«Փաստաբանների պալատը վերջին ճիգերն էր գործադրում դեմքը փրկելու համար, սակայն թույլ չտրվեց». փաստաբանների արձագանքը

новый коллаж

ՀՀ փաստաբանների պալատն ու ՀՀ դատական դեպարտամենտը համատեղ հայտարարություն են ընդունել դատարաններում փաստաբաններին զննության ենթարկելու գործընթացի վերաբերյալ: Նշենք, որ մի խումբ փաստաբաններ վերջին շրջանում բարձրաձայնում են, որ դատարաններում ոչ թե զննության, այլ խուզարկության են ենթարկվում, դատական կարգադրիչները ստուգում են անգամ փաստաբանների պայուսակները, գրպանները, ինչը, վերջիններիս պնդմամբ, անօրինական է:

Այսօրվա համատեղ հայտարարությամբ փաստաբանների պալատն ու դատական դեպարտամենտը մի քանի կետերով մանրամասնել են, թե ինչու է կարևոր փաստաբանի զննությունը դատարանում և թե ինչպես է դա իրականացվելու:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում, անդրադառնալով համատեղ այդ հայտարարությանը, կարծիք հայտնեց.

«Դա հայտարարություն է ոչնչի մասին, անիմաստ և անտեղի, ես չգիտեմ ինչ նպատակ է հետապնդում պալատը՝ նման հայտարարություններ ստորագրելով, փաստաբանների իրավունքները պաշտպանելու փոխարեն չգիտեմ ինչով է զբաղված, ու առհասարակ ինձ թվում է՝ պալատը և ղեկավարությունն ավելի լավ է զբաղվեն կուլտուր-մասսայական միջոցառումներով ու զերծ մնան բուն փաստաբանությանը վերաբերող հայտարարություններից, քանի որ ակնհայտ վրիպում են ու սխալվում են: Մահացու վտանգ է այս պալատը փաստաբանության համար, ոչ թե ինչ-որ բաներ է անում, այլ մահացու վտանգ է, իրավապաշտպան գործունեության այդ տեսակը Հայաստանում դրված է վտանգի տակ, ու դրա ամենամեծ գործիքը հենց պալատն է»,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Ստացվում է, որ փաստաբանների պալատը ոչ միայն չի պաշտպանում իր անդամներին, այլ, ընդհակառակը, նախագահի գլխավորությամբ ընդունում է համատեղ մի հայտարարություն, որում մանրամասն ներկայացվում է, թե զննության քանի փուլ է անցնելու փաստաբանը դատարանում: Ու սա այն պարագայում, երբ պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դատական նիստերից մեկի ժամանակ այցելեց դատարան, ականատես եղավ փաստաբանների զննության ողջ գործընթացին, ապա հայտարարեց, թե կդիմեն դատական համակարգին, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկվեն:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը համատեղ հայտարարության վերաբերյալ նշեց.

«Փաստաբանների պալատի գործունեության հետ կապված իմ տպավորությունը ձևավորվել է արդեն տարիների ընթացքում, ու ես կզարմանայի, որ նման հայտարարություն չտարածվեր, անկեղծ ասած՝ սպասում էի դրան ավելի վաղ: Կարծում եմ՝ փաստաբանների պալատը վերջին ճիգերն էր գործադրում դեմքը փրկելու համար, սակայն թույլ չտրվեց դեմքը փրկել, ու ստորագրել տվեցին այն թուղթը, որը ստորագրվեց, նմանատիպ մի թուղթ էլ ստորագրել էին տվել Արդարադատության նախարարության շենքում, երբ որ քրեակատարողական հիմնարկներում էին փորձում խուզարկել փաստաբաններին: Ի դժբախտություն փաստաբանների պալատի, ասեմ, որ իր կողմից ստորագրած թուղթն այդպես թուղթ էլ մնալու է, ինչպես մնաց «Համատեղ հայտարարություն» վերտառությամբ Արդարադատության նախարարությունում ստորագրածը, քանի որ մենք, այնուամենայնիվ, կարողացանք հասնել նրան, որ քրեակատարողական հիմնարկներում մեզ չեն խուզարկում:

Ինչ վերաբերում է Արա Զոհրաբյանի գործունեությանը, ապա փաստաբանության զարգացման նպատակով իր լավագույն քայլը կլինի որևէ բան չանելը, առհասարակ որևէ դատարան չգնալը, հրապարակային ելույթ չունենալը, որևէ թուղթ չստորագրելը, հատկապես, որ այդ թուղթը որևէ իրավական արժեք չունի, ես զարմանում եմ՝ ինչպե՞ս են իրավաբանները ստորագրում մի թուղթ՝ հասկանալով, որ դա թուղթ է, ո՞ւմ են ինչ ուզում ցույց տալ, ո՞վ է այդ թղթի հասցեատերը, մե՞նք, մեզ դա չի հետաքրքրում, ո՞ւմ համար են դա ստորագրում, իրենք երևի գիտեն»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց Երվանդ Վարոսյանը:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝