«Իմ կյանքի ճանապարհը». Գեղարքունիքի շրջայցի մանրամասները

im kyanqi janaparhy

ԳԱԼԱ-ի նոր հեռուստանախագծի մասին ակտիվորեն խոսում և քննարկում են նաև Գեղարքունիքի մարզի ամենատարբեր համայնքներում: Փորձագետների, աշխատանքային խմբերի շրջայցերը ոգևորել են Սևանի ավազանի և մարզի ամենահեռավոր գյուղերի բնակիչներին, ովքեր կարծիքներ են հայտնում ԳԱԼԱ-ի «Իմ կյանքի ճանապարհը» հեռուստանախագծի, դրա բովանդակության, նպատակների և բարձրացվող հարցերի վերաբերյալ:

Օրեր շարունակ այս նախագծի աշխատանքներում ներգրավված փորձագետները շրջեցին գյուղ առ գյուղ, տուն առ տուն՝ փնտրելու և գտնելու 16-18 տարեկան տարիքային խմբի այն երիտասարդ տղաներին, ովքեր համարձակ են, վճռական ու վստահ իրենց ուժերին, ովքեր կարող են փորձություններ ու դժվարություններ հաղթահարել, հիասթափություններ ապրել, բայց պատրաստ են պայքարել ու հաջողության հասնել:

ԳԱԼԱ-ի աշխատանքային խմբերն ուղղություն վերցրին նաև դեպի Վարդենիսի և Մարտունու տարածաշրջանների այն հեռավոր, սահմանամերձ բնակավայրերը, որտեղ անգամ տրանսպորտ չի գործում:

Փորձագետների հետ քննարկումներին մասնակցող երիտասարդների մեծ մասը գրանցվեց որպես թեկնածու, իսկ նրանք, ովքեր տեղում չհասցրին հանդիպել, զրուցել աշխատանքային խմբերի հետ, համայնքներում փակցված պաստառների միջոցով տեղեկացան ԳԱԼԱ-ի նոր հեռուստանախագծի մեկնարկի մասին ու շտապեցին զանգահարել հեռուստաընկերության գրասենյակներ՝ մանրամասներին ծանոթանալու համար:

Փորձագետների առջև բարդ հարց է դրված. նախագծին մասնակցել ցանկացող երիտասարդների թիվը մեծ է, գրանցել են հիմնականում նրանց, ովքեր իրապես ունեն  սեփական ուժերը փորձելու, ինքնուրույն գործելու մեծ ձգտում և վստահություն:

Մեկ շաբաթ տևած շրջայցերի ընթացքում ԳԱԼԱ-ի աշխատախմբերը հանդիպել են տարբեր բնավորության, խառնվածքի տեր երիտասարդների:  Սակայն ամեն ինչ կորոշվի ընտրական հաջորդ փուլի ընթացքում:

Ինչո՞ւ է համայնքներում ապրող երիտասարդների հետաքրքրությունը ԳԱԼԱ-ի նախագծի նկատմամբ այսքան մեծ, ի՞նչն է գրավում նրանց: Թեկնածուների խոսքերով՝ նախագիծն իրենց հնարավորություն է տալիս սեփական ուժերը փորձելու և հասկանալու, թե ինքնուրույն ինչ կարող են անել իրենց կյանքի անցումային այս փուլում: Փորձագետներն իրենց հերթին նշում են՝ խնդիրը նրանում է, որ նախագծի շրջանակներում բարձրացվող հարցերը երիտասարդներին ևս մտահոգում են. միգրացիա, աղքատություն, գործազրկություն, աշխատաշուկայի խնդիրներ և այլն:

Շուտով արդեն իր խոսքը կասի նաև ժյուրին, որի անդամները Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից ԳԱԼԱ-ի նախագծին մասնակցելու ցանկություն հայտնած երիտասարդներին կհանդիպեն մարզկենտրոն Գավառում: Ընտրական եզրափակիչ փուլից հետո  հայտնի կդառնա իր կյանքի ճանապարհը փնտրող գլխավոր հերոսներից ևս մեկի անունը:    

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝