Սերժ Սարգսյանն այլևս իշխող վերնախավի համար ոչ թե մոբիլիզացնող, այլ ապակայունացնող գործոն է

20689765_10213135737885385_5827900308872099342_o

Սեպտեմբերին սկսվում է քաղաքական նոր թատերաշրջանը: Հիմնական թեման՝ ով է ժառանգելու Սերժ Սարգսյանի իշխանությունը:

Բոլորը, հատկապես մեր Պատժի նեղ շրջապատում հասկացել են, որ նա քաղաքականապես և բարոյապես վերջացած անձնավորություն է, կարճ ասած՝ անգործունյա է ու որևէ վճռական քայլի այլևս անընդունակ է և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես և՛, ամենակարևորը, ինտելեկտուալ առումով:

Սերժ Սարգսյանը կարողանում է պահպանել իշխանությունը, սակայն կիրառել իշխանությունը հանուն հանրային բարօրության անընդունակ է:
Անկախ նրանից, թե 2018-ին նա կդառնա վարչապետ, թե չի դառնա, մեծ հաշվով նա գնացող է և պահելով իշխանությունն, այնուամենայնիվ, չի կարողանա կանխատեսելի կերպով իշխանության վերարտադրության խնդիրը լուծել: Նա իր շուրջը դեռևս մոբիլիզացրել է կլաններին, սակայն նրանց համար կանխատեսելի ապագա չի կարողացել կերտել և չէր էլ կարող. գործող կլանների կոչումն է միմյանց հոշոտել, ինչը ժամանակավորապես հետաձգվել է:

Սա է հիմնական քաղաքական ինտրիգը, և այս խնդրի շուրջն են ընթանալու հիմնական զարգացումները: Սերժ Սարգսյանն այլևս իշխող վերնախավի համար ոչ թե մոբիլիզացնող, այլ ճիշտ հակառակը՝ ապակայունացնող գործոն է:

Արդեն գոյություն չունի իշխանություն ու ընդդիմություն, այլ գոյություն ունեն խմբավորումներ, որոնք լուռ կերպով պատրաստվում են սպասվող ճակատամարտին:
Վերախմբավորումները, բնականաբար, չեն լինելու ըստ կուսակցական պատկանելության, այլ լինելու են անձերի շուրջը: Նոր բաժանումների ժամանակ պետք է մոռանալ «խորհրդարանական մեծամասնություն» հասկացությունը: Գործի են դրվելու փողը, ֆիզիկական ուժը, զենքը:

Մի խոսքով, լուծումները կլինեն ուժի գործադրմամբ, իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանի շուրջ դեռևս պասիվ տարանջատումներն արդեն սկսվել են, և առաջին կանխանշանները կսկսեն ուրվագծվել սեպտեմբերին:

Եթե 2018-ին Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ապա դա որոշ ժամանակով կերկարաձգի հանգուցալուծումը, բայց հետագայում այն կլինի ավելի ցավոտ, առանց գերագույն արբիտրի մասնակցության:

Ապագայում չի բացառվում նաև բազմագլուխ դասական օլիգարխիայի կառավարման տարբերակը, ինչը, որպես կանոն, մեծ արյամբ է վերջանում:
Իսկ մինչ այդ այն հարցը, թե որ կլանը կկարողանա իր կողմը ձգել հեղափոխական ամբոխներին, դա էլ կլինի գլխավոր ինտրիգը: Համենայնդեպս կլանների հիմնական պայքարն ընթանալու է հեղափոխական ռեսուրսի համար:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝