Լևոն Մկրտչյանը պնդում է՝ դպրոցները ոչ թե օպտիմալացվում են, այլ միավորվում

levon mkrtchyan

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն, անդրադառնալով դպրոցների օպտիմալացմանը, նշել է, թե ըստ էության նոր բան չեն անում.

«Գարնան վերջից սկսված գործընթաց է: Ինքը օպտիմալացում չէ, այլ դպրոցները, որոնք ներկայացված են, ըստ էության, քաղաքային դպրոցներն են՝ քաղաքապետարանի: Մի քանի դպրոցներից անվանական է մնացել, օրինակ՝ կույրերի դպրոցը, որտեղ, ըստ էության, այդքան աշակերտ էլ գոյություն չունի: Մի քանի դպրոց պարզապես մի քանի հարյուր մետրի վրա են և պարզապես խոշորացնում ենք, հատկապես ավագ դպրոցների պարագայում: Ուղղակի հնարավոր չէ, եթե դպրոցն ունի 60, 80 աշակերտ, հոսքային ուսուցում կիրառելու: Եվ եթե նրանց միջև հեռավորությունը քաղաքի մեջ շատ կարճ է, փորձել ենք այդ խմբավորումն անել, և ավարտված է սրանով խնդիրը: Մենք կանցնենք մեր ծրագրերին»:

Ամբողջ հանրապետությունում ընդհանուր առմամբ շուրջ 14 դպրոց կմիավորվի:

Լևոն Մկրտչյանը նշեց, որ փորձելու են լքված շենքերն օգտագործել կրթական, գիտական նպատակներով:

«Օրինակ՝ «Բալատոնի» շենքը որ ազատվում էր, ցավոք այնտեղ մնացել էր 50-ի կարգի աշակերտ, ավելի քիչ, մենք այնտեղ կտեղափոխենք գյուղատնտեսական քոլեջը, որը շատ վթարային պայմաններում է, և կարևորը՝ այդ թաղամասում կրթական օջախը կմնա»:

«Ցնցումային վիճակ» չի լինի, հավաստում է նախարարը: Դպրոցների միավորման արդյունքում դուրս մնացած ուսուցիչներին փորձելու են տեղավորել համակարգում:

Անդրադառնալով թոշակային տարիքի մանկավարժներին աշխատանքը թողնելու կոչերին, նախարարը նշել է՝ «օրենքը պետք է պահվի», հիշեցնելով՝ սահմանված տարիքը 65 տարեկանն է:

«Կփորձենք թոշակի գնացող, բայց էներգիա ունեցող, իրենց որակը պահպանած ուսուցիչներին այլ առաջարկ անել: Հատկապես շրջաններում թափուր տեղեր շատ ունենք: Մարդիկ եթե համաձայն կլինեն թոշակի տարիքից հետո գնան և օգտակար աշխատանք անեն թափուր տեղերում, հատկապես գյուղական շրջաններում: Ընդ որում, պարտադիր չէ, որ դա շատ հեռու լինի: Օրինակ՝ Վանաձորից մի 15, 20, 30 կմ-ի վրա չենք կարողանում ուսուցիչ գտնել: Այ այդտեղ կարելի է թոշակառուներին օգնել»:

Դիտվել է՝