Կառավարությունն ընդունեց 2-րդ երեխայի ծննդյան նպաստի ավելացմանն առնչվող որոշումը

timthumb

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում ընդունեց 2-րդ երեխայի ծննդյան նպաստի ավելացմանը վերաբերող որոշումը, որով նախատեսվում էր 50 հազար միանվագ նպաստը եռապատկել: Նշենք, որ գործող կարգով ֆինանսական տարբերակումը սկսվում է 3-րդ երեխայից: Առաջարկով այն պետք է սկսել 2-րդ երեխայից՝ գումարը 50 հազարից հասցնելով 150 հազարի:

Նախագիծն ընդգրկված էր սեպտեմբերի 5-ի օրակարգում, սակայն հետաձգվել էր նոր առաջարկ լինելու հիմնավորմամբ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել էր միաժամանակ 1-ից ավելի երեխա ծնվելու դեպքում այլ կարգավորումներ նախատեսել:

Սեպտեմբերի 14-ի նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ քանի որ առաջարկը նախատեսում է նաև «Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխություն, կառավարությունը հանձն է առել այդ փոփոխությունը: Օրենքի փոփոխությունը կներկայացվի առաջիկայում:

Ըստ նախարարի՝ եթե եռյակ է ծնվում, ամեն երեխային կարգաթվին համապատասխան գումար կհատկացվի: Այսինքն՝ միաժամանակ 3 երեխա ծնվելու դեպքում պետք է հատկացվի 1-3-րդ երեխաներին հասնող 50 հազար, 150 հազար և 1 մլն դրամը:

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ապահովել ծնելիության աճ, այսօր մենք խնդիր ունենք պահպանելու, հետևաբար այս նախաձեռնությունը համարում ենք ռազմավարական, 2-րդ երեխայի ծնունդը մենք խրախուսում ենք»,- հայտարարեց նախարար Մանե Թանդիլյանը:

Դիտվել է՝