններին, որ ազգ-բանակ քաղաքականությունը, որը դուք որդեգրել եք, շատ վտանգավոր է, և ինքը փորձեց նաև օրինակներով ցույց տալ, թե ինչպես է եղել ազգ-բանակ պետության օրինակները համաշխարհային պատմության մեջ: Հավանաբար այս հարցում իշխանությունների կողմից կլինի համապատասխան արձագանք: Ակնհայտ էր նաև նրա հետևյալ ուղերձը, որ պետք չէ ակնկալել սփյուռքից հրաշքներ:

Նա ոչ թե նվաստացրեց սփյուռքին, այլ ասաց, որ այսպիսին են սփյուռքի կարողությունները՝ հաշվի առնելով, որ ինչու պետք է սփյուռքն օգնի Հայաստանին, երբ որ ինքը՝ սփյուռքը, տեսնում է, որ նույն իշխանությունները թալանում են սեփական ժողովրդին: Իհարկե, նա բավականին անուղղակի կերպով կոշտ քննադատության ենթարկեց կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ին և Ռոբերտ Քոչարյանին՝ հիշեցնելով նրա որսի մեկնելն Աֆրիկա:

Եվ եվս մի շատ կարևոր ուղերձ էր նրա այն խոսքը, որ 1998 թվականից հետո՝ իրեն իշխանությունից հեռացնելուց հետո, այն փիլիսոփայությունը, որ որդեգրեցին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարությունները, այսինքն՝ Հայաստանը կարող է զարգանալ շրջափակման պայմաններում, այդ պնդումն իրականություն չդարձավ, և Հայաստանը չի կարող թշնամական հարևաններով շրջափակման պայմաններում հասնել հաջողությունների: Սրանք էին հիմնականում նրա ուղերձները: Որպես ամփոփում դրա համար էր, որ նա իր ղեկավարած ուժի՝ ՀԱԿ-ի համար 2017թ. ապրիլյան ընտրություններին առաջարկեց ընտրել «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանը:

 Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝