Փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Արայիկ Խանդոյանի մասին մեկնաբանության հետեւանքով

Արայիկ Պապիկյան

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետը դիմելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, հայտնել է, որ փաստաբան Արայիկ Պապիկյանը զանգվածային լրատվամիջոցով կատարել է հրապարակում, որով դուրս է եկել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված փաստաբանական գործունեության շրջանակներից։

Մասնավորապես, նշվել է, որ փաստաբանը փաստաբանական գործունեությանը չվերաբերող, վստահորդին իրավաբանական օգնություն տրամադրելուն որևէ կերպ չառնչվող հարցերով իր հայացքներն է փոխանցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ավելին` անպարկեշտ ձևակերպումներով գնահատականներ է տվել պետական իշխանության մարմիններին, իրավապահ մարմիններին ու դրանց գործունեությանը, իրեն վերապահելով քրեական վարույթն իրականացնող մարմնի լիազորություններ՝ քրեաիրավական որակման է ենթարկել ոստիկանության ծառայողների գործողությունները, որոշակի տեղեկություններ է հայտնել իր պաշտպանյալից սպասվող հակահարվածի մասին:

Փաստաբան Արայիկ Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում 29.06.2017թ. հրապարակել էր «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սասնա Ծուռ Արայիկ Խանդոյանի խոշտանգման մասին» կարգավիճակը (ստատուսը), որին հղում կատարելով www.mamul.am լրատվական կայքը կատարել էր ««Միայնակ Գայլն ընդունում է ռեժիմի մարտահրավերը». պաշտպանի հայտարարությունը» հրապարակումը:

ՀՀ գլխավոր դատախազության դիմումի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 17.07.2017 թվականի 196-Ա/ԿԳ-17049 որոշմամբ (այսուհետ՝ նաև Որոշում) փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5֊րդ մասի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 և 2.2.3 ենթակետերի խախտման հատկանիշներով: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5֊րդ մասի համաձայն՝ փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ՝ ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:

Կանոնագրքի 2.2.2 ենթակետի համաձայն՝ փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը (հակառակորդ կողմի առաջարկների հանդեպ մատչելիություն): Կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:

Որոշմամբ փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ www.mamul.am կայքում Արայիկ Պապիկյանի անունից կատարված հրապարակման մեջ, բացի իրավական քննադատական խոսքերից առկա են նաև արտահայտություններ, որոնք փաստաբանի կողմից կատարված լինելը հաստատվելու դեպքում առերևույթ կարող են՝

1) հանգեցնել փաստաբան Արայիկ Պապիկյանի նույնացմանն իր վստահորդի հետ, ինչը կարող է պարունակել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5֊րդ մասի խախտման հատկանիշներ, և

2) կասկածի տակ դնել փաստաբանի մասնագիտության հեղինակությունը, ինչը կարող է պարունակել փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 և 2.2.3 ենթակետերի խախտման հատկանիշներ:

Որոշմամբ ներկայացվել են նաև արդարադատության իրականացման գործում փաստաբանի՝ որպես հանրության և դատարանների միջև միջնորդի կոչմանը վերաբերող միջազգային փաստաթղթերում, մասնավորապես՝ Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհրդի (CCBE) կողմից հաստատված եվրոպական իրավական մասնագիտության հիմնական սկզբունքների վերաբերյալ կոմենտարներում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Կասադո Կոկան ընդդեմ Իսպանիայի գործով նախադեպային վճռով արձանագրված սկզբունքները:

Հ.Գ. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվում է ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ՎԱՐՔԱԳԾԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ:

Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում’ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ: 

Դիտվել է՝