Ապրիլյան պատերազմից 2 տարի անց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել

tank-aprilyan-paterazm-634x445

Ապրիլյան պատերազմից երկու տարի անց դեռևս անպատասխան մնացած բազմաթիվ հարցեր առկախված են մնում:

1.Ինչպե՞ս թշնամին ներթափանցեց բանակի թիկունք:

2.Թալիշում զինծառայողներն ինչո՞ւ էին սպասում կրակելու հրամանի, և ինչո՞ւ էր այդ հրամանն ուշանում:

3.Ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը տևական ժամանակ թաքցնում 800 հա-ի կորուստը:

4.Ի՞նչ եղան Կարեն Կարապետյանի բարձրաձայնումներն առ այն, որ ապրիլյան պատերազմին ռազմական տեխնիկան չի աշխատել:

5.100-ից ավելի զոհերի և հայկական դիրքերի կորստից հետո ովքե՞ր են ենթարկվել պատասխանատվության:

6.Ի՞նչ եղան Ս. Սարգսյանի հրամանով պաշտոնից ազատված գեներալները:

7.Ի՞նչ եղան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

Երկու տարվա հեռվից իրադարձությունների գնահատումը հանգում է այն մտքին, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր գերագույն գլխավոր հրամանատար, ինչին իշխող ՀՀԿ-ն հակադրում է Ս. Սարգսյանի անփոխարինելի լինելու առասպելով:

2 տարի անց 100 զոհերի և հայկական կարևոր նշանակության դիրքերի կորստից հետո չի իրականացվել հետաքննություն՝ բացահայտելու տեղի ունեցածը, ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության և չի կանգնել ռազմական դատարանի առաջ:

Ս. Սարգսյանը «պարգևատրեց» «պատժված» գեներալներին

Պատերազմից օրեր անց Սերժ Սարգսյանի հրամանագրերով պաշտոններից ազատվեցին բանակի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։

Նրանք ինչո՞ւ ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, ո՞ր հանցանքների համար: Ինչո՞ւմ էին թերացել, և արդյոք այդ թերացումների պատիժը զբաղեցրած պաշտոններից հեռացումն էր: Ոչինչ չի բարձրաձայնվել, փոխարենը ավելի ուշ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կրկին վերադարձավ զինված ուժեր՝ նշանակվելով ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ:

Ապրիլյան պատերազմի ժամանակ տեխնիկան ինչո՞ւ չի աշխատել

2017թ.-ի մարտին խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Կարեն Կարապետյանը հանդես եկավ աղաղակող բարձրաձայնումներով առ այն, որ ապրիլյան պատերազմին ռազմական տեխնիկան չի աշխատել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 1-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատում անորակ վառելիքի պատճառով.

«Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»,- ասել էր Կարեն Կարապետյանն ԱԺ ամբիոնից:

Այս հայտարարությունը ևս իրավական համարժեք գնահատական չստացավ և այդպես էլ չբացահայտվեց եղելությունը, թե ով էր մեղավորը, որ պատերազմին ռազմական տեխնիկան չէր աշխատել:

Ինչո՞ւ կրակելու հրաման չկար

Համապատասխան իրավական քննության չարժանացավ նաև «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հայտնի տեսանյութը, որը նկարահանվել էր 2016թ. ապրիլի 2-ին, ժամը 04:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի մատույցներում: Տեսանյութը փաստում էր այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինվորականները հայկական պաշտպանական դիրքերի թիկունք ներթափանցում:

Նախաձեռնության հայտարարությունում շեշտվում էր, որ տեսագրությունը կատարած հայ զինվորներից շատերը զոհված են այսօր: Տեսանյութում նրանք կրակելու հրամանի էին սպասում ու ճշտում էին, թե ինչն է պատճառը, որ հրաման չեն տալիս կրակելու և ոչնչացնելու իրենց թիկունք թափանցող թշնամու մեծաքանակ ուժերին:

Տեսանյութը հիմք տվեց նույնիսկ ենթադրելու, որ ապրիլյան պատերազմը պայմանավորվածության արդյունք կարող է լինել: Բայց անգամ այդ ենթադրություններից հետո ո՛չ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը, ո՛չ ՊՆ համապատասխան գերատեսչությունը որևէ տրամաբանական բացատրություն չեն տվել:

Փոխարենը հետաքրքիր զուգադիպությամբ իշխանությունը շարունակում է դաժան հաշվեհարդար տեսնել այդ տեսանյութը տարածող նախաձեռնության ղեկավարներից Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ:

Իսկ ռազմավարական կարևոր նշանակության 800 հա հողատարածքի կորստի մասին առաջինը բարձրաձայնող Շուշիի առանձնակի գումարտակի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ դատավճիռը հրապարակվեց օրերս. նրան ազատազրկեցին 10.5 տարի ժամկետով:

 

Քրիստինա Մկրտչյան

 

 

 

 

Դիտվել է՝