2 տարի առաջ այս օրը Գյումրիում տեղի ունեցավ աննախադեպ դաժան հանցագործություն

avetisyanner

2 տարի առաջ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցավ դաժան սպանություն. Մյասնիկյան 188 հասցեում սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը:

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հունվարի 12-ի վաղ առավոտյան փախուստի էր դիմել զորամասից եւ մուտք գործելով Ավետիսյանների տուն՝ դաժանաբար սպանել ընտանիքի վեց անդամներին՝ Սերյոժա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Աիդա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին: Ընտանիքի փոքրիկը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվել էր, սակայն մի քանի օր անց փոքրիկը մահացավ:

Հիշեցնենք, Պերմյակովի ձերբակալությունն ուղեկցվեց Գյումրիում զանգվածային բողոքի ցույցերով, որոնց մասնակիցները պահանջում էին ռուսաստանցի զինծառայողին հանձնել հայաստանյան արդարադատությանը:

Հայաստանում պաշտոնապես սուգ չհայտարարվեց, սակայն մարդիկ Երեւանում եւ այլ քաղաքներում մոմավառություններ կազմակերպեցին՝ հարգանքի տուրք մատուցելու Ավետիսյանների ընտանիքին:

Սպանության մեջ մեղադրվող 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը սկզբում իր նախաքննական ցուցմունքներում նշել էր, թե ցանկացել է ջուր խմել, ինչի համար մտել է Ավետիսյանների տուն, այնուհետ սպանել ընտանիքի անդամներին, իսկ հետո վերջինս, փոխելով ցուցմունքներն, ասել էր, որ կարոտել է ծնողներին, որոշել է զենքով հենակետից դիմել փախուստի, մտնել մի տուն ու զենքի սպառնալիքով հագուստ ու գումար ձեռք բերել ու հասնել հայ-թուրքական սահման, հատել այն, զենքը վաճառել եւ Թուրքիայից հայրենի քաղաք գնալ: Պերմյակովն, ըստ իր ցուցմունքի, քաղաքում շուրջ երկու ժամ քայլելուց հետո հասել է Ավետիսյանների թաղ, մի քանի այլ տներ է փորձել մտնել, բայց դռները փակ են եղել, իսկ Ավետիսյանների դարպասի դուռը բաց է եղել: Սկզբում տան դուռը թակել է, մտածել է, որ տանը մարդ չի լինի, բայց ամեն դեպքում ինքնաձիգը լիցքավորել է, որ դիմադրության ժամանակ կրակի:

Աղմկոտ սպանության այս վարկածին չեն հավատում եւ այն անընդունելի են համարում ոչ միայն Ավետիսյանների հարազատները, այլեւ հայ հասարակության գերակշռող մասը: Շատերն են այն համոզմանը, որ սպանության գործը կոծկվեց, եւ իրական դրդապատճառն այդպես էլ հայտնի չդարձավ, եւ այս գործի հետ կապված շատ հարցեր այդպես էլ անպատասխան մնացին:

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներն ընդդեմ ՌԴ քաղհայց ներկայացրեցին դատարան 450 հազար եվրոյի փոխհատուցման պահանջով, ինչը, սակայն, մերժվեց դատարանի կողմից:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝