Ի՞նչ պետք է անի հարստահարված բանական մարդը, ով տեսել է 20 տարվա ընտրակեղծարարություն, ընդդիմության 20 տարվա իմպոտենտություն եւ…

ննն

ԳԱԼԱ-ն ներքաղաքական զարգացումների, առաջիկա ընտրությունների վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ:

- Պարոն Սարոյան, ժամանակ անց տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները: Ի՞նչ եք կարծում, քաղաքացին կկարողանա՞ դառնալ գործոն, որոշում կայացնող, կկարողանա՞ ապացուցել, որ ունակ է իրենից խլված իշխանությունը վերադարձնելու:

-Չեմ կարծում, թե քաղաքացին երբեւէ ինչ-որ իշխանություն է ունեցել ու հիմա խնդիր ունի այն վերադարձնելու։ Դա սխալ ձեւակերպված օրակարգ է։ Հայաստանում ընտրությունները մշտապես կեղծվել են, իսկ այն օրենքները, որոնցով անց են կացվել ընտրությունները, գրել են քաղաքական այն շրջանակները, որոնք խնդիր են ունեցել կեղծել եւ տիրանալ վարչական լծակներին։ Այդ միջոցառմանը ժողովրդի մասնակցությունն ապահովելու համար նույն այդ հանցավոր շրջանակները խնդիր են ունեցել ընտրությունների իմիտացիա ստեղծել։ Հիմա նույն բանն է կատարվում, երկրի կառավարման լծակներին տիրացած մարդիկ կեղծիքներով անց են կացրել իրենց Սահմանադրությունը, գրել են իրենց հարմար օրենքներն ու դրանց շրջանակում հրավիրում են քաղաքացիներին մասնակցել այդ ֆարսին։

Այո՛, Հայաստանում քաղաքացիների կողմից որոշակի ունակություններ ձեռք բերելու հիմնախնդիր կա, բայց երբ սխալ է ձեւակերպված նպատակը, ապա ունակ լինելով ինչ-որ ներգործություն ունենալ քաղաքական գործընթացում, միեւնույնն է, ժողովուրդը վերջնարդյունքում կստանա նույն վիճակը, միայն առանձին դեմքերի փոփոխություն կլինի։ Մենք հիմա ոչ ունակ քաղաքացի ունենք եւ ոչ էլ ճիշտ ձեւակերպված նպատակը։

-Նշում եք, որ նպատակը ճիշտ ձեւակերպված չէ, քաղաքացին էլ ունակ չէ: Ինչի՞ց սկսել, իրավիճակը փակուղային է թվում: Հիմա պետք է սկսել նպատակի ձեւակերպումի՞ց, թե ինչի ենք ուզում հասնել, որը կմոտիվացնի քաղաքացուն, կդարձնի, այսպես ասած, ունակ, թե՞ նախ պետք է կրթել քաղաքացուն:

Սարո Սարոյան

Սարո Սարոյան

- Քաղաքացուն կրթել միշտ է պետք։ Ցանկացած պետություն իր ապագան կառուցում է հենց այդպես։ Մարդիկ պետք է գիտելիք ու փորձ ձեռք բերեն մշտապես, վերափոխեն իրենց ժամանակավրեպ հայացքները, քայլեն նորին ու առաջադեմին համընթաց։ Նրանց վարքը սոցիալական պետք է լինի, իսկ մտածողությունը՝ չքարացած։ Բայց այդ ամենն ընդհանրական կապ ունի իմ ասածի հետ։ Մարդու զարգանալու հետ մեկտեղ նա իր առաջ նաեւ որոշակի նպատակներ է դնում։ Հիմա այս դեպքում հայ մարդը քաղաքական էակ պետք է դառնա։

Երբ իրեն առանձին կուսակցություններ կամ մի ամբողջ հանցավոր վարչախումբ գործիք է դարձնում ընտրական ֆարսում, հենց այդտեղ է, որ քաղաքացին պետք է նպատակ դնի դառնալ քաղաքական սուբյեկտ։ Ի՞նչ են ասում հիմա կուսակցությունները, այդ թվում՝ հանցավոր։ Ասում են՝ եկեք մասնակցեք մի միջոցառմանը, ձեր ձայնը տվեք մեզ, եւ մենք տեր կկանգնենք ձեր ձայներին, ու ձեզ լավ կլինի։ Եվ ի՞նչ եք կարծում, բանական մարդը, ով տեսել է քսան տարվա ընտրակեղծարարություն, ընդդիմության քսան տարվա իմպոտենտություն, խոստումների շարան բոլորի կողմից ու դրա դիմաց իրեն բաժին ընկնող չքավորություն ու հարստահարում, հիմա իրավունք ունի իր իրավունքները վերալիազորել ինչ-որ կուսակցության, քանի որ նա խոստանում է ինչ-որ սարեր։ Դա քաղաքական վարք չէ։ Քաղաքական վարքը նա է, երբ քաղաքացին կամ իր կամքի շնորհիվ դրական (օրենսդրական) իրավունքներն է հաստատում՝ տեր է դառնում երկրին, կամ իր վարքով չի թողնում, որ իր առաջնային բնական իրավունքը՝ ազատ մարդ լինելու իրավունքը, ոտնահարվի։ Ազատ մարդու առաջնային հատկանիշն արժանապատվությունն է։ Եթե ես մի պտուտակ պետք է լինեմ ընտրական մի գործընթացում, որի արդյունքում եւս հինգ կամ տասը տարի պետք է ինձ հարստահարեն ու նսեմացնեն, ապա իմ քաղաքական վարքը կամ դա փոխելն է կոնկրետ ձեւերով, կամ այդ ֆարսին չմասնակցելը՝ չկորցնելու համար սեփական արժանապատվությունն ու ծննդով ինձ բաժին հասած մարդկային ազատությունը։

-Իշխանությունները նախորդ տարի երկխոսության նստեցին ընդդիմության որոշ ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, եւ ընդհանուր համաձայնությամբ փոփոխություններ եղան ընտրական օրենսգրքում: Հիմա արդեն իշխանությունները պնդում են՝ արեցինք եւ անելու ենք ամեն ինչ՝ ընտրությունները նորմալ անցկացնելու համար: Ի՞նչ եք կարծում, եթե ոչ մասսայական կեղծիքներով, ապա ինչի՞ վրա են հույս դրել իշխանությունները, արդյոք այս անգամ «տոկոսներ ապահովելու» հիմնական տարբերակը ռեյտինգային քվեարկությունն է լինելու:

-Գիտե՛ք, ինձ տվյալ իրավիճակում վարչախմբի կիրառած տեխնոլոգիական լուծումները չեն հետաքրքրում։ Հայաստանում չի գտնվի մի մարդ, ով կհավատա, որ գործող վարչախումբն ընտրական գործընթացի ժամանակ այլեւս չի ցանկանում կեղծիքների դիմել։ Բոլորն էլ գիտեն, որ վարչախումբը լավ սքողված ինչ-որ նոր կեղծիքների, այնուամենայնիվ, դիմելու է, ընտրողների կամարտահայտության վրա մինչ ընտրությունների օրն այս կամ այն կերպ ազդելու է։ Անգամ ձեր հարցը ցուցանում է, որ դուք, որպես լրագրողական հանրության ներկայացուցիչ, չեք հավատում, որ կեղծիքներ չեն լինելու։ Եթե կա կեղծիքների դիմելու հակվածություն, ընտրական գործընթացը վերահսկելու բավարար ներուժ, եթե կան տարիների ընթացքում մշակված մեխանիզմներ ու լծակներ, ապա վարչախմբի համար իր համար ցանկալի արդյունքների ամրագրումն այդքան բարդ գործ չէ։ Մի կասկածեք, երբ անցանկալի արդյունքների վտանգ ծագի, վարչախումբը կդիմի անթաքույց կեղծիքների կամ, անգամ, բիրտ ուժի։

-Եթե քաղաքական մյուս ուժերն էլ մասնակցում են գործընթացին, որը ֆարս եք անվանում, ապա ո՞րն է ճիշտ ճանապարհը, բոյկո՞տը, որ առհասարակ չլեգիտիմացնեն իշխանությունների խաղի կանոնները: Այս հարցում ի՞նչ անելիք ունի քաղաքացին:

– Քաղաքացին շյուղ առ շյուղ իր քաղաքական վարքը կառուցելու խնդիր ունի։ Նվազագույնը, որ նա կարող է անել, ընտրական ֆարսին չմասնակցելն է։ Դա վերաբերմունք է, որով յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն կարող է վստահ ասել, որ ինքն արժանապատվություն ունի ու ազատ է գոնե այդ որոշումը կայացնելու գործում։ Սակայն պետություն կառուցելու գործում դա շատ քիչ է։ Բոլոր ազատ մարդիկ ի վերջո պետք է հասկանան, որ հանրապետությունը քաղաքացիների այն միավորումն է, ովքեր պատասխանատվություն են վերցնում համատեղ ուժերով իրենց համակեցությունը կազմակերպել այնպես, որպեսզի մաքսիմալ անվտանգ ու ապահով լինեն։

Հարց է առաջանում, որ երբ հակահանրային տարրեր կամ արտաքին այլ սուբյեկտներ չեն թողնում այդ համակեցությունը կազմակերպել՝ ի՞նչ անել։ Մարդկության պատմությունը մի պատասխան գիտի դրան՝ պատասխանատվության կանչել ու պատժել։ Մեր ազգն արտաքին թշնամուն պատժելու գործում շատ ունակ է, եւ պատիվ է բերում դա մեզ։ Բայց մենք այդպես էլ չենք կարողանում ընկալել, որ պետություն կառուցելու գործում դա շատ քիչ է։ Հիմա հարց կարող է տրվել՝ ինչպե՞ս պատժես հակահանրային տարրերին, որոնք խաթարում են մեր հանրության բնականոն կյանքը, պարբերաբար տիրում են վարչական լծակներին ու յուրացնում են կառավարման համակարգը։ Ահա այստեղ է, որ պատժի մեխանիզմների հարցն է ի հայտ գալիս։ Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է պարտավոր գտնել այդ հարցերի պատասխանն ու որոշում կայացնել։ Ասենք, մեկը կարող է որոշում կայացնել՝ ֆիզիկապես պատժել հանցավոր հակահանրային տարրին, իսկ իմ որոշումը լինի միանալ նրան կամ աջակցել նրան ինչ-որ ձեւերով կամ միջոցներով։ Դա իմ լուծումը եւ իմ որոշումը կլինի։ Եվ դա քաղաքական վարք կլինի։

Մեծ հաշվով մարդիկ վաղուց գտել են ընտրական ֆարսի չեզոքացման ու դրա ետեւում կանգնած մարդկանց պատժի բանաձեւը։ Միջազգային փորձը լավ օրինակներ ունի այդ կապակցությամբ։ Դա ընտրական կեղծ գործընթացի պարալիզացումն ու տապալումն է։ Հիմա յուրաքանչյուր քաղաքացի անհատապես կարող է պարալիզացնել նման ֆարսը։ Անցած ընտրություններում մեզ մոտ գտնվեցին քաղաքացիներ, ովքեր մտնելով ընտրատեղամաս, ցուցակներում ջնջեցին իրենց անունները եւ դուրս եկան տեղամասից, այդպես էլ չընտրելով ոչ մեկի։ Թաիլանդում, օրինակ, քաղաքացիները տարիներ շարունակ չեն թողնում, որ ընտրություններն ընդհանրապես կայանան։ Երբեմն մարդկանց թվում է, որ ընտրական գործընթացի պարալիզացումն ու տապալումն ինչ-որ մի մեծ ջանք է պահանջում։ Բայց չգիտես որտեղից ի հայտ է գալիս մի գաղափար, ըստ որի այս ամենը մարդկանց քաղաքացիական ակտիվ քայլով կարելի է սրբել-մաքրել, ու ամեն գործ շատ ավելի հեշտ ու արդյունավետ է դառնում։ Չմոռանանք, որ սատանան այնքան վախենալու չէ, որքան մենք ենք պատկերացնում։ Բայց դա այն դեպքում, երբ արժանապատվություն ունեցող ազատ մարդ ենք մենք մնում։

 

Հարցազրույցը՝ Արմենուհի Վարդանյանի

Դիտվել է՝