Անավարտ ապստամբություն

sasna crer

2016թ. հուլիսի 17-ին իրենց «Սասնա ծռեր» («Սասնա ծռեր»-ը հայկական ազգային էպոսի անվանումն է) կոչող 31 անձից բաղկացած խումբը, որի ղեկավարներն էին Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը և Արայիկ Խանդոյանը, Հայաստանի մայրաքաղաք Երևանում հարձակվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) շենքի վրա և գրավեց այն:

Հուլիսի 17-ի գիշերը՝ ժամը 05.28-ին, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հետևյալ հայտարարությունը տարածվեց. «Սասնա ծռեր» խմբավորում. մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք»:

«Սասնա ծռեր» խմբի գաղափարական ծագումնաբանությունը

«Սասնա ծռեր» խմբի կորիզը «Հիմնադիր խորհրդարան» հասարակական-քաղաքական միավորին հարող նախկին ազատամարտիկներն են, ինչպես նաև գաղափարակից երիտասարդներ:

«Հիմնադիր խորհրդարան» քաղաքական միավորը ձևավորվել է 2012թ.-ին

Նախախորհրդարան քաղաքացիական շարժման հիմքերի վրա: Շարժումը ձևավորվել է Արցախյան պատերազմի մասնակից լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանի շուրջ: Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի նորանկախ պատմության ամենաուշագրավ և հետաքրքիր կերպարներից է, ով քաղաքականություն մուտք գործեց ռազմի դաշտից: Դեռ Լիբանանում Ժիրայր Սեֆիլյանը 1983-1990 թվականներին մասնակցել է Լիբանանյան քաղաքացիական պատերազմին՝ որպես Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպան։

1990 թվականին Արցախյան շարժմանը ու արդեն ծավալվող Հայ-ադրբեջանական պատերազմին մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Ժիրայր Սեֆիլյանն այն սակավաթիվ սփյուռքահայերից է, ով ակտիվորեն մասնակցել է Արցախյան պատերազմին և հատկապես հայտնի է որպես Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար: Երիտասարդ տարիներին անդամակցել է հայկական ամենահին կուսակցություններից Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը:

1990-ական թվականների վերջին թողել է ռազմական ծառայությունը և

2001 թվականին հիմնադրել «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպությունը՝ հանդես գալով Արցախի հարակից տարածքների վերաբնակեցման օգտին և քննադատելով գործող իշխանությունների քաղաքականությունը:

2006թ. Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի («ՀՀ Սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր») հատկանիշներով: Երկու տարի բանտում անցկացնելուց և 2008թ.-ին բանտից դուրս գալուց հետո հիմնադրել է «Միացում» ազգային նախաձեռնությունը, որի նպատակն Արցախի միացումն էր Հայաստանին, 2009 թվականին՝ «Սարդարապատ» շարժումը, այնուհետև՝ «Նախախորհրդարան» հասարակական–քաղաքական կազմակերպությունը։ Նա իր աջակցությունն է հայտնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Համաժողովրդական շարժմանը», որը ձևավորվել էր 2008թ. նախագահական ընտրությունների համատեքստում, սակայն որոշ ժամանակ անց հիասթափվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քայլերից ու հրապարակային քննադատության ենթարկել նրան:

«Նախախորհրդարան» հասարակական–քաղաքական կազմակերպության հիմքերի վրա էլ ձևավորվել է «Հիմնադիր խորհրդարան» հասարակական-քաղաքական միավորը: Հենց Ժիրայր Սեֆիլյանն էլ համարվում է «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդը, ով «Սասնա ծռեր» խմբի գործողություններից մոտ մեկ ամիս առաջ՝ 2016թ. հունիսի 20-ին, ձերբակալվել էր մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելը կազմակերպելու կասկածանքով։ Այժմ ընթանում է նաև Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունը:

«Հիմնադիր խորհրդարան» քաղաքական միավորն իր համակիրների հետ հայտարարում էր, որ իրենք չեն մասնակցելու քաղաքական գործընթացներին՝ հատկապես ընտրություններին՝ դրանք համարելով կեղծ օրակարգ և իշխանության խաղ: Նրանք համոզված էին, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթված է Հանրապետական կուսակցության կողմից՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Իրավիճակից դուրս գալու միակ ելքը նրանք տեսնում էին/են համաժողովրդական ապստամբության միջոցով: Ուշագրավն այն է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները նախքան ոստիկանության շենքի գրավումը բազմաթիվ հրապարակային հայտարարություններ են արել առ այն, որ ժողովուրդը զինված ապստամբության իրավունք ունի, և իրենք պատրաստ են իրացնել այդ իրավունքը:

Զինված ապստամբություն բարձրացնելուց ընդամենը օրեր առաջ՝ 2016թ. հուլիսի 2-ին, «Սասնա ծռեր» խմբի առանցքային դեմքերից Վարուժան Ավետիսյանը մասնավորապես հայտարարել էր. «Ժողովուրդը կարող է զենք վերցնել և ֆիզիկապես ոչնչացնել այն իշխանավորներին, որոնք վտանգի տակ են դնում ժողովրդի գոյության իրավունքը և այդ ժողովրդին օտարի ձեռքով ծրագրված ցեղասպանության են ենթարկում»:

ՊՊԾ շենքը գրավելուց ու 7 ոստիկան պատանդ վերցնելուց հետո խումբը հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացված էր խմբի հիմնական պահանջը.

«Ժողովրդի իշխանությունը յուրացրած և նրա ֆիզիկական անվտանգությունն ու պետության տարածքը վտանգի ենթարկող Սերժ Սարգսյանը պետք է իր վարչախմբի հետ միասին հրաժարական տա և իշխանությունը փոխանցի Ժողովրդի վստահության կառավարությանը: Հակառակ պարագայում ապստամբությունը կծավալվի և նշված պահանջը կկատարվի ժողովրդի պարտադրանքով»,- մասնավորապես ասված էր տարածված հայտարարության մեջ:

«Սասնա ծռեր» խմբավորման զինված ապստամբության փորձը տևեց շուրջ երկու շաբաթ և ավարտվեց հուլիսի 31-ին, երբ խմբավորման անդամներն առանց իրենց կողմից առաջադրված պայմանների բավարարման վայր դրեցին զենքը և հանձնվեցին իրավապահ մարմիններին:

Իրադարձություններից արդեն անցել է մեկ տարի, սակայն մինչ այժմ խմբի գործողությունների դրդապատճառների և դրանց գնահատականների թեման շարունակում է մնալ հասարակական-քաղաքական դիսկուրսի օրակարգային կետերից մեկը:

Հաջողված զինված ապստամբությունները հեղափոխություն են, իսկ չհաջողվածները՝ քրեական հանցագործություն

«Սասնա ծռեր» խմբավորման զինված ապստամբության փորձը միանշանակ չընկալվեց երկրում:

Իշխանությունը, դատապարտելով կատարվածը, փորձեց պաշտոնական մակարդակով, իր վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներով և ակտիվիստներով խիստ գնահատականների արժանացնել՝ ընդհուպ մինչև ահաբեկչական ակտ որակել:

Դիցուք՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից հուլիսի 18-ին տարածված հայտարարության մեջ օգտագործվում էր «ահաբեկիչ» եզրույթը.

«Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած և իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ և անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլև հանրության համար»: Սակայն հետագայում հրաժարվեցին այդ եզրույթի օգտագործումից:

Այս օրերին «Սասնա ծռեր»-ի գործով ընթացող դատական գործընթացներում խմբի անդամների նկատմամբ ահաբեկչության մասով քրեական գործեր չեն հարուցվել:

Ահաբեկչության մասին չխոսեց նաև դեպքերին 5 օր հետո արձագանքած  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Արևմուտքը ևս խմբի հետ կապված իր հայտարարություններում խուսափեց ահաբեկչություն որակավորումից:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները 2016թ. հուլիսի 19-ին հայտարարեց. «Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական նպատակներով բռնությունների օգտագործումը Հայաստանում կամ ցանկացած այլ վայրում»:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, հանդես գալով Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների անունից, իր հերթին անընդունելի  էր համարել քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումը և մտահոգություն հայտնել անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ:

«Սասնա ծռեր» խմբի գործողությունը հանրության մի ստվար մասի համար որպես ահաբեկչություն չընկալվեց, ավելին, նրանցից շատերը դուրս եկան փողոց՝ խմբի անդամներին իշխանությունների հնարավոր բռնություններից պաշտպանելու համար:

Քաղաքական փորձագետ Արգիշտի Կիվիրյանը համոզված է, որ հասարակությունը հիմնականում պաշտպանել է խմբի գործողությունները.

«Հայաստանում հասարակությունն արդեն լեգիտիմացնում է այդ ճանապարհով իշխանություն վերցնելու ցանկացած խմբի նկատառում»:

Հանրության կողմից աջակցության դրսևորում կարելի է համարել «Սասնա ծռեր»-ի և «Հիմնադիր խորհրդարան»-ի հետ որևէ կապ չունեցող քաղաքացու՝ փայտի գեղարվեստական փորագրող, Արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Սարգսյանի արարքը: Խմբի անդամներին հյուծելու նպատակով իրավապահ մարմինները հրաժարվում էին քաղաքացիների միջոցներով գնված սննդամթերքն ուղարկել խմբի անդամներին: 2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07։00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը, ոստիկանության կրակահերթի ներքո սնունդ է հասցրել այն գրաված, 10 օր այնտեղ գտնվող «Սասնա ծռերին»։

Սակայն իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսօր էլ համոզված է, որ զինված խմբի գործողություններն ահաբեկչություն էր ու հանրային աջակցություն չի ստացել.

«Սատարում նրանք ( «Սասնա ծռեր» խումբը) չստացան: Եթե ժողովրդի կողմից սատարում ստանային, այսօր բոլորովին այլ իրականություն կլիներ»,- նկատում է Հովհաննես Սահակյանը:

Այդ օրերին և դրանից հետո որևէ կազմակերպություն սոցիոլոգիական հետազոտություն չի իրականացրել, թե հասարակության շրջանում ինչ վերաբերմունք ու դիրքորոշում է եղել «Սասնա ծռեր» խմբի այդ քայլի հետ կապված:

Այնուամենայնիվ, հազարավոր քաղաքացիներ այդ ընթացքում դուրս եկան փողոց ոչ թե իշխանությանը զորակցություն հայտնելու «ահաբեկիչների» դեմ պայքարում, այլ՝ այդ «ահաբեկիչներին» իրավապահ մարմինների հնարավոր բռնություններից պաշտպանելու համար:

Զինված ապստամբության փորձի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հանրահավաքների ժամանակ քաղաքացիների հիմնական պահանջն իշխանություններից խմբի անդամների նկատմամբ բռնություն չկիրառելն էր: Խմբի առաջադրած հիմնական պահանջի, այն է՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ փողոցային պայքարի էսկալացիա տեղի չունեցավ, ինչի ակնկալիքն ունեին խմբի անդամները: Վերջիններս անընդհատ համազգային ապստամբություն բարձրացնելու կոչեր էին անում:

Փողոց դուրս եկած քաղաքացիների այդ վարքագիծը Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանն իռացիոնալ պոռթկում է համարում.

«Որևէ ռացիոնալ բան չի եղել, դա պոռթկում էր ընդամենը: Այն ժամանակ հարցադրում էր հնչում, թե՝ ինչո՞ւ են գնացել ոստիկանությունը գրավելու, ինչո՞ւ է հանրությունը գնացել սատարելու այդ մարդկանց, փոխանակ գործեր ըստ այն տրամաբանության, որը դրել են «Սասնա ծռեր»-ը, այսինքն՝ շարունակեին շարժումը, հրաժարականների պահանջներ դնեին և այլն: Ընդամենը գնացին կանգնեցին, որ տղաներին չգնդակահարեն: Սա ցույց է տալիս այդ հանրային շարժման իռացիոնալիզմը»,- ասում է Մանվել Սարգսյանը:

Շատ փորձագետներ, վերլուծելով զինված ապստամբության փորձի դրդապատճառները, նշում են, որ դա ոչ միայն անակնկալ չէր, այլ նաև սպասելի: Մանվել Սարգսյանը նշում է, որ տարիների ընթացքում քաղաքացիների մոտ սկսել էր արմատանալ այն կարծիքը, որ խաղաղ ճանապարհով հնարավոր չէ իշխանություն փոխել.

«Հայաստանում ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո չի հաջողվել ընտրությունների միջոցով պետական կառավարման համակարգ ձևավորել: Տարիներ շարունակ՝ գուցե մեկ ու կես տասնամյակ, դեռ փորձեր անում էին տարբեր քաղաքական ուժեր ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու: Սակայն իրականության մեջ որևէ փոփոխություն տեղի չէր ունենում: Ստեղծվում է մի փակ ցիկլ, որից ընտրությունների միջոցով ելք չկա: Եվ ահա վերջին գոնե 5 տարիների ընթացքում սկսեցին խոսել այն մասին, որ հնարավոր չէ ձևավորել պետական կառավարման համակարգ խաղաղ ճանապարհով: Այդ գաղափարը գնալով խորանում էր և անընդհատ օդում կախված էր»:

Իր հերթին քաղաքական փորձագետ Արգիշտի Կիվիրյանը զինված ապստամբության պոռթկումը քաղաքական դաշտի ճգնաժամի հետևանք է համարում.

«Փակվել են քաղաքական ցիվիլ պայքարի բոլոր ճանապարհները: Երկիրն ընկղմվել է կոռուպցիայի, տարատեսակ քաղաքական արատների մեջ: Իշխանությունը մոնոպոլիզացվել է ինչ-որ մի խմբի կողմից, և այդ խումբը չի թողնում, որ Հայաստանում ընթանան քաղաքական գործընթացներ»,- ասում է փորձագետը՝ հավելելով. «Երբ փակում ես քաղաքական մրցակցության դաշտը, ապա սկսում են խոսել ինքնաձիգները»:

Հայաստանում զինված ապստամբությունների էներգիան դեռ սպառված չէ

Հայաստանի գործող իշխանությունները նույնիսկ իրադարձություններից մեկ տարի անց շատ դժվարությամբ են խոսում «Սասնա ծռեր» խմբի գործողությունների մասին քաղաքական համատեքստում և խոսելուց էլ խիստ սակավախոս են:

Զինված ապստամբության փորձի ամբողջ ընթացքում նրանք հիմնականում լռում էին, քիչ էին խոսում և հղում էին անում պաշտոնական հայտարարություններին:

Նրանք առաջարկում են «Սասնա ծռեր» խմբի գործողությունները քննարկել բացառապես իրավական հարթության մեջ՝ քրեական օրենսգրքի շրջանակներում: Իսկ ահա հանրապետական Հովհաննես Սահակյանն ավելի է խտացնում գույները և գտնում է, որ այդ պետք է նաև դիտարկել որպես ազգային անվտանգության սպառնալիք.

«Եթե փորձում ենք գնահատական տալ և հասկանալ, թե դա ինչ էր, քանի տարի էլ անցնի, նույնն եք ասելու: Պատերազմող երկրում նման միջոցով որևէ բան ապացուցելը, տեղ հասցնելն անթույլատրելի է: Սահմանին մեր թշնամին սպասում է նման իրավիճակների, որ երկիրը ներսից ցնցվի»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի հրաժարականի պահանջը ներկայացրել էին խմբավորման անդամները, ինչպես արդեն նշվեց, խոսեց միայն դեպքերից 5 օր անց: Հուլիսի 22-ին իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ նախ խմբին կոչ արեց վայր դնել զենքը և հայտարարեց, որ իրենք թույլ չեն տա բռնության ու զենքի միջոցով խնդիրներ լուծել: Իսկ իրավապահ համակարգին կոչ արեց օրենքի շրջանակներում և խաղաղ ճանապարհով հանգուցալուծել ճգնաժամը:

2016թ. հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ ինքնակամ իրավապահ մարմիններին հանձնվելուց հետո իշխանությունը ճգնաժամը համարեց հաղթահարված:

Արգիշտի Կիվիրյանը համոզված է, որ ՀՀ գործող իշխանությունները նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ դասեր չեն քաղել կատարվածից:

«Եթե դասեր քաղեին, ապա Հայաստանում պետք է անցկացվեին լիարժեք ռեֆորմներ, որոնք կփոխեին մարդկանց կյանքն ու մտածելակերպը: Ինչպես նաև պետք է անցկացվեին ազատ ու արդար ընտրություններ: Վերջին 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները (պաշտոնական արդյունքներով կրկին հաղթեց իշխող, գործող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը: Հեղ.), ինչքան էլ որոշ ընդդիմադիրներ համարեն օրենքի սահմաններում անցկացված, սակայն հասարակությունը շատ լավ տեղյակ է, որ դրանք նույնպես անցան կոպիտ խախտումներով»:

Փորձագետն ընդգծում է, որ «Սասնա ծռեր»-ից հետո հանրության մոտ ինքնաձիգներով պայքարի ձևը լեգիտիմացվեց, այդ պատճառով ծնվելու են նորանոր խմբեր, որոնք այս ձևով փորձելու են վերցնել իշխանությունը:

Հ.Գ

Հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում «Սասնա ծռեր»-ին աջակցող հանրահավաքների ժամանակ ոստիկանական ուժերը, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, կիրառել են աննախադեպ բռնություններ հավաքների մասնակիցների և կազմակերպիչների նկատմամբ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի «Խաղաղ հավաքների ազատության մոնիթորինգ 2016-2017 զեկույց»-ի տվյալներով՝ հուլիսի 17-ից օգոստոսի 13-ը կազմակերպված հավաքների վայրերում տեղի են ունեցել բերման ենթարկելու առնվազն 547 դեպք։

Ըստ նույն կազմակերպության մեկ այլ՝ «2016թ. հուլիսի 17-ից օգոստոսի 5-ը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ» զեկույցի տվյալների՝ 2016թ. հուլիսի 19-ից մինչև հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ոստիկանության ու հանրահավաքի մասնակիցների միջև բախումների հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել 49 ոստիկան և 86 քաղաքացի:

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալների՝ ոստիկանության կողմից 2016թ. հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում, ըստ պաշտոնական տվյալների, բերման են ենթարկվել 367 քաղաքացի, իսկ զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության և ականատեսների համաձայն՝ ավելի քան 675 քաղաքացի: Հուլիսի 17-30-ն ընկած ժամանակահատվածում ձերբակալվել է 47 անձ, իսկ 19-ը՝ կալանավորվել: 2016թ. օգոստոսի 3-ի դրությամբ կալանավորվել են 54 անձ:

Զինված ապստամբության փորձի ընթացքում զոհվել են ոստիկանության 3 ծառայող:

Այդ ընթացքում բռնություններ են կիրառվել նաև ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչների նկատմամբ:

Դերենիկ Մալխասյան

Դիտվել է՝