Պ. Սվիտալսկին Գյումրիում հայտարարեց 2,9 մլն եվրո բյուջեով դրամաշնորհի մեկնարկի մասին

despan

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին Գյումրիում ՀԿ սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց 2,9 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհի մեկնարկի մասին: Ինչպես դեսպանը նշեց, նպատակն է խթանել Հայաստանում ուժեղ հասարակության ձևավորմանը՝ տեղական մակարդակում դյուրացնելով քաղհասարակության ու տեղական իշխանությունների մասնակցությունը աղքատության նվազեցման և կայուն զարգացման գործընթացում: Բացի այդ, ծրագիրը կնպաստի տնտեսական մրցակցության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու մարզերում արտագաղթի միտումների նվազեցմանը:

«Մենք հավատում ենք, որ այն կարող է բաժանվել ավելի փոքր ծրագրերի 300-600 հազար եվրո արժեքով, հետևաբար, ի վերջո, մենք կարող ենք ունենալ 5-10 շահող: Եվրամիությունը լրջորեն հետամուտ է աջակցել տեղական համայնքներին, օգնել այն մարդկանց, ովքեր ապրում են մարզերում, որտեղ հնարավորությունները սահմանափակ են, բայց ներուժ կա: Ծրագիրը կարող է վերաբերվել տեղական ներուժի գովազդմանը, ես կարծում եմ, որ Շիրակի մարզն ունի մի շարք գրավիչ վայրեր, և սա հատկապես զբոսաշրջային ներուժի տեսանկյունից դեռևս չհետազոտված մարզ է, և մենք հուսով ենք, որ համայնքապետարանները կկարողանան մշակել լավ առաջարկներ, որոնք նպատակ կունենան առաջ մղելու զբոսաշրջությունը»,-նշեց դեսպանը:

Ընդհանուր առմամբ ներկայացվեց, որ հայտամրցույթի նպատակն է սպորտի, մշակույթի, կրթության ու զբոսաշրջության ոլորտների զարգացման միջոցով նպաստել տեղական համայնքների զարգացմանը, ուստի քաղհասարակության ներկայացուցիչներից նման ծրագրային առաջարկների են սպասում:

Ասուլիսի ընթացքում Պյոտր Սվիտալսկին անդրադարձավ նաև ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրություններին: Նշեց, որ Եվրամիությունն արդեն արտահայտել է իր դիրքորոշումն ընտրությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է իր տեսակետին, ապա ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծեց, թե ընտրությունները ցույց տվեցին, որ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված ծրագիրը հաջողված կարելի է համարել:

Սակայն միաժամանակ Պյոտր Սվիտալսկին անդրադարձավ նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաև դիտորդական խմբերի ներկայացուցիչների կողմից արված բարձրաձայնումներին՝ տարբեր ընտրախախտումների ու մասնավորապես ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ:

Դեսպանը կարևորեց հետընտրական շրջանը բոլոր այդ բարձրաձայնումներն ուսումնասիրելու, վերլուծելու և վերջնական տեսակետ հայտնելու համար: Ըստ նրա՝ ընտրությունների վերաբերյալ ԵՄ վերջնական եզրակացությունը կհրապարակվի ավելի ուշ, երբ վերջնական զեկույց կներկայացնի նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝