Փաստաբանը պնդում է, որ Հ. Հարությունյանի նկատմամբ դատարանում բռնություն է կիրառվել, ու կատարվածն անպայման կքննվի ՄԻԵԴ-ում

hovhannes harutyunyan

«Սասնա ծռեր» խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը բարձրաձայնում է, որ երեկ դատարանում Հովհաննեսը բռնության է ենթարկվել ուղեկցող ոստիկանների կողմից:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում փաստաբան Սարգսյանը տեսակցել է Հովհաննեսին, վերջինս նրան պատմել է, որ դատական նիստերի դահլիճում իրեն քաշքշելուց բացի, հետագայում նաև հարվածել են. «Հովհաննեսի նկատմամբ այդ ակնհայտ ագրեսիան, բռնի գործողությունները շարունակվել են, նույն այդ ուղեկցող ոստիկանները նրա թևերից բռնել են, որպեսզի Արմեն Ղազարյանը կարողանա ազատորեն իր ագրեսիան դրսևորել Հ. Հարությունյանի նկատմամբ, նրան հրում-քաշում էին, այն դեպքում, երբ նա ձեռնափայտ չուներ, իսկ տվյալ դեպքում, քանի որ նրա ոտքի մեջ սուր բեկորներ կան, հնարավոր է, որ այդ բեկորները վնասեն ոտքի անոթներն ու կյանքին վտանգ սպառնա: Քաջատեղյակ լինելով նրա առողջական վիճակից՝ նրան հրում, քաշում էին, Արմեն Ղազարյանը բռնի կերպով քաշեց, այն դեպքում, երբ առջևում աստիճանահարթակներ էին, ու երեկ ամբողջ օրը ոտքը ցավացել է այդ գործողություններից հետո: Հարված էլ է եղել, բնականաբար, ձեռքերը պահել էին մի քանի ոստիկանով, որպեսզի Հովհաննեսը չկարողանա ինքնապաշտպանվել»,- նշեց Հ. Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:

Ինչպես հայտնի է, երեկ «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստի ժամանակ փաստաբանները միջնորդեցին, որպեսզի ոտքի չկանգնելու համար դատական նիստերի դահլիճից հեռացված խմբի 15 անդամներին դատավորը թույլատրի մասնակցել նիստին, ինչը մերժվեց նիստը նախագահողի կողմից, ու երբ նիստի մասնակիցներից Հ. Հարությունյանը փորձեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, դատավորը չթույլատրեց: Հ. Հարությունյանը զայրույթից ձեռնափայտով հարվածեց գետնին, դատավորն էլ սանկցիա կիրառեց և 10 ժամով հեռացրեց նրան դահլիճից:

Փաստաբան Հայարփի Սարգսյանը պնդում է, որ նրան հեռացնելու ժամանակ են բռնության ենթարկել. «Կամայականություն է, օգտվում են անպատժելիության մթնոլորտից, քանի որ բավականին երկար տարիներ մենք ականատես ենք այս անպատժելիության մթնոլորտին, իրենք էլ օգտվում են այս վիճակից ու անում են այն, ինչ ուզում են: Քանի որ դատավորը պատրաստվում էր գնալ արձակուրդ ու թողնել իմ պաշտպանյալին բախտի քմահաճույքին, այդ պատճառով ես ցանկանում էի խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդություն ներկայացնել՝ ներկայացնելով նաև շատ կարևոր հիմք դրա համար՝ բժշկական եզրակացություն: Դատարանը, գիտակցելով դա, ամեն կերպ փորձում էր խուսափել լսելու Հ. Հարությունյանի հայտարարությունները, թե իր նկատմամբ այս ողջ ընթացքում ինչ խախտումներ են կատարվել: Կոնկրետ իմ պաշտպանյալի նկատմամբ խտրական վերաբերմունք եղել է ի սկզբանե՝ 2016 թվականի հուլիսի 26-ից»,- նշեց Հովհաննես Հարությունյանի փաստաբանն՝ ավելացնելով, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի կայացրած որոշումների վերաբերյալ չի պատրաստվում հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին, քանի որ անիմաստ է համարում.

«Եթե ես հիմա հաղորդում ներկայացնեմ հանցագործության մասին գլխավոր դատախազություն կամ հատուկ քննչական ծառայություն, դա ձևական բնույթ կկրի և կլինի ոչ արդյունավետ, ընդամենը ժամանակի կորուստ: Այդ պատճառով ես գտնում եմ, որ ավելի արդյունավետ կլինի պարզապես այդ տեղեկատվությունն ուղարկել Եվրոպական դատարան սույն գործի հետ քննության համար»,- եզրափակեց փաստաբանը:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝