2.6 տոկոս գնաճը վատ ցուցանիշ չէ. Վահրամ Բաղդասարյան

vahram-baxdasaryan

ԱԺ ճեպազրույցի ժամին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է: Ըստ Բաղդասարյանի՝ ՀՀԿ կողմից հարկային դաշտում արհեստական քաղաքականություն չի իրականացվելու ոչ նախընտրական, ոչ էլ հետընտրական շրջանում, և ՀՀԿ-ն այդ մասին հայտարարել է դեռ 2 տարի առաջ:

«Մենք անընդհատ խոսում ենք այն մասին՝ ինչպես անենք, որպեսզի կարողանանք արտաքին պարտքը մարելուն զուգահեռ բարձրացնել թոշակները և աշխատավարձերը: Իսկ հարկերն իջեցնելով, ինչպես պահանջում են մեր որոշ գործընկերներ, նման քաղաքականություն իրականացնել հնարավոր չէ»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:

Բաղդասարյանը հայտարարեց նաև, որ հունվարի 23-ին կազմակերպում են լայնածավալ խորհրդարանական լսումներ, որպեսզի պատասխանեն հանրությանը հուզող հարցերին:

«Եթե լսումների արդյունքում պարզվի, որ որոշ ապրանքներ արհեստականորեն են թանկացել, ապա կպատժվեն»:

Բացի այդ, ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքերով, գնաճն էլ պետք է վերլուծել համեմատության մեջ, և 2.6 տոկոսի գնաճը վատ ցուցանիշ չէ:

«Տարածաշրջանի բոլոր երկրներում գնաճը տատանվում է 6.8-7.6 տոկոսի շրջանակներում, Հայաստանում 2.6 տոկոս է»:

Միևնույն ժամանակ Բաղդասարյանը վստահեցրել է, որ ՀՀԿ-ն ներկայացրել է ապագայի ծրագրեր, ապագային միտված բյուջե, և առաջիկա տարիներին կանխատեսում են թոշակների և աշխատավարձերի բարձրացում:

«Մենք ունենք ներդաշնակ տնտեսական աճ: Ես կարծում եմ, որ այն քաղաքականությունը, որը որդեգրել է կառավարությունը, հաջողված է, և առաջիկա տարիներին մենք դրա արդյունքները կտեսնենք»:

Հավելենք, որ 2018թ. բյուջեով թոշակների և աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: ՀՀ-ում պաշտոնական տվյալներով միջին կենսաթոշակը 40 հազար դրամ է, միջին աշխատավարձը՝ 120-150 հազար դրամ:

Դիտվել է՝