Արսեն Բաբայանը տեղեկություններ ունի լրատվամիջոց/ներ/ին «ծրարով» կաշառելու մասին

arsen babayan

Այն, որ որոշ մարդիկ, այդ թվում տարբեր գերատեսչությունների մամուլի խոսնակները կարող են վատ բան խոսել ու մտածել որոշ լրագրողների ու լրատվամիջոցների մասին, իրենց իրավունքն է: Կարող են նաեւ այդ մասին գրել իրենց իսկ կողմից ստեղծված «մամլո խոսնակներ հայոց» տիրույթում: Բայց տեղի ունեցածի մեջ երկու փաստ խիստ հետաքրքրական է.

1. Միտում կա խոչընդոտելու լրատվամիջոցի աշխատանքը, ինչի մասին վկայում է «Սեւ ցուցակ»-ը: Խոսում են նաեւ 30-օրյա ժամկետում գրավոր ինֆորմացիային պատասխանելու «պայմանավորվածությունների» մասին:

2.Մամլո խոսնակներից մեկը՝ ՀՀ ԱԺ խոսնակ Արսեն Բաբայանը, հրապարակավ հայտարարում է, որ ինքը տեղեկություններ ունի լրատվամիջոց/ներ/ին ծրարով կաշառք տալու մասին: Սա արդեն լուրջ համակարգային խնդիր է: Նշանակում է՝ կամ Բաբայան Արսենը գիտի ծրար տվող պաշտոնյաների անուններ, կամ նա զրպարտում է:

«Մամլո խոսնակներ հայոց»

Այս ինստիտուտի ներդրման տրամաբանությունը թվում է շատ պարզ: Նշանակվում է մասնագետ, ում վճարում են, որպեսզի վերջինս կարողանա տվյալ գերատեսչության աշխատանքի թափանցիկությունն ապահովել՝ աշխատելով լրատվամիջոցների հետ:

Իրականում այս ինստիտուտը բավականաչափ թերագնահատված է հենց խոսնակների կողմից: Նրանք իրենք իրենց դերն անհամեմատ նսեմացնում են՝ իրենց վերածելով չինովնիկի պաշտպանի, ինչու չէ՝ անձնական քարտուղարի:

Մի անգամ նույնիսկ մտերմիկ զրույցի ժամանակ մամլո խոսնակներից մեկն այսպես արտահայտվեց, որ խոսնակի պաշտոնը տան կնոջ նման մի բան է, եւ եթե պաշտոնյան դուրս է գալիս աշխատանքից, ապա խոսնակը պետք է ինքնակամ դիմում գրի ու դուրս գա:

Հենց այստեղից է հավանաբար սկսվում ամեն բան «Մամուլի խոսնակներ հայոց» «աղավաղված աշխարհում»: Դերի սխալ գնահատումն է  բերում սխալ աշխատանքի:

Բամբասանքներ «Մամլո խոսնակներ հայոց» տիրույթում

Երեկ երեկոյան «Մամլո խոսնակներ հայոց» տիրույթում մամլո մի քանի խոսնակների քննարկումների գաղտնազերծումը հուզեց լրատվական դաշտը: Իրենք խոսնակները սկսեցին բացատրել, որ իրենք էլ իրավունք ունեն ազատ մտածելու եւ ազատ կարծիք արտահայտելու:

Այն, որ ազատ բամբասելու իրավունք ունեն իրենց իսկ ստեղծած տիրույթում, այդ հարցը քննարկման ենթակա չէ, բայց իրավունք չունեն աշխատելու խոսնակի գործունեության տրամաբանությանը հակառակ:

Այսինքն՝ իրենք կոչված են մամուլի հետ աշխատելու եւ ոչ թե խոչընդոտելու մամուլի գործունեությունը: Սակայն ֆեյսբուքյան հայտարարություններից կարելի է ենթադրել, որ այլ «նպատակադրություններ» ու «պայմանավորվածություններ» կան, ինչն անընդունելի է:

Խմբում «ակտիվ» խոսնակները գոնե նկատողություն ստացե՞լ են, հարցը գոնե իրենց գերատեսչություններում իրենց ղեկավարության կողմից քննարկման արժանացե՞լ է:

Համենայնդեպս մեզ՝ լրագրողներիս, դեռ հայտնի չէ նման անուն, ով փորձել է գոնե հանուն սեփական գերատեսչության շահերի իր գործում թերացած խոսնակներին նկատողության արժանացնել: Սա ի՞նչ է նշանակում, արդյոք նշանակում է, որ խոսնակներն այսպիսով հրահանգ են կատարում: Արդյոք նշանակում է, որ Արա Բաբլոյանն ու Էդուարդ Նալբանդյանն էլ մտածում են Արսեն Բաբայանի ու Տիգրան Բալայանի պես:

 «Ծրարների» պատմությունը

Այսօր խնդրի  այլ առավել հետաքրքիր կողմ բացահայտվեց: ՀՀ ԱԺ մամլո խոսնակ Արսեն Բաբայանը հայտարարեց, որ ինքը տեղեկություններ ունի լրատվամիջոց/ներ/ի՝ ծրարներով աշխատելու մասին: Խոսքը կաշառքի մասին է: Այսինքն, Արսեն Բաբայանին հայտնի է, որ լրատվամիջոցները կաշառքով «գործ» են անում:

Սա լուրջ տեղեկություն է: Սա կարելի է  դիտարկել ի վերջո որպես հաղորդում հանցագործության մասին: Ի վերջո, կաշառքը նաեւ երկրորդ կողմ ունի. ովքե՞ր են փող տվողները: Նշանակում է՝ Բաբայանին հայտնի է նաեւ այն պաշտոնյաների անունները, ովքեր գումար են առաջարկում:

Սա համակարգային լուրջ խնդիր է, եթե հաշվի առնենք նաեւ, որ հայտարարողը սովորական քաղաքացի չէ, այլ ՀՀ ԱԺ մամուլի հարցերով պատասխանատուն:

Պետք է այս հարցով զբաղվեն ՀՀ ոստիկանությունը, քննչականը, դատախազությունը, եւ ի վերջո, պետք է այս հարցը «հուզի» ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, քանի որ իր ղեկավարած կառույցը եւ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ պայքարում են կոռուպցիայի դեմ, իսկ իր ղեկավարած կառույցի աշխատողին շատ բան է հայտնի կաշառքի ու կոռուպցիայի մասին:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝