Վարուժան Ավետիսյանի նամակը

varujan avetisyan

Armexit-ը Նոր Հանրապետության ստեղծման մասին «Սասնա Ծռեր» ճանապարհային քարտեզի օրգանական բաղադրիչն է: Ի դեպ, տերմինի հեղինակը «Սասնա Ծռերի» շտաբի պետ Մխիթար Ավետիսյանն է: Նա դեռ մեկ տարի առաջ էր կիրառում այդ տերմինը, որը փաստորեն բերնեբերան հասարակության սեփականությունն է դարձել և հայտնվել զլմ-ներում: Ներկայումս Armexit-ը փորձում են ներկայացնել որպես ինքնուրույն և ամբողջական օրակարգ՝ այն նեղացնելով և սահմանափակելով ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցի շրջանակներում:

Մեր օրակարգը մեկն է՝ առկա գաղութային համակարգի փոխարեն ստեղծել ազգային համակարգ:

Գաղութային համակարգը ավելի լայն և մեծ է, քան ՀՀ-ն: Նրա հենքը ռուս-թուրքական դաշինքով ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությունն է (Հայաստանը հաշմանդամ՝ առանց Արցախի և Նախիջևանի՝ զուրկ տարածքային-հաղորդակցային հնարավորություններից և մատաղացու տարածաշրջան ներխուժող գիշատիչների համար), կառավարման լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, գործիքը՝ հայաստանյան գաղութային վարչակազմը, որի մաս է կազմում նաև տիտղոսային ընդդիմությունը:

Դրա փոխարեն ստեղծվելիք ազգային համակարգի հենքը պետք է դառնա հայկական գործոն ձևավորելու հնարավորություն տվող տարածաշրջանային ճարտարապետությունը (Հայաստանը Արցախով և Նախիջևանով հանդերձ՝ Կուր-Արաքսյան Հանրապետություն) և ռուսական պայմանագրերը մերժող ու չճանաչող սուբյեկտ, լծակը՝ հայության ինքնիշխան կամքը, իսկ գործիքը՝ պետական կառավարման ազգային համակարգը:

Այս օրակարգի առաջին հարցը Արցախը ՀՀ-ին միացնելով Նոր Հանրապետություն հռչակելն է, ինչն իր ունիվերսալության շնորհիվ մեկնարկելու է այդ օրակարգի մյուս բոլոր հարցերը, այդ թվում՝ ապագաղութացումը:

Մինչդեռ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը ոչ միայն օրակարգ չէ, այլև առանձին հարց էլ չէ: Մինչ ԵԱՏՄ մտնելը Հայաստանը դարձյալ ենթակա էր գաղութային համակարգին, մեծ բան չի փոխվել: ԵԱՏՄ-ից դուրս գալը մեր ազգային օրակարգի մեկ հարցի՝ ապագաղութացման ենթահարցն է ընդամենը:

Armexit-ը նման նեղ և սահմանափակ տրամաչափով որպես համազգային օրակարգ ներկայացնելը.

ա) գաճաճացնում է մեզ և մեր նպատակը,

բ) գաղութային համակարգին հնարավորություն է տալիս իր ներսում պահել մեզ և կառավարելով գործընթացը՝ ի վերջո չեզոքացնել այն և նրանից բխող վտանգը:

Եթե ուզում ենք մեր ազգային օրակարգն անվանել Armexit դիպուկ տերմինով, ապա դրա տակ պետք է դնենք վերը նշված ազատագրման բովանդակությունը: Ազատագրում, որը ենթադրում է ազգային համակարգի ստեղծում, այլ ոչ թե առկա գաղութային համակարգի ներսում այսօրվա հաշմանդամ քվազիպետության տասնյակ կապանքներից մեկը կտրելու անիրագործելի ու կեղծ հարցի արծարծում:

Ապստամբ Վարուժան Ավետիսյան, Սասնա Ծռերի խոսնակ

28 հուլիսի, 2017թ.

Դիտվել է՝