Գյումրիում գործող «Չապ Քեմիքլ» ՍՊԸ-ն պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ ՊԵԿ-ի

պեկ

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ստանձնելով պաշտոնը, կառույցի ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ գործարարին պետք է դիտարկել որպես հանրային բարիք ստեղծող, որ պետք է օրենքի դաշտում աշխատող գործարարը չզգա ՊԵԿ ներկայությունը, իսկ հովանավորչությունը պետք է բացառվի և այլն…

Անշուշտ, ՊԵԿ-ը ոչ թե պետք է խոչընդոտներ ստեղծի գործարարի համար և հարևանցի հետևի, թե ինչպես է նա հաղթահարում դրանք, այլ ճիշտ հակառակը. գործարարին դիտարկելով որպես գործընկեր՝ կառույցը պետք է փորձի հարթել խութերը, որոնք բարդացնում են հանրային բարիք ստեղծողների աշխատանքը:

Գործնականում, սակայն, հակառակ պատկերն է: Հրապարակային հայտարարություններն այլ դաշտում են, հանձնարարականներն ու բուն աշխատանքային պրոցեսը՝ բոլորովին այլ՝ պոպուլիստական հայտարարությունների հետ ամենևին ընդհանուր եզրեր չունեցող:

Ո՞ւմ շահերն է սպասարկում ՊԵԿ-ը, եթե ոչ գործարարների

Պետեկամուտների կոմիտեն ի պաշտոնե գործարարի շահերը սպասարկելու, վերջինիս համար բարենպաստ, հարմարավետ միջավայր ստեղծելու փոխարեն շարունակում է մտածել ու գործել բացառապես սեփական շահերից ելնելով:

Նախորդ ամսվանից, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը հերթական խնդրի առաջ է կանգնեցրել գործարարներին, որը համընդհանուր է Հայաստանի մարզային բնակավայրերում գործունեություն ծավալողների համար:

նօըեմիԵթե նախկինում դրոշմապիտակավորման ենթակա ապրանք արտադրող գործարարները համապատասխան վճարումները կատարելուց հետո դրոշմապիտակները ստանում էին ՀՀ ԿԱ ՊԵԿ տարածքային մարմինների՝ հարկային տարածքային տեսչություններից, այս տարվա հուլիսից ինչ-որ ներքին կարգադրությամբ (համենայնդեպս այդպես են ներկայացնում կառույցի աշխատակիցները) ձեռնարկատերերին չեն տրամադրվում դրոշմապիտակներ: Նշվում է, որ պարտադիր պայման է հասնել Երևան և դրոշմապիտակները ստանալ «հարկային պահեստից»:

Հասկանալի է, որ այս, մեղմ ասած, անտրամաբանական փոփոխության արդյունքում տուժում են մարզերում աշխատող գործարարները: Սա ենթադրում է ավելորդ քաշքշուկ, անհարմարություններ, ժամանակի վատնում: Դրոշմապիտակները ստանալու համար ամեն անգամ իջևանցի, կապանցի, գավառցի կամ գյումրեցի գործարարը պարտադրված է նաև հավելյալ ծախսեր կատարել, ի տարբերություն Երևանում աշխատող գործարարի:

«Ինչո՞ւ պետք է Հայաստանի բոլոր մարզերից արտադրողները հասնեն Երևան, այնտեղ հերթ կանգնեն և ստանան իրենց դրոշմապիտակները: Սա բացահայտ խտրական վերաբերմունք է մարզերում գործող արտադրողների նկատմամբ: Հետաքրքիր կլինի իմանալ իշխանությունների կարծիքը, թե ինչով է պայմանավորված այս խտրական մոտեցումը: Ինչո՞ւ պետք է Երևանում գործող արտադրողներն առավելություն ունենան մարզերում գործողների նկատմամբ»,- հարցադրում է Գյումրիում գործունեություն ծավալող «Չապ Քեմիքլ» ՍՊԸ փոխտնօրեն, տնտեսագետ Արման Գրիգորյանը:

Գործադիր մարմնի ղեկավար Կարեն Կարապետյանը ևս ամեն առիթի խոսում է հավասար, արդար և գործարարությունը խթանող պայմանների ապահովման մասին, բիզնես միջավայրը բարելավելու, հարկային բեռը թեթևացնելու և արհեստական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ «կատարվող քայլերի» մասին: Վերոհիշյալ պարտադրանքը հակասում է նաև ՀՀ կառավարության «որդեգրած սկզբունքներին»:

«Խոսում են մի բան, անում հակառակը: Ես հիշեցնեմ. հատկապես նախընտրական քարոզարշավների ժամանակ գործող իշխանությունների հռետորաբանության բաղկացուցիչ մասն են կազմում նաև համահարթեցման կամ մարզերի համաչափ զարգացման մասին խոստումները»,- հավելում է է տնտեսագետը:

Նշենք, որ դրոշմապիտակները միայն մայրաքաղաքից ստանալու պարտադրանքի վերաբերյալ ԳԱԼԱ-ն օգոստոսի 1-ին գրավոր հարցում է ուղարկել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին:

Խնդրել ենք պարզաբանել՝ կոնկրետ ի՞նչ փոփոխությունների արդյունքում է նման պահանջ ներկայացվում գործարարներին, ի՞նչ հիմնավորմամբ պետք է գործարարը ՀՀ որևէ այլ բնակավայրից ստիպված լինի դրոշմապիտակ ձեռք բերելու համար հասնել Երևան: Տեղեկատվության ստացման հարցմանը պաշտոնական արձագանք դեռևս չենք ստացել ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավարից:

Հավելենք, որ Գյումրում գործող «Չապ Քեմիքլ» ՍՊԸ-ն պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի:

 Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝