Տնակը տարածքով օտարվել է առանց տնակատերերի իմացության. անօթևան ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում

20563009_805892252913494_60593674_n

Գյումրու Մուսայելյան 107/163 տնակում ապրող Աբրահամյանների ընտանիքը երկրորդ տարին է դատական քաշքշուկների մեջ է: 2015 թվականին, երբ դիմել են Գյումրու քաղաքապետարան տնակի տարածքը սեփականացնելու համար, պարզել են, որ 2011 թվականին տարածքն աճուրդով օտարվել է, գնորդն էլ իրենց հարևանն է՝ Հակոբ Սարգսյանը, ով 2015 թվականին նույն տարածքը վաճառել է մեկ այլ՝ երրորդ անձի՝ Սամվել Ավետիսյանին:

ԳԱԼԱ այցելած տնակատերը՝ Վաչագան Աբրահամյանը, պատմեց, որ այս ամբողջ գործընթացը տեղի է ունեցել առանց իրենց իմացության: Հիմա ցանկանում է վերականգնել տարածքի նկատմամբ իր իրավունքները՝ դատական ճանապարհով, սակայն դեռևս հաջողության չի հասել:

Աբրահամյանների ընտանիքը երկրաշարժին բնակարան է կորցրել ու հաշվառված է անօթևանության հերթացուցակում: Վաչագան Աբրահամյանը ենթադրում է, թե հարևանը կարծել է, թե իրենք բնակարան կստանան ու կլքեն տարածքը, ուստի շտապել է գնել այն, սակայն իր համար անհասկանալի է այն, թե ինչպես է նման քայլի գնացել Գյումրու քաղաքապետարանը՝ տեղյակ լինելով, որ տարածքում տնակ կա, որտեղ բազմազավակ ընտանիք է ապրում.

«2015-ին, երբ որ Սամվել Բալասանյանը հայտարարեց, թե ով որ տնակում է, կարող է տնակը տարածքով սեփականաշնորհել, տնակի տեղը քարաշեն տուն սարքել, դիմեցինք քաղաքապետարան, դրական պատասխան տվեցին, եկան չափագրեցին գնացին: Հետո, երբ գործը մտավ կադաստր, պարզվեց, որ 2011 թվականին մեր հարևանությամբ ապրող Հակոբ Սագսյանին են վաճառել տարածքը տնակով, բայց ինքը երկրաշարժից 4 տարի անց 3 սենյականոց բնակարան է ստացել Անի թաղամասում, մի տարի անց Գյումրու սուղ պայմաններում երկրորդ բնակարանը ստացավ, չհասկացանք ինչպես:

Քննչական մարմիններին բողոքս դա է էլի, թե ինչպես է ստացվում, որ մի ընտանիքը մի քանի տուն է ստանում, բայց մեր ծանրաբեռնված ընտանիքը՝ 7 անչափահասով, տուն չունեցավ: Վաճառել են կեղծիքներով, տնակն էլ հետը սեփականաշնորհել են որպես սեփական տուն, վաճառել են Հակոբ Սարգսյանին, ինքն էլ մեկ ուրիշին է վաճառել, ով բիզնեսմեն է, հողի առք ու վաճառք են անում՝ Սամվել Ավետիսյանը: Քաղաքապետարանի հետ խորհրդակցել են, ինչ-որ ծանոթ-բարեկամով մեր տարածքը գնել են իբր դատարկ հողատարածք: Դա եղել է 2011-ին, այդ ժամանակ, երբ դեռ Վ. Ղուկասյանն էր քաղաքապետ»,- պատմեց տնակատերը:

Քաղաքացին պնդում է, որ տարածքի օտարումը կեղծիքներով է տեղի ունեցել, քանի որ փաստաթղթերում այն ներկայացված է որպես դատարկ տարածք: Բացի միաժամանակ նշված է, որ աճուրդով տարածքը ձեռք բերող սեփականատերը պետք է տարածքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելուց հետո քանդի տարածքում գտնվող տնակը:

Այսինքն՝ էական հակասություններ կան փաստաթղթերում, որոնք հայտնաբերել են նաև իրավապահ մարմինները, սակայն գործին ընթացք չեն տվել:

«2015 թվականին նա տարածքը վաճառել է մյուս հարևանին՝ իմանալով, որ դա իրենցը չէ, այդտեղ ես ապրում եմ, բայց ինձ ոչ մի բան չասելով՝ գնել են տարածքը: Մենք տեղյակ եղանք այն ժամանակ, երբ որ մենք դիմեցինք քաղաքապետարան: Հիմա քաղաքապետարանից ասում են, որ նախկին իշխանություններն են մեղավոր: Հետո ասում են՝ հայտարարություն են տվել, վաճառել են, բայց վաճառել են որպես չծանրաբեռնված տարածք, քանի որ ծանրաբեռնված տարածքը վաճառելու իրավունք չունեին: Եթե վաճառում էին, ես կգնեի, թող ինձ վաճառեն, կամ ես տուն չեմ ստացել, ո՞նց են դնում վաճառում: Գործը տվել եմ դատարան, անընդհատ ձգձգվում է: Քննչական մարմինները, ճիշտ է, գտել են, որ կեղծիքներ եղել են, բայց ոչ մի բան չեն անում, փաստորեն ժամանակին ով ինչ ուզել արել է, արդյունքում իրենք պատիժ չեն կրում, իսկ ես տուժում եմ»:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ քաղաքացու բողոքի հիման վրա սկզբում քրեական գործ է հարուցվել, որը, սակայն, հետագայում իր որոշմամբ կարճվել է, քանի որ բավարար հիմքեր չեն եղել:

Նշենք, որ տնակատեր Վաչագան Ավետիսյանն էլ այժմ դատարանում բողոքարկում է դատախազի որոշումը:

20562766_805892282913491_620647805_n20614348_805892296246823_1666768718_n

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝