Ադրբեջանին զենքի վաճառքի հարցով ՌԴ-ի ներկայացրած փաստարկները համոզիչ չեն

ashotyan

Ադրբեջանին զենքի վաճառքի հարցով Ռուսաստանի ներկայացրած փաստարկները համոզիչ չեն։ Այսօր այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի խոսքով՝ ռազմավարական դաշնակցի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը խնդրահարույց եւ կնճռոտ հարցերից է հայ-ռուսական հարաբերություններում:

«Փակ քննարկումներ ենք ունեցել վերջին այցի ընթացքում, և մեր ռուս գործընկերներից շատերը կիսում են մեր մտահոգությունները: Իրականում հայ-ռուսական օրակարգի ամենաբարդ և կնճռոտ հարցը մնում է ռուսական զենքի մատակարարումն Ադրբեջանին: Դա հիմնավորվում է որպես տնտեսական գործարք»,- հայտարարեց Աշոտյանը:

Դիտարկմանը, թե փաստորեն զենքի մատակարարումն Ադրբեջանին վնասում է Հայաստանին, Արմեն Աշոտյանն ասաց, որ դա այն հարցերից մեկն է, որը լուծման կարիք ունի:

Աշոտյանի կարծիքով՝ զենքի մատակարարման խնդիրը պետք է պահել քաղաքական գործիչների օրակարգում.

«Իհարկե, հանրությունը պետք է տեղեկացված լինի, սակայն ակնկալել, որ այնտեղ լուծում կգտնվի, կամ նման խնդիրների քննարկումը վերածել ռեալիթի շոուի, ապա այդպես ճիշտ չէ»:

Դիտվել է՝