Մեկնարկել է Սասնա ծռերի գործով դատական նիստը. փաստաբան Արայիկ Պապիկյանը բարձրաձայնում է անձնավորված հետապնդման մասին

sasna crer

Մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով հերթական դատական նիստը: Այսօրվա նիստին չեն մասնակցում Պավել Մանուկյանն, Արայիկ Խանդոյանը, Կարո Եղնուկյանը, Սմբատ Բարսեղյանը, քանի որ նախորդ նիստի ժամանակ դատարանը նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց ու որոշեց հեռացնել դատական նիստերի դահլիճից:

Մինչ նիստի մեկնարկը փաստաբանները դարձյալ զննության ենթարկվեցին: Երբ դատական կարգադրիչները ստուգում էին փաստաբան Արայիկ Պապիկյանի պայուսակը, ստուգող սարքերը ձայնային ազդանշան տվեցին, որից հետո դատական կարգադրիչները հայտարարեցին, թե փաստաբանի պայուսակում մետաղական իր կա։

Սկսեցին կազմել արձանագրություն, թե փաստաբանը չի բացում իր պայուսակը, որից  հետո Արայիկ Պապիկյանը զայրացած բացեց պայուսակը, դատարկեց բոլոր իրերը, ու պարզվեց, որ բացի գրքերից, քրեական օրենսգրքից, թղթերից ու գրիչից, պայուսակում ոչինչ չկա։

Փաստաբանը կարգադրիչների կազմած արձանագրության տակ իր առարկությունները գրեց, իսկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե կատարվածը ցույց է տալիս, որ անձնավորված հետապնդում է իրականացվում որոշ փաստաբանների նկատմամբ. «Սա ուղղակի հանցագործություն է, քանի որ իմ պայուսակի խուզարկությունը  չի արձանագրվել առանց ընթերակաների, թեև ես ինքս կամովին եմ բացել, բայց ես ուզում էի ցույց տալ բոլորին, այդ թվում և դատական կարգադրիչներին, ովքեր մեզ պահանջ են ներկայացնում, որ մեր պայուսակներում բացի օրենսգրքերից, թղթերից ոչինչ չկա, բայց միևնույն է, ազդանշանը խփում է, ուստի այլ բան չեմ կարող մտածել, քան, որ սա դիտավորությամբ մեր նկատմամբ հետապնդում է, որպեսզի մեզ ենթարկեն պատասխանատվության, գուցե ավելի հեռուն գնացող պատասխանատվության հարց բարձրացնեն»,- նշեց Արայիկ Պապիկյանը: Արդեն մեկ տասնյակից ավելի դատական սանկցիաներ ստացած փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, թե դատարանից ակնկալում է, որ կատարված դեպքով քայլեր ձեռնարկվեն.

«Ես հուսով եմ, որ այս արձանագրությանը սահմանված կարգով դատավորը պետք է ընթացք ապահովի, ես խնդրել եմ դատարանից, նաև պահանջել եմ, որպեսզի հանցագործության մասին  հաղորդում ներկայացնի պատկան մարմիններին, եթե դատավորն իր պարտականությունները չկատարի, ապա կպարտակի հանցագործությունը, եթե դատավորը դա չանի, ուրեմն ես հաղորդում կներկայացնեմ հանցագործության մասին»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝