ՀԽ -ն հրապարակել է Ժ. Սեֆիլյանի ու Վ. Ավետիսյանի նամակը` նվիրված Հաց Բերողի տարեդարձին

artur sargsyan

Հիմնադիր խորհրդարանի մամլո ծառայությունը փոքր-ինչ ուշացումով ստացել է Ժ. Սեֆիլյանի ու Վ. Ավետիսյանի նամակը ` Ա. Սարգսյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

Հաց Բերողի 49-րդ տարեդարձին
Սիրելի՛ Արթուր
Ամեն անգամ, երբ մեկը հացով կամ հանուն հացի գործած իր սխրանքով նորովի իմաստ է դրել հացի մեջ, մեր հացահավատ հայկազուն ժողովուրդը որպես նրա հերոսության գնահատական՝ համապատասխան խորհուրդ է ավելացրել հացին։

Հազարամյակների ընթացքում այդ խորհուրդները բազմացել ու բազմապատկվել են և, ամբողջանալով, դարձել են մեր ժողովրդի կենսագրության վկայագրերից ամենայուրօրինակն ու առեղծվածայինը։

Երբ դու քո խոյանքով ճեղքեցիր մահվան օղակը և հաց հասցրեցիր Սասնա Ծռերին, ժողովուրդն ի դեմս քեզ տեսավ հացի բոլոր խորհուրդների ամփոփ կրողին և քեզ կնքեց Հաց Բերող բազմախորհուրդ անունով։

Սակայն քո սխրանքն ավելին էր, քան Հաց Բերող վսեմ կոչումը։
Դու շարունակեցիր հին հերոսների գործը և, ի թիվս այլ խորհուրդների, հացո՛վ արտահայտեցիր առաջին ու ամենամեծ ապստամբ Հայկ Նահապետի ոգու պոռթկումը և մի նոր՝ ընդվզմա՛ն իմաստ դրեցիր հացի մեջ։

Համոզված ենք, որ քո հերոսական արարքն առաջիկայում ընդվզման խորհրդով կլրացնի մեր ժողովրդի կենսագրության հացաբույր վկայագիրը։

Տարեդարձդ շնորհավո՛ր, հավերժի ճամփորդ դարձած սիրելի ընկեր, հացով մեզ հույս, հավատ և ընդվզման պատգամ թողած մեր Սասնա Ծուռ Հաց Բերող։

Ժիրայր Սէֆիլյան
«Արմավիր» ՔԿՀ
Վարուժան Ավետիսյան

Դիտվել է՝