Մեզ ծանր մարտ է սպասում ապրիլի 2-ին. Անդրիաս Ղուկասյան

andrias xukasyan

Հայրենակիցնե’ր,

Նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպերը եւ բացահայտված փաստերը վկայում են, որ Հայաստանի հանրապետական կուսակցութունը կրկին փորձում է բռնությամբ, սպառնալիքով, ընտրակաշառքով, խաբեությամբ ու կեղծիքներով բռնազավթել իշխանությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ իրավապահ մարմինները ցուցադրեցին իրենց անզորությունը՝ կասեցնել ՀՀԿ-ի ղեկավարների եւ թեկնածուների կողմից կատարվող օրենքի ակնհայտ խախտումներն ու քաղաքացիների սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցավոր գործողությունները։ Այս ամենը նշանակում է, որ սահմանադրական կարգի հիմքերը տապալված են, եւ պետությունը չի կարող ապահովել ազատ եւ արդար ընտրություններ։

Քվեարկության օրը ընտրատեղամասերում տեղադրված են լինելու կրկնակի քվեարկությունը բացառող սարքեր եւ տեսախցիկներ, սակայն դրանց գործելու միակ երաշխիքը հանդիսանալու է քաղաքացիական դիտորդների, ընդդիմության վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների կամքը` պայքարել հանուն արդարության։ Ըստ սահմանադրության` նման պայմաններում իշխանությունը բռնազավթումից պաշտպանելու գործը քաղաքացիների անմիջական պարտականությունն է։ Հայ ժողովրդի առջեւ այսօր դրված է խնդիր՝ պաշտպանել իշխանությունը բռնազավթումից, պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին եւ թույլ չտալ նրան պետության ղեկավարումը փոխանցել Ռոբերտ Քոչարյանին կամ քրեական օլիգարխիայի այլ ներկայացուցչի։ Ապրիլյան պատերազմից հետո հանրության մոտ առաջացած դժգոհությունը եւ «Սասնա ծռերի» հուլիսյան ապստամբությունը ստիպեցին քրեական օլիգարխիային փոխել կառավարությունն ու մի շարք նախարարների պաշտոններում նշանակել բիզնես ոլորտի բարձրաստիճան տնօրեն-ղեկավարների։ Ակնհայտ է, որ կառավարության այդ անդամները ստանում են ստվերային վարձատրութուն եւ ղեկավարվում են հանրության համար առայժմ անտեսանելի գործատուի կողմից։ Նման ձեւով կազմված կառավարության հայտարարությունը, որ իրենց մոտ առկա է 3 մլրդ․ դոլար ներդրումներ կատարելու կարողություն, ըստ էության նշանակում է, որ քրեական օլիգարխիան պատրաստակամ է Հայաստան վերադարձնել նախկինում երկրից անօրիանական դուրս բերած հարստության մի մասը։ Կարեւոր է նկատել, որ 2017թ․ բյուջեի մասին օրենքը ընդունվել է առանց ներդրումների ավելացման, եւ տնտեսական աճի կանխատեսումներին հակասող նոր ներդրումների մասին հայտարարութունը կառավարույթյունը կատարել է նախընտրական քարոզարշավից անմիջապես առաջ, երբ սոցիոլոգիական հարցումները բացահայտեցին ՀՀԿ-ի ցածր վարկանիշը։ Անցյալ տարվա հուլիսին քաղաքացիների դեմ բռնությունը, ձերբակալությունները եւ բանտարկությունները կոտրեցին մեր ժողովրդի կամքը՝ դիմադրել իշխանությյան բռնազավթումներին, իսկ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի նկատմամբ վարչախմբի կողմից իրականացված հաշվեհարդարը կրկնապատկեց համազգային ատելությունը ՀՀԿ-ի նկատմամբ։

Մեզ ծանր մարտ է սպասում ապրիլի 2-ին` յուրաքանչյուրս պարտավոր ենք անել այն ամենը, ինչ ունակ ենք անել ժողովրդի հաղթանակի համար։ Այսօր, առավել քան երբեւէ, անբեկանելի է այն համոզմունքը, որ հայ ժողովուրդն իր ուժերով երկրում կհաստատի արդարություն եւ բարեկեցիկ կյանք։

Կոչ եմ անում ապրիլի 2-ին համախմբվել ՕՐՕ դաշինքի շուրջը՝ ժողովրդի իշխանությունը բռնազավթումից պաշտպանելու համար։ Դա նաեւ մեր սահմանադրական պարտքն է մեր զավակների առջեւ։

Անդրիաս Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

31 մարտի, 2017թ․

Դիտվել է՝