Գեղարքունիք. հայտնի են ԳԱԼԱ-ի «Իմ կյանքի ճանապարհը» նախագծի հերոսի հիմնական թեկնածուների անունները

im kyanqi janaparhy

Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի տարածաշրջանների տարբեր համայնքներում ԳԱԼԱ-ի աշխատանքային խմբերի՝ մեկ շաբաթից ավելի տևած շրջայցերից հետո փորձագետներն արձանագրեցին՝ «Իմ կյանքի ճանապարհը» հեռուստանախագծին մասնակցելու ցանկություն հայտնած երիտասարդների թիվը 5 տասնյակից ավելի է, և դա այն պարագայում, երբ գրանցվել են միայն այն պատանիները, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերել, վճռական են տրամադրված ու վստահեցնում են, որ պատրաստ են մասնակցելու նախագծին՝ ցանկացած խոչընդոտ ու դժվարություն հաղթահարելու պատրաստակամությամբ: Սակայն ժյուրին ստիպված եղավ ընտրության նախնական փուլ անցկացնել, նախապատվություն տրվեց 21 երիտասարդի: Վերջիններս Գեղարքունիքի մարզի տարբեր տարածաշրջանների բնակիչներ են, ովքեր այցելեցին մարզկենտրոն Գավառ ԳԱԼԱ-ի հեուստանախագծի ընտրական երկրորդ փուլի աշխատանքներին մասնակցելու համար:

Երիտասարդներից յուրաքանչյուրը հասկանում և գիտակցում է, որ թեժ մրցակցություն է սպասվում, ժյուրին ընտրելու է լավագույնին:

Սկզբում ընտրության երկրորդ փուլին մասնակցող երիտասարդները հարցաշարեր են լրացնում, մանրամասն նկարագրում իրենց բնավորության գծերը, պատկերացումները տարբեր հարցերի շուրջ, թե ինչպիսին են, ինչ դժվարություններ են հաղթահարել կյանքում, ինչպես են պատկերացնում իրենց ապագան և այլն:

Լրացված հարցաշարերի միջոցով, իհարկե, ժյուրիի անդամներն ինչ-որ չափով հասկանում են, թե ինչ մտածելակերպ, բնավորություն և ձգտումներ ունի երիտասարդներից յուրաքանչյուրը, սակայն դա բավարար չէ: Ուստի նաև առանձնազրույց են ունենում նրանց հետ, տարբեր հարցադրումներով են հանդես գալիս, որպեսզի ավելի լավ ճանաչեն յուրաքանչյուր մասնակցի:

Ժյուրիի անդամները հնարավորինս մտերմիկ զրույցի են վերածում ընտրության երկրորդ փուլը, որպեսզի բացահայտեն նախագծի հերոսի թեկնածուներին:

Ի վերջո, 21 թեկնածուից ժյուրին ընտրում է երեք լավագույնին՝ Կարեն Բաղդասարյան, Կոստան Առաքելյան և Փայլակ Հովհաննիսյան: Թեկնածուներն ունեն բնավորության տարբեր գծեր և կյանքի նկատմամբ տարբեր պատկերացումներ:

Նախագծի լավագույն թեկնածուները նշում են՝ իրենց համար մեծ պատիվ էր անցնել ընտրության եզրափակիչ փուլ, ուստի նրանցից յուրաքանչյուրը պայքարում է նախագծի հերոսի դերում հայտնվելու համար:

Ժյուրին փոքր-ինչ ուշ կկատարի ընտրության եզրափակիչ փուլը: ԳԱԼԱ-ի մասնագետները նշում են՝ դարձյալ քննարկումներ են իրականացնելու նաև միջազգային փորձագետների հետ, որից հետո կընտրեն Շիրակի ու Գեղարքունիքի մարզերի 2 հերոսներին:

Այս գործընթացին զուգահեռ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքում: Աշխատանքային խմբերը պատրաստվում են ռեալիթի շոուի նկարահանումներին: Այնպես որ, նախագծի ամենահետաքրքիր պահերը դեռ առջևում են:

Դիտվել է՝