«Սարգսյանն է եփել այս կաշան, ինքն էլ ձևը կգտնի այն մարսելու, բայց ի՞նչ գնով…»

serj

Նոր թափ են հավաքում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու մասին խոսակցությունները: Ավելին, սարգսյանական կադրերը վստահ են, որ դրանում որևէ արտառոց բան չկա: Մեկը ժողովրդին հորդորում է համակերպվել այդ մտքի հետ, հարմարվել, որ ՀՀԿ-ն է իշխողը և ըստ նպատակահարմարության և հայեցողության տնօրինելու են պաշտոնները, ոմանք էլ վստահությամբ պնդում են, որ ժողովրդական ընդվզում չի լինի, եթե Սարգսյանը ստանձնի վարչապետի պաշտոնը:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում մեկնաբան Արա Հարությունյանը, անդրադառնալով հարցադրմանը, թե, ինչու են այդքան վստահ խոսում ՀՀԿ-ականները, նշել է, թե մի քանի մտայնություն կա: Արա Հարությունյանը թվարկում է դրանք.

•Շարքերը չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում, դրա համար իրենց հարմար հետագա ձևաչափն են առաջ տանում՝ դա առաջարկելով և՛ հանրությանը, և՛ Սարգսյանին:

•Նոր սահմանադրության շրջանակներում լուծումներ փնտրելիս շարքերը տեսնում են, որ ամեն ելք է հնարավոր՝ ներառյալ նաև Սարգսյանի հեռանալը խաղից։ Դրա համար անհանգիստ են ու իրենց լոյալությունն են հայտնում, թե՝ մենք մեջքիդ կանգնած ենք, մի վարանիր, վերցրու վարչապետությունը:

•Հնարավոր է, որ հենց Սարգսյանն է դա հրահրում, որ նախապես չեզոքացնի հնարավոր հավակնորդներին (հիմնականում Քոչարյանին, կամ ավելի վերուստ՝ Ռուսաստանի կողմից առաջարկվող, տեսականորեն հնարավոր թեկնածուի) և իր վարչապետությունը ներկայացնի որպես բնականոն պահանջ:

«Միակ խնդիրն իրականում հետագա կոնֆիգուրացիայում գերագույն տիրոջ հարցն է։ Մինչև հիմա իշխանականները սովոր էին կենտրոնաձիգ, «նայող», «հիմնական հարց լուծող» նախագահի կոնստրուկտին։ Ոչ միայն սովոր էին, այլև դա հենց իշխանական էությունն էր։ Ըստ որում, այդ ձևաչափն ընտրություններով ամեն անգամ ստուգվում և նորովի կարգի էր գցվում դեպի իշխանություն՝ նոր, ավելի «հզոր» դեմքերի ներքաշման ու հին, քարացած ու ճահճացածների արտաքսման համար։ Ըստ որում, նոր սահմանադրության մեջ այդ սկզբունքը դարձել էր կենտրոնական ՝ «եթե ունակ ես, ոնց կարող ես ձայները հավաքիր ու դարձիր իշխանություն ու քո բաժինը կունենաս»: Եվ հիմա հենց այդ թեզի շրջանակներում ներքին գզվռտոցի պահն է, թե՝ ո՞նց, մենք էսքան ջանք ու ռեսուրս ենք թափել՝ իմանալով, թե ուր ենք գնում և ում իշխանության ներքո ենք լինելու։ Ո՞նց կարող է այլ ելք լինել, քան Սարգսյանի միանձնյա իշխանությունն է:

Դե իրենք տեղյակ չեն կամ համոզված չեն, թե ներկա խաղալիքային վիճակում այլ ինչ ֆիզիկական ներքին պատկերի իշխանություն է հնարավոր։ Հիմա, երբ եկել է սահմանադրությունը գործնականում կիրառելու պահը, պարզվում է, որ ոչ մի բան միարժեք չէ։ Ես չեմ բացառում, որ նույնիսկ Սարգսյանն ինքը չգիտի, թե ինչը հնարավոր է, ինչը ոչ:

Օրինակ՝ իմ կարծիքով Սարգսյանը համարյա նույն հաջողությամբ կարող է լինել և վարչապետ, և պառլամենտի խոսնակ, և նախագահ, և տանը նստած գորշ կարդինալ, որովհետև իշխանությունը ոչ թե թղթային-պրոտոկոլային է, այլ ռեալ։ Իշխանությունը նրանն է, ով տիրապետում է ներգործման լծակներին՝ դատարանին, իրավականին, ուժայինին և կոմպրոմատին ամեն հայի վերաբերյալ։ Բացի Սարգսյանից, ոչ մեկն այդ ամենին լիակատար չի տիրապետում:

Հետևաբար, ներկա ներքին պահանջների պայմաններում, որպես հարց լուծողի, Սարգսյանից բացի այլ ալտերնատիվ չկա։ Այլ հարց, որ արտաքին մարտահրավերների ազդեցության տակ հայկական իշխանությունը կարող է ամեն պահի փլուզվել, և Սարգսյանը, տեսնելով դա, նախապես հեռանա պատասխանատվությունից:

Մի խոսքով, անորոշությունը Սարգսյանի համար շատ մեծ է հենց արտաքին գործոնների առումով, դրա համար իր հետագա վարքը կանխատեսելը համարյա անհնար է:

Սարգսյան-Կարապետյան երկու ֆիգուրները որևէ կերպ համեմատելի չեն և իրականում որևէ գործնական ներքին պայքար նրանց միջև անհնար է:

-Պարոն Հարությունյան, իսկ ի՞նչ եք կարծում, սի՞ն են Սերժ Սարգսյան - Կարեն Կարապետյան իբրև լարված հարաբերությունների մասին խոսակցությունները:

Արա Հարությունյան

Արա Հարությունյան

-Սին են այն պատճառներով, որ իշխանություն ասածը մի քանի բաղադրիչներ ունի, որոնք շատ տարբեր են Սարգսյանի և Կարապետյանի դեպքում։ Իշխանությունը և հավակնոտություն է, և իշխելու հաղթաթուղթ, և արարելու, և հարստանալու, և ավերելու լծակ։ Նայած թե մարդը դրանցից որով է ավելի շատ մոտիվացված, հնարավոր է կանխատեսել նրա ելակետերը, դիրքերը և հաղթաթղթերը:

Սարգսյանն արդեն 25 տարի է վերին իշխանության մեջ է։ Նրան մղում է ոչ միայն ահռելի հավակնոտությունը, այլև այդ տարիներին կուտակած իր արածի ու չարածի էլ ավելի ահռելի նեգատիվ բեռը։

Կարապետյանը դեռ որ հանդես է եկել միայն փոքր հավակնոտությամբ և փոքր մասշտաբայնությամբ, իրավիճակին ոչ համարժեք պահանջկոտությամբ և իր ձեռքում եղած լծակների փաստացի ոչ տիրապետմամբ։ Կարապետյանն իր մտածելակերպով ենթակա մարդ է և չի կարող հավակնել առաջին դիրքի:

Սարգսյանն էլ իր կարիերայի ընթացքում եղել է ենթակա մտածելակերպի մարդ, այլապես չէր դժգոհի, թե՝ «գիտեք Պուտինի հետ խոսելը հե՞շտ է»։ Բայց տարիների փորձով և ձեռքին կոմպրոմատի կուտակումով հասավ նրան, որ դրսում մնալով՝ նույն ենթական ներսում սկսեց մարդկանց աջ ու ձախ «հաճախորդ» դարձնել ու իր ոչ վայել որակումները տալ նույնիսկ ամենամեծ ներդրումներն ունեցած գործիչներին:

Քոչարյանը հայտարարել էր, թե երկրում տղամարդ չկա, Սարգսյանն էլ փաստացի ապացուցեց դա:

Սարգսյան – Կարապետյան երկու ֆիգուրները որևէ կերպ համեմատելի չեն և իրականում որևէ գործնական ներքին պայքար նրանց միջև անհնար է։ Քաղաքական տերմինաբանությամբ ասած՝ տարբեր «քաշայիններ» են։ Կարապետյանը կլանային, ներքին ժամանակավոր ֆիգուր էր պահի խնդիրների հաղթահարման համար և այդպիսին էլ մնաց:

- Խորհրդարանական կառավարմամբ, ըստ էության, իշխանությունն ապակենտրոնանալու է: Սերժ Սարգսյանն իշխանության ներսում ունի՞ հավատարիմ կադրերի անհրաժեշտ բազա՝ իշխանությունն իր վերահսկողության տակ պահելու համար:

-Ես չէի ասի, թե ապակենտրոնանալու է, որովհետև եղած ներկա իշխանավորների արժեքայինի պայմաններում դա թե տեսականորեն, թե գործնականում անհնար է։ Եթե Սարգսյանը բացարձակ հեռանա էլ իշխանությունից, նա կարող է տանը նստած էլ մնալ որպես գորշ կարդինալ-հարց լուծող, որովհետև մարդկային արժանապատվությունն իշխանականում ուղղակի տաբուապատված է։ Ինքնուրույն մտածողությունն ու հավակնոտությունը զրոյի կարգի են։ Համատարած «յոլա» գնալու հոգեբանություն է։ Ոչ մեկը ռիսկի չի գնա որպես այր հանդես գալու։ Կերակրատաշտից օգտվելու արժեքայինը գերակա է թե մարդկայինին, թե ազգայինին, թե արժանապատվությանը:

- Ֆորսմաժորի կամ պալատական հեղաշրջման հավանականությունն արդյոք բացառում եք:

-Բացառում եմ, որովհետև դրա ոչ ռեսուրսը, ոչ մտայնությունը, ոչ մի պայմանը չկա։ Ո՞վ անի, ինչի՞ համար, հո խելագար չէ:

եր կարծիքով, ինչո՞ւ առ այսօր չեն բացվում խաղաքարտերը, Ձեր կարծիքով, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բացահայտ չի հայտարարում իր մտադրությունների մասին: 2018-ի վարչապետության հարցը շարունակում է մնալ անորոշ: Միևնույն ժամանակ Սարգսյանը դժգոհում էր, թե շատերը չեն պատկերացնում՝ ինչպիսի փոփոխություններ են լինելու: Ո՞րն է, Ձեր գնահատմամբ, այդ մարտավարության տրամաբանությունը:

-Չեն բացվում, որովհետև Սարգսյանն ինքն էլ չգիտի՝ ինչ անի, կամ ավելի ճիշտ՝ որն անի։ Ինքը բացարձակ անկեղծ է, երբ ասում է, թե «շատերը չեն պատկերացնում՝ ինչպիսի փոփոխություններ են լինելու»: Իհարկե լինելու են, որովհետև սահմանադրությունը կեղծիքներով քարշ տալուց հետո, երբ կանգնել է նոր ձևաչափում իր լինել-չլինելու հրամայականի դիմաց, նոր է միայն հասկացել, թե ինչ աբսուրդների մեջ է մտել:

Երբ ընդունում էին նոր սահմանադրությունը, պահի խնդիրն ամեն գնով իշխանությունը չզիջելն էր, այսինքն մոլուցքն էր, թե վաղը կգա, նոր վաղվա խնդիրները կլուծենք։ Դրա համար չխորացան էլ տհաս գրված սահմանադրության պայմանների մեջ։ Իսկ այսօր այսօրվա խնդիրն է պետք լուծել՝ մնալ ղեկին։ Հիմա եկել է այդ «վաղը», և ջրի երես են ելել այդ թքած-կպցրած սահմանադրության ֆորմալ, բայց ինքնակործան, ազգակործան և պետականակործան պահանջները։ Ինքը «եփել» է այս կաշան, ինքն էլ ձևը կգտնի այն «մարսելու»: Իհարկե կմարսի, բայց երևի մեր պետականության ու ազգայինի բացարձակ ավերման գնով:

- Ի՞նչ իրավիճակ է ընդդիմադիր դաշտում: Ինչի՞ հետևանք է այն վակուումը, որը կարծես թե առկա է դաշտում:

-Ընդդիմություն չկա, այն կործանված է և կործանվեց մի քանի պատճառներով.

•Քաղաքական տհասության, տգիտության, ոչ ադեկվատության, ոչ տղամարդկայնության պատճառով:

•Ընդդիմություն առաջին հերթին նշանակում է եղած իշխանության հանդեպ գաղափարական ու սկզբունքային դիրքավորվածություն, հարցերի լուծման այլ տեսադաշտ, այլ մարդկային ու տղամարդկային արժեքներ։ 

Մինչև հիմա բացի բանտում եղած մի քանի եզակի անհատներից, ո՞ւմ եք տեսել որպես սկզբունքային ընդդիմադիր։ Օրինակ, «Ելքն» ու «Լուսավոր Հայաստանը» նշաձողերն այնքան իջեցրին, որ դրսևորվեցին որպես եղածը լեգիտիմացնող, փաստացի պետական-քաղաքական հանցագործներ։ Բայց ում «վեջն» է դա. ոչ կատարվածի քննարկումը կա, ոչ գնահատականը։

Ապականված է ոչ միայն ընդդիմադիր դաշտը՝ լցված պնակալեզներով, այլև ամայացված է հանրային, հասարակական, ազգային մտածելակերպի ասպարեզը, ուր ոչ մի սրբություն ու սկզբունքայնություն չի մնացել, չհաշված մանկական հեքիաթայնությունն ու հրաշքի սպասելը:

Սարգսյանն արել է շատ ավելին, քան մենք պատկերացնում ենք։ Ինքը դա պատկերացնում է, դրա համար էլ այսօր անորոշությունների մեջ է:

Հարցազրույցը՝ Արմենուհի Վարդանյանի

Դիտվել է՝