ՊԵԿ-ի պաշտոնական պատասխանը՝ դրոշմապիտակ տրամադրելու կարգի փոփոխության մասին

pek

Ինչպես հրապարակել էր ԳԱԼԱ-ն, սույն թվականի հուլիսից ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը փոփոխություններ է իրականացրել դրոշմապիտակների տրամադրման կարգում, որով բարդացվել է մարզային բնակավայրերում գործունեություն ծավալող գործարարների աշխատանքը:

Եթե նախկինում դրոշմապիտակավորման ենթակա ապրանք արտադրող գործարարները համապատասխան վճարումները կատարելուց հետո դրոշմապիտակները ստանում էին ՀՀ ԿԱ ՊԵԿ տարածքային մարմինների՝ հարկային տարածքային տեսչություններից, այս տարվա հուլիսից ձեռնարկատերերը ստիպված են հասնել Երևան և Հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 21 բաժնից ստանալ դրոշմապիտակները:

Հասկանալի է, որ հիշյալ փոփոխությունը հանգեցնում է ավելորդ քաշքշուկի և անհարմարության: Դրոշմապիտակներ ձեռք բերելու համար ամեն անգամ իջևանցի, կապանցի, գավառցի կամ գյումրեցի գործարարը պարտադրված է նաև հավելյալ ծախսեր կատարել, ի տարբերություն Երևանում աշխատող գործարարի:

ԳԱԼԱ-ն խնդրի պարզաբանման ակնկալիքով գրավոր հարցում էր ուղարկել ՊԵԿ՝ խնդրելով հստակեցնել՝ կոնկրետ ի՞նչ փոփոխությունների արդյունքում է նման պահանջ ներկայացվում գործարարներին, ի՞նչ հիմնավորմամբ պետք է Հայաստանի տարբեր բնակավայրերից գործարարները դրոշմապիտակ ձեռք բերելու համար հասնեն Երևան:

Ի պատասխան ստացել ենք, կարելի է ասել, ոչինչ չասող պատասխան:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նախ տեղեկացնում է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 9.3-ի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից»:

Չնայած օրենքի մատնանշված կետի, թե իրականում որտեղից պետք է գործարարները ձեռք բերեին դրոշմապիտակները, ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պատասխան գրության մեջ նշում է.

«Ներկայումս դրոշմապիտակների տրամադրման գործառույթն իրականացվում է կենտրոնացված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 21 բաժնի կողմից (հասցե՝ ք. Երևան, Արարատյան 90)` իրեն վերապահված լիազորությունների շրջանակում»:

Չկա ոչ մի տող այն մասին, թե ինչու, որն է տրամաբանական բացատրությունը՝ գործառույթը կենտրոնացված կարգով իրականացնելու: ՊԵԿ-ը գնալով նման փոփոխության՝ մտածել է բացառապես սեփակա՞ն հարմարավետության մասին: Որտե՞ղ է այստեղ գործարարի շահը, որը անշեղորեն պետք է սպասարկեն ՀՀ Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչներն ի պաշտոնե:

Ամենաուշագրավը, սակայն, գրության վերջնամասն է, համաձայն որի. «Առաջիկայում դրոշմապիտակների տրամադրման գործընթացը կիրականացվի նաև Հարկ վճարողների սպասարկման վարչության տարածքային սպասարկման մյուս բաժինների կողմից»:

Այստեղ էլ հարց է առաջանում՝ կոնկրետ ե՞րբ կվերացվի խոչընդոտը՝ գործարարի աշխատանքի սահուն կազմակերպման հարցում և Հարկ վճարողների սպասարկման վարչության տարածքային սպասարկման մյուս բաժինները կսկսեն դրոշմապիտակ տրամադրել: Կամ մինչ պատասխան գրության մեջ նշված «առաջիկան», ՊԵԿ-ը պատրաստվո՞ւմ է փոխհատուցում տրամադրել Հայաստանի մարզերում դրոշմապիտակավորման ենթակա ապրանք արտադրող բոլոր գործարարներին, եթե այո, ապա ի՞նչ ընթացակարգով և այլն…

Այս հարցերին ավելի կոնկրետ պատասխան ստանալու համար ԳԱԼԱ-ն դարձյալ գրավոր հարցում է ուղարկել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին՝ ակնկալելով կոնկրետ հարցադրումներին ավելի հստակ ձևակերպումներ:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝