«Վեոլիա ջուր» ընկերությունը խորացրեց Գյումրիում ջրամատակարարման հետ կապված խնդիրները». ահազանգում են գյումրեցիները

jurr

2017 թվականի հունվարի 1-ից «Վեոլիա ջուր» (Veolie Generale des Eaux) ընկերությունը ստանձնեց «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների գույքի կառավարումը։

Ջրամատակարարման հետ կապված առկա բազում խնդիրներին, շնորհիվ ընկերության գործունեության, գումարվեցին նորերը: Օրական տասնյակ ահազանգեր է ստանում ԳԱԼԱ-ն անկանոն ջրամատակարարման, առանց զգուշացման ջրանջատումների հետ կապված:

«Վեոլիա ջուր» ընկերությունը, կոնկրետ Գյումրիում ստանձնելով պատասխանատվություն, ակնհայտ ոչ բանիմաց եւ անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում: Սա փաստում են բնակիչները, ովքեր պարբերաբար բախվելով խնդրին՝ ահազանգում են՝ մասնագետ կադրերի պակասի մասին, ովքեր Գյումրիի ջրամատակարարման խնդիրների, դրանց լուծման վերաբերյալ գաղափար չունեն: Այսօր ջրամատակարարման խնդրի մասին ահազանգում են Գյումրիի անգամ այն թաղամասերից, որտեղ նախկինում չի եղել նման խնդիր:

««Վեոլիա ջուր» կոչված կառույցը խորացրեց Գյումրիում ջրամատակարարման հետ կապված խնդիրները: Օրական մի քանի անգամ միայն ես զանգել եմ 185՝ թեժ գիծ կոչվածին: Իբրեւ արձանագրում են, գրանցում, շնորհակալություն հայտնում ու անջատում: Ամառվա շոգին օրեր շարունակ չկա նորմալ ջրամատակարարում: Կաթիլներով ենք ջուր ստանում: Բարձրահարկ էլ չէ, սեփական տուն է՝ Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող:

Եվ այս վիճակն է արդեն երկու ամիս: Տասնյակ զանգեր եմ կատարել, այցելել ենք նաեւ «Շիրակ-ջրմուղկոյուղի»: Ես այնտեղ մասնագետի չեմ հանդիպել, ով կհասկանա՝ ինչն է պատճառը, ինչու է նման ջրամատակարարում: Եկել են մի քանի անգամ, շրջել գնացել եւ ոչ մի լուծում: Խողովակներով հարեւանությամբ առկա ծորակից ենք ջուր բերել տուն, բայց գրեթե տարբերություն չկա: Թե որքան կարելի է հանդուրժել այս վիճակը, չգիտեմ, բայց ես դադարեցնելու եմ վճարումներ կատարել:

Մինչեւ չլինի նորմալ ջրամատակարարում, ոչ մի լումա չեմ պատրաստվում փոխանցել: Զավեշտն այն է, որ ահազանգերից հետո հետ են զանգում, թե կարգավորվե՞ց ձեր ջրի խնդիրը: Գուցե վերադասի ասածի վրա տեղի ներկայացուցիչները թքած ունեն, որովհետեւ այդ զանգերից հետո ես չեմ զգում որեւէ տարբերություն, որ ազդվելով թեժ գծի զանգերից՝ տեղերում սկսում են կարգավորման աշխատանքներ իրականացնել: Հարցնում եմ՝ գուցե հին ջրագծե՞րն եք անջատել, բացեք դրանք, որովհետեւ մեր տան շարքում ոչ մի բնակչի տուն չի հասնում նոր ջրագծով ջրամատակարարում: Կառույցից պատասխանում են՝ որ խնդրենք, չե՞ք կարող ճշտել, որտեղի՞ց հնարավոր է բացել, չենք հասկանում, չգիտենք… Ահա այսպիսի մարդիկ ու մասնագետներ են աշխատում ջրմուղում: Ունեմ մտավախություն եւ նաեւ ասել եմ ջրմուղկոյուղու ներկայացուցիչներին, որ գուցե վաճառքի՞ է հանվում ջուրը, խոշոր ջրօգտագործողների՞ն է տրվում: Ինչո՞ւ տարիներով չի եղել նման խնդիր եւ հիմա առկա է այն:

Իհարկե, ստանում եմ անորոշ եւ անհոդաբաշխ պատասխաններ»,- ասում է Գյումրիի «Տեքստիլագործների» թաղամասի բնակչուհի Ա.Վարդանյանը եւ հավելում, որ ստիպված են թաղամասի բնակիչներով բողոքի ակցիա կազմակերպել կառույցի դիմաց՝ պահանջելով նորմալ ջրամատակարարում ապահովել:

«Բարի գտնվեն մեզ ջուր տան, հետո նոր փող պահանջեն: Ի՞նչն են թանկացնում, ինչո՞ւ ենք ավելին վճարելու: Ի՞նչ են արել, որ հիմա էլ ծառայության գինն են բարձրացնում: Դրանք մեզ ծառայություն չեն մատուցում: Օրերով ջրի երես չենք տեսնում, դա՞ է նորմալ աշխատանքը»,- դժգոհում է նույն թաղամասի բնակչուհի Հասմիկ Հարությունյանը:

Նման ահազանգեր ստանում է ԳԱԼԱ-ն Գյումրիի մի շարք թաղամասերից:

Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը, անդրադառնալով «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ջրի սակագինը բարձրացնելու վերաբերյալ ներկայացված հայտին, նշեց, թե 14 դրամով թանկացումն անընդունելի է:
 «Ինչո՞ւ հանկարծ որոշեցին, որ պետք է հենց հիմա թանկացնել, եւ ինչո՞ւ 14 դրամ: Փոխանակ «Վեոլիա ջուր»-ը զբաղվի ջրի կորուստների հարցով, աշխատի պակասեցնել կորուստները (Երեւանում 100 տոկոսից 72%-ը կորում է), ջրի գինն է բարձրացնում: Կասկածներ կան նաեւ, որ մեծ ջրօգտագործողներն են նաեւ հանցավոր համաձայնության եկել աշխատակիցների հետ եւ ինչ-որ ձեւով շրջանցում են վճարումը: Փոխանակ էդ ուղղությամբ աշխատեն եւ նվազեցնեն ջրագողությունը եւ դրանով ավելի մեծ օգուտ, եկամուտ կստանան, ավելի հեշտ ձեւն են գտել՝ սակագին բարձրացնել, որն ըստ իս՝ անընդունելի է»:

Չիլինգարյանը կարծում է, որ հնարավոր է ջրի կորուստների դեմ պայքարելով՝ իջեցնել ջրի սակագինը: Իսկ այս պահին ջրի սակագինը բարձրացնելու ոչ մի հիմք չի տեսնում:

«Ոչ մի ծառայության որակ չի բարձրացել: Ընդհակառակը, վերջերս որոշակի բողոքներ կային սպառողներից՝ գրաֆիկի շեղման հետ կապված: Դա տեղի է ունենում հիմնականում ամռան սեզոնին: Մեզ մոտ, ցավոք սրտի, այգիների ոռոգումը մասնավոր սեկտորում հիմնականում կատարվում է խմելու ջրի հաշվին: Իսկ եթե շատերն են օգտագործում, պարզ է, որ որոշ տեղերում ջուրը չի հերիքում»:

Ջրի սակագնի բարձրացումը սպառողի համար ծանր բեռ կլինի, Կարեն Չիլինգարյանը չի բացառում, որ դա կբերի շղթայական թանկացման:

«Հույս ունենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի եւ կհետազոտի այդ առաջարկը՝ ջրի թանկացման: Առաջարկը կմերժի այն պարագայում, երբ որ հիմնավորումը չհամապատասխանի իրականությանը»:

 

Դիտվել է՝