Հովսեփ Խուրշուդյան. «Իշխանափոխության համար այսպիսի ծանրակշիռ նախադրյալներ չեն եղել ո՛չ 1998-ին, ո՛չ 2003-ին, ո՛չ 2008-ին և ո՛չ էլ 2013-ին»

15782081_1201440499946684_1596900322_n

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը:

-Պարոն Խուրշուդյան, ի՞նչ բնորոշում կտաք այս տարվան: Ինչպիսի՞ն էր 2016թ.-ը: Ինչպիսի՞ կարևոր շրջափուլերի կբաժանեք 2016թ.-ը:

-Պատերազմի և ներքաղաքական ցնցումների տարի էր: Արտաքին վտանգի առջև կարճաժամկետ կոնսոլիդացիայից հետո երկիրը շարունակեց ճողվել իշխանությունների անկուշտ կոռուպցիայի և ֆունդամենտալ տգիտության համակցության բեռի տակ, որը բերեց ներքաղաքական ցնցումների, արդեն զենքի գործադրմամբ, ինչը Հայաստանի պատմության մեջ նորություն էր (1999 հոկտեմբերի 27-ը, որն, ի տարբերություն Ծռերի ապստամբության, ահաբեկչություն էր, և որի շահառուն օրվա իշխանության թևերից մեկն էր, համեմատության որևէ եզր չուներ այս տարվա հուլիսյան իրադարձությունների հետ): Շրջափուլերն, ակնհայտորեն, երեքն էին՝ մինչև ապրիլյան պատերազմ, պատերազմից մինչև Սասնա ծռեր և դրանից հետո ընկած ժամանակահատված, որն առանձնացավ Սերժ Սարգսյանի՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու փորձով՝ նոր «գազպրոմյան» կառավարության ձևավորմամբ:

-Ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում, դրան հաջորդող օրերին ձերբակալություններ, ՏԻՄ ընտրություններ: Որո՞նք էին ՀՀ իշխանությունների դասերը: Ի՞նչ դասեր քաղեցին:

– Իշխանությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց ոչ-ադեկվատությունը, անհամարժեքությունը ստեղծված իրավիճակին, նաև անընդունակությունը դասեր քաղելու: Մենք դա տեսանք թե՛ ապրիլյան պատերազմից հետո և թե՛ Սասնա ծռերի գործողությունից հետո: ՀՀԿ-ական իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ արդեն վաղուց չի կարող համարվել բանական ուժ, այլ ընդամենը մի քրեածին խմբավորում, որն իր թալանից և այն վայելելուց այն կողմ ոչինչ չի տեսնում: Դա շատ վտանգավոր է երկրի համար, բայց մյուս կողմից հույս է ներշնչում, որ այդ իշխանության վերջը մոտ է, քանի որ որևէ դասական սահմանմամբ նման իշխանությունը չի կարող երկար գոյատևել: Հայաստանի քաղաքական ուժերի գերխնդիրն այն է, որ հասցնեն հեռացնել այս քաղցկեղը պետական համակարգից մինչև այն կհասցնի կործանել հայոց պետականությունը: ՏԻՄ ընտրություններից դասեր պետք է քաղի ընդդիմությունը, այլ ոչ թե իշխանությունը: ՀՀԿ-ն վարվեց այնպես, ինչպես միշտ է վարվել. կաշառեց, կեղծեց, վախեցրեց, նենգափոխեց, փչացրեց: Իսկ ընդդիմության դասն այն պետք է լինի, որ քաղաքացիները, որքան էլ որ դժգոհ լինեն իշխանություններից, չեն գնա ընտրությունների՝ իրենց գերադասած քաղաքական ուժերից որևէ մեկին ընդամենը մի քանի մանդատ ապահովելու համար: Մարդիկ շատ ավելի կարևոր կենցաղվարական գործեր ունեն անելու ու հոգսեր ունեն հոգալու: Քաղաքացիները միահամուռ, ինչպես միշտ է եղել, կգնան ընտրության, իսկ այնուհետև, անհրաժեշտության դեպքում դուրս կգան փողոց իրենց քվեն պաշտպանելու, միայն եթե կա մի միասնական այլընտրանք, որը կարող է իրական հայտ ներկայացնել հասարակությանը Սերժ-Սարգսյան-ՀՀԿ-ից երկիրն ազատագրելու:

- ՀՀ նոր կառավարության ձևավորում: Ի՞նչ փոխեց նոր կառավարությունը:

– Պետք է խոստովանեմ, որ նոր կառավարությանը հաջողվել է ժողովրդի որոշակի հատվածի մոտ կեղծ հույսեր առաջացնել առնվազն բարեփոխումների ձգտման: Սակայն երկրի տնտեսությունն այս 10 տարիների ընթացքում այնպես են չորացրել ու ամայացրել, իսկ դրսից պարտքեր ներգրավելու ռեզերվային հնարավորություններն այնքան են նվազել, որ այս կառավարությունը որևէ կերպ չի կարողանում դույզն-ինչ մեղմել այն սոցիալական բեռը, որը ճնշում է ժողովրդին, ու ոչ էլ բարելավել բիզնես միջավայրը: Տեսեք, էլեկտրաէներգիան էժանացնում են մեկուկես դրամով, բայց զուգահեռ մարդկանց վզին դնում են նոր 1000 դրամանոց հարկատեսակ զոհված զինծառայողների ընտանիքների կարիքները հոգալու կամ վիրավոր զինվորների բուժման ծախսերը հոգալու համար: Ընդ որում, իրենք, որ միլիոններ են թալանում, նույն այդ 1000 դրամներն են մուծվելու, ինչ որ կիսասոված երեխաներով քուն մտնող ընտանիքները:

-ԼՂՀ հիմնահարցի ուղղությամբ 2016թ.-ին ի՞նչ աշխատանք տարան ՀՀ և ԼՂՀ իշխանությունները:

– Աշխատա՞նք: Ի՞նչ աշխատանք: Այս իշխանությունները սովոր են միայն վայելքների, այլ ոչ թե աշխատելու: Աշխատող իշխանությունը երկիրն այս օրի չէր հասցնի: Ու բացի այն, որ չեն աշխատում, նաև վախկոտ են: Սերժ Սարգսյանը դեռ Կազանում հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Սանձազերծեց: Եվ ի՞նչ: Անգամ Արցախի հետ խոստացած ռազմական համագործակցության պայմանագիրը մինչև օրս վախենում են կնքել: Այս իշխանությունը, որը «կտրիճ» է դառնում, երբ գործը հասնում է սեփական քաղաքացիներին, լրագրողներին ծեծելուն, քաղաքացիական ակտիվիստներով բանտերը լցնելուն, ընդդիմության հասցեին հաթաթա տալուն, արտաքին ցանկացած փռշտոցից պապանձվում է և ծնկի գալիս, հեշտությամբ զիջում մեր բոլոր ազգային շահերը, ստորագրում ցանկացած թուղթ, որն իրեն դեմ են տալիս:

- 2017թ.-ին ի՞նչ նախադրյալներ կան քաղաքական և տնտեսական զարգացման տեսանկյունից ՀՀ-ում:

– Քանի դեռ իշխանության գլուխ է ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը, տնտեսական զարգացման որևէ նախադրյալ լինել չի կարող: Այսինքն անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ: Այդ փոփոխություններն անելու ամբողջ պատասխանատվությունն այսօր ընկնում է ընդդիմության վրա, որում կան քաղաքական ուժեր: Այդ պատասխանատվությունն իրացնելու միակ ձևը համախմբվելն է մեկ միասնական դաշինքում՝ դադարեցնելով փոխադարձ հավատաքննությունը, իրար պոզուպոչ կպցնելը, մի կողմ դնելով միակ և անկրկնելիի բարդույթը, դադարեցնելով «ով ավելի շատ փող ունի ընտրություններում դնելու» անհեռանկար քննարկումները: Հետաքրքիր է, որ այն ուժը, որն ամենաշատ բարոյական իրավունքն ունի այլոց հավատաքննելու, «Ժառանգությունը», ինքն է այսօր բոլորին կոչ անում դադարեցնել այդ ապակառուցողական գործելաոճը: Այլապես, եթե ընդդիմությունը մտավ նախընտրական պայքարի մեջ մասնատված, կնշանակի, որ ընդդիմադիր ուժերի խելքն ու կարողությունները հերիքում են ոչ թե երկիր կառավարելուն, այլ ընդամենը 3-րդ խոսափողին տիրանալու համար մրցապայքարին մասնակցելուն կամ ավելի վատ՝ «ընդդիմություն» աշխատելով՝ Բաղրամյան 26-ի թուլափայը վաստակելուն, երկրի կործանումը շարունակող նորանոր կոալիցիաներին իրենց մեղսակցությունն ապահովելուն:

-Ի՞նչ ծրագրեր ունի ՀՀԿ-ն: Առջևում խորհրդարանական ընտրություններ են: Արդյոք ակնկալվում են էական փոփոխություններ:

– Հիշե՛ք, թե ինչպես ՀՀԿ-ն իր բոլոր ռեսուրսները 2015-ին մոբիլիզացրեց նախ Սերժ Սարգսյանի նախագծած սահմանադրական փոփոխությունների գործընթացին եռյակից սպառնացող վտանգը չեզոքացնելուն, եռյակի մաս կազմող Գագիկ Ծառուկյանի վրա համատարած հարձակում գործելուն, ապա և գնաց անգամ ԱԺ-ում իր ունեցած ականները պայթեցնելուն՝ Սահմանադրության կողմ քվեարկողների թիվն առավելագույնի հասցնելու համար: Ուրեմն Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելուն միտված այս խայտառակ սահմանադրությունն ընդունեցին, որպեսզի ինչ-որ փոփոխությունների գնա՞ն: Հակառակը՝ ամեն բան անելու են որևէ իրական փոփոխություն չանելու համար: Քանի որ այլընտրանքը Սերժ Սարգսյանի հեռացումն է իշխանությունից և երկրին հնարավորություն տալն է ողնաշարն ուղղելու և լիաթոք շնչելու, զարգանալու, հզորանալու:

- Հնարավորություն տեսնո՞ւմ եք իշխանափոխության և եթե այո, ապա ինչպե՞ս:

– Այո, տեսնում եմ: Հույսս ընթացող բանակցություններն են, որոնք ցույց են տալիս, որ ընդդիմության ներսում կա համախմբվելու անհրաժեշտության գիտակցումը: Առկա է նաև հսկայական դժգոհություն ՀՀԿ-ի իշխանությունից պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի ներսում: Ու այն օրը, երբ բոլոր ընդդիմադիր և, այսպես ասենք, ոչ-իշխանական ուժերը միավորվեցին, ձևավորելով ժողովրդի համար տեսանելի այլընտրանք և իշխանափոխության իրական հույս, Սերժ Սարգսյանը, չսպասելով անգամ ընտրություններին, առաջարկելու է բանակցել իշխանությունը հանձնելու պայմանների և իր անվտանգության երաշխիքների շուրջ: Իշխանափոխության համար այսպիսի ծանրակշիռ նախադրյալներ չեն եղել ո՛չ 1998-ին, ո՛չ 2003-ին, ո՛չ 2008-ին և ո՛չ էլ 2013-ին:

 Հարցազրույցը՝ Ք. Մկրտչյանի

Դիտվել է՝