«Միջազգային հանրությանը պետք է ասել՝ եթե դուք չեք կարող, ուրեմն մենք կվարվենք այնպես, ինչպես կվարվեն Ադրբեջանի նման ահաբեկչական պետության հետ»

serj aliev

Հուլիսին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի միջև կայացած հանդիպումից հետո եղան հայտարարություններ, թե նախատեսվում է Սարգսյան-Ալիև հանդիպում: Սակայն հնարավոր հանդիպման վերաբերյալ այլևս չի խոսվում:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, թե խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը բացահայտ հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից, ուստի, ըստ մեր զրուցակցի, Հայաստանն էլ պետք է առաջ տանի նույն մարտավարությունն ու բացառի ցանկացած հանդիպում, մինչև Բաքուն կհամաձայնի կյանքի կոչել պայմանավորվածությունները:

Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյան

«Ադրբեջանական կողմը սկզբից հայտարարեց, որ ինքը համաձայն է, իսկ հետագայում, ինչպես միշտ, փորձեց այդ ամենը ներկայացնել այն տեսակետից, որն իրեն ձեռնտու է: Այդ քայլերից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, որ այլևս ոչ մի հանդիպում տեղի չի ունենա: Ես լիովին դրան կողմ եմ, քանի որ եթե մենք շարունակում ենք բանակցություններն այն խաղի կանոններով, որը որ պարտադրում է մեզ Ադրբեջանը, ինչպես նաև այդ խաղի կանոնները պարտադրում է նաև Մինսկի խմբի համանախագահներին, տեսնում ենք, որ դա մեզ բացառապես ձեռնտու չէ, ուստի պաշտոնական Երևանը մինչև վերջ պետք է շարունակի իր քաղաքականությունը, պետք է հայտարարի, որ ոչ մի հանդիպում էլ տեղի չի ունենալու, բացի այդ, այդ բոլոր հանդիպումները, որ տեղի են ունենում, մեզ համար բավականին ծանր հետևանքներ են ունենում»,- ասաց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանի գնահատմամբ՝ ադրբեջանական կողմն առաջնագծում պարբերաբար է գնում սադրանքների ղարաբաղյան խնդրի շուրջ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար: Մեր զրուցակիցը նաև դրանով է պայմանավորում ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունները, որոնց ձեռնամուխ եղավ հակառակորդը.

«Արդեն 2-3 տարի է միջազգային հանրության համար արցախյան հարցն այդքան էլ կարևոր չէ, քանի որ աշխարհում ավելի գլոբալ գործընթացներ են տեղի ունենում, կոնկրետ Արևմուտքի համար հիմա ավելի կարևոր է ուկրաինական, սիրիական ճգնաժամը, հիմա ավելի կարևորություն է ձեռք բերել նաև Պարսից ծոցի ավազանում արաբական որոշ երկրների միջև տեղի ունեցած դիվանագիտական կոնֆլիկտը, ավելի շատ որը հայտնի է քաթարյան ճգնաժամ, ուստի միջազգային հանրություն կոչեցյալի համար ավելի կարևոր են դրանք, քան արցախյան հիմնահարցը: Ես պետք է նշեմ նաև, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի պատճառներից մեկը հենց դա էր, որ միջազգային հանրությունը բավականին անտեսել էր արցախյան խնդիրը, ինչը ձեռնտու չէր Ադրբեջանին, ու ինքը փորձեց ստատուս քվոն խախտելով ու պատերազմ սանձազերծելով՝ միջազգային հանրությանը ցույց տալ, որ գոյություն ունի խնդիր, որը պահանջում է իր լուծումը, և ադրբեջանական կողմը համաձայն չէ այն ստատուս քվոյի հետ, որը երկար ժամանակ կա Հարավային Կովկասում»,- նշեց քաղաքագետը:

Հիշեցնենք, հուլիսին արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումից հետո Ալիևը հայտարարեց, թե բանակցությունները Ղարաբաղի հարցով վերսկսվել են առանց նախապայմանների. «Ձեզ հայտնի է, որ ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանը բանակցությունները վերսկսելու համար մի քանի նախապայման առաջ քաշեց և բաց հայտարարեց դրանց մասին… Կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Բանակցային գործընթացը վերսկսվեց: Ադրբեջանական կողմը ոչ մի նախապայման չընդունեց: Բանակցությունները շարունակվեցին առանց նախապայմանների»,- հայտարարեց Ալիևը:

Ըստ քաղաքագետ Գ. Համբարյանի՝ սա խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը շարունակում է առաջ տանել իր մարտավարությունը, ուստի նույնը պետք է անի նաև հայկական կողմը:

«Ադրբեջանական կողմը շատ վաղուց է առաջնորդվում «այն, ինչ ինձ է ձեռնտու, ես այդ եմ անում» սկզբունքով, ցավոք, նույնը չի կարելի ասել հայկական կողմի պահով, որը վերջին երկու տասնամյակում միայն պաշտպանվողի դերում է հանդես գալիս: Այո, ես հասկանում եմ, որ այն ստատուս քվոն, որը կա տարածաշրջանում, գոնե տարածքների առումով մեզ ձեռնտու է, բայց մեզ ձեռնտու չէ անընդհատ պաշտպանվել թե ռազմական, թե դիվանագիտական ոլորտներում: Մենք անընդհատ սպասում ենք Ադրբեջանի նախահարձակ լինելուն, որպեսզի մենք պատասխան տանք, մենք պետք է ընդօրինակենք Իսրայելի տարբերակը, որը վերջին դեպքերի ժամանակ մեր կողմը կիրառեց, այսինքն՝ եթե ադրբեջանական կողմն ահաբեկչական ոճով է մեզ պատասխանելու, ապա համապատասխան, սաստիկ ու ցավոտ պատասխաններ են ստանում հայկական կողմից»,- ասաց քաղաքագետը և օրինակ բերեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը. «Ամբողջ Արցախի և Ադրբեջանի սահմանագոտում գտնվող գրեթե բոլոր ադրբեջանական բնակավայրերը վերածվել են ռազմական հենակետերի, դա չի վերաբերում միայն Ալխանլուին, դա վերաբերում է և՛ Թարթառի շրջանի, և՛ Աղդամի շրջանի ադրբեջանական գյուղերին, որոնք բնակեցված են, ու հայկական կողմը պետք է նույն տակտիկան որդեգրի, ու մենք պետք է բացարձակ թքած ունենանք միջազգային հանրության արձագանքին, քանի որ այդ միջազգային հանրությունը մտածում է իր շահերի մասին: Իսրայել պետության համար բացարձակ գրոշի արժեք չունի որևիցե միջազգային կազմակերպության կամ երկրի արձագանք, եթե սպանվում է որևէ հրեա Իսրայելում, իրենք սաստիկ ու դաժան պատասխան են տալիս, նույնը մենք պետք է անենք: Եթե տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը տարրականորեն անտեսում է նույն միջազգային հանրության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարտավոր են պարտադրել ադրբեջանական կողմին՝ կյանքի կոչելու ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց տակ ստորագրել է Ադրբեջանի նախագահը»,- նշեց Գ. Համբարյանը:

Հայկական կողմն, ըստ նրա, վաղուց պետք է փոխեր պաշտպանողական մարտավարությունը: Հակառակորդն առիթավորվում է, երբ հայկական կողմը քայլեր չի ձեռնարկում կամ արժանի հակահարված չի տալիս.

«Ես շատ ուրախ եմ, որ հայկական կողմը պատասխանում է այնպես, ինչպես պետք է պատասխաներ շատ վաղուց, ադրբեջանական կողմից, այսինքն Ալխանլու գյուղի բնակիչները, որոնցից երկուսը զոհվեցին, իրենք պետք է պայքարեն ադրբեջանական բանակի դեմ: Մենք սրանով միջազգային հանրությանը ցույց տվեցինք, որ մեր համբերության բաժակը վաղուց լցվել է, եթե դուք չեք կարող, ուրեմն մենք կվարվենք այնպես, ինչպես կվարվեն Ադրբեջանի նման ահաբեկչական պետության հետ»,- եզրափակեց նա:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝