Բաղանիսի միջդիրքային տարածքում ևս հրդեհ է բռնկվել, սակայն գյուղապետը վստահեցնում է, որ այժմ վիճակը հանգիստ է

baxanis-voskepar

Վերջին մի քանի օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից վիրավորվեցին ՊԲ 2 պայմանագրային զինծառայողներ:

Ադրբեջանական զինուժը կրակ էր բացել նաև Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս և Ոսկեվան համայնքների պաշտպանական դիրքերի և միջդիրքային տարածքներում գտնվող խոտհարքների վրա, ինչի արդյունքում հրդեհ էր բռնկվել:

Նարեկ Սահակյան

Նարեկ Սահակյան

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ հրդեհը հանգցվել է, իսկ գյուղը նյութական վնասներ չի կրել. «Բաղանիսին մերձակա տարածքում էլ է հրդեհ բռնկվել, հրդեհը մարված է, հիմնականում չոր խոտածածկ տարածք է այրվել, նյութական վնասներ չունենք, հիմա էլ վիճակը խաղաղ է»,- ասաց համայնքապետ Նարեկ Սահակյանը:

Գյուղապետն ասաց նաև, որ իրենք մտածում են, որ հրդեհի բռնկման պատճառը հակառակորդի կրակահերթերն են եղել, բայց շատ հավանական է, որ այլ պատճառով էլ լինի. «Ոչ մեկը հստակ չի կարող ասել՝ կրակոցից է եղել, թե ոչ, միշտ էլ հուլիս-օգոստոս ամիսներին միջդիրքային տարածքներում հրդեհ բռնկվում է, բնորոշ է նաև այս եղանակին, մանավանդ այս տարի, որ երկու ամիս է անձրև չի գալիս, հրդեհավտանգ սեզոն է»,- ասաց գյուղապետը:

Այն, որ հակառակորդը պարբերաբար խանգարում է Տավուշի սահմանամերձ համայնքներում իրականացվող բերքահավաքի աշխատանքներին, նորություն չէ, այդ մասին համայնքապետերը հաճախակի են բարձրաձայնում, նախկինում եղել են նաև դեպքեր, որ բերքահավաքի աշխատանքների ժամանակ գյուղացիներ են վիրավորվել: Այդ պատճառով էլ սահմանամերձ Բաղանիս համայնքում երկրորդ տարին է չեն մշակում հակառակորդի կողմից դիտարկվող տարածքների ցանքատարածությունները.

«2 տարի առաջ մենք էլ սահմանամերձ, դիտարկվող տարածքներում ցորեն ցանեցինք, հետո հրդեհեցին ադրբեջանական հենակետերից, հիմա խուսափում ենք այդ տարածքներում ցորեն ցանել, հիմնականում առավել ապահով վայրերում ենք ցորեն ցանել, հնձել, արդյունքներից էլ գոհ ենք: Ինտենսիվ չեն կրակում, երկու-երեք ամիս առաջ ավելի շատ էին կրակում, հիմա մի տեսակ հանդարտվել է, չնայած չենք էլ վախենում որևէ բանից»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց համայնքապետ Նարեկ Սահակյանը:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝