Գևորգ Սաֆարյանի կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում. հայտարարություն

Gevorg Safaryan

Գևորգ Սաֆարյանի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձնատեսակցության ընթացքում նա հայտնեց, որ 2017թ հուլիսի 11-ին, երբ լրացել է իր նկատմամբ կիրառված տասնօրյա ապօրինի տույժի ժամկետը, նրան որոշել են տեղափոխել թիվ 31 խուց, որը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիմնական մասնաշենքում, ուր դեռևս 2016թ. հունվարին Գևորգ Սաֆարյանի գործունեությամբ պայմանավորված խնդիրներ են առաջացել վերջինիս և որոշ «հանցավոր աշխարհի» ներկայացուցիչների միջև՝ ընդհուպ մինչև Գ.Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառում: Հիշյալ հանգամանքը և իրադարձությունները՝ Գ.Սաֆարյանի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը հաշվի առնելով, նույն քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշում էր ընդունել Գ.Սաֆարյանին տեղափոխել առանձնացված մասնաշենք, ուր հիշյալ անձանց հետ շփումներն ավելի սահմանափակ են: 

Գ.Սաֆարյանն առարկել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիմնական մասնաշենք տեղափոխելու կապակցությամբ՝ բացատրելով, որ դեռևս 2016թ-ի հունվարից տեղափոխվել է առանձնացված 6-րդ մասնաշենք, որտեղ պահվում են այն կալանավորված անձինք, ում նկատմամբ «քրեական աշխարհն» ունի թշնամական վերաբերմունք, մասնավորապես նշելով, որ իր նկատմամբ այդ թշնամական վերաբերմունքը ձևավորվել է իր հասարակական-քաղաքական գործունեության արդյունքում: ՔԿՀ-ի ղեկավարությունը համարել էր, որ իր կյանքին և առողջությանը կարող է վտանգ սպառնալ, եթե իրեն տեղափոխեն կալանավորների պահման ընդհանուր մասնաշենք, որտեղ հիմնականում պահվում են կալանավորներ, որոնք պահպանում են հանցավոր աշխարհի կանոններն ու վարք ու բարքը: 

2016թ. հունվար ամսին տեղի ունեցած միջադեպերի էությունն այն էր, որ Գ.Սաֆարյանի նկատմամբ փորձում էին հաշվեհարդար տեսնել հիշյալ հանցավոր տարերը, որոնք իրական և էական ազդեցություն ունեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր և հիմնական մասնաշենքում և վայելում են քրեակատարողական հիմնարիկի վարչակազմի օժանդակությունը: Քրեական աշխարհի տարբեր ներկայացուցիչներ, Գ.Սաֆարյանի փոխանցմամբ, բազմիցս սպառնացել են, որ եթե երբևէ նրան տեղափոխեն հիմնական մասնաշենքի որևէ խուց, ապա նրա նկատմամբ հաշվեհարդար կտեսնեն: Որպես հաշվեհարդարի պատճառ, ի թիվս այլոց, նշել են այն, որ Գ.Սաֆարյանի հրապարակային ելույթներում նա պահանջել է, որ հանրության ուշադրության կետրոնում եղած տարբեր քրեական գործերով (այդ թվում «Հարսնաքարի» հայտնի գործով) իրականացվի արդյունավետ քննություն, պարզվեն բոլոր հանցագործները և նրանք դատապարտվեն խիստ պատիժների: Այս ամենի մասին շատ ավելի հանգամանորեն Գ.Սաֆարյանը նշել է իր բացատրության մեջ՝ տրված ՔԿՀ –ի աշխատակցին: 

Այնուհետև Գ.Սաֆարյանին հայտնեցին, որ նրան ենթարկում են նոր տույժի՝ 10 օր ժամկետով պատժախուց, նշելով, որ պատճառ է հանդիսանում ՔԿՀ աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելը, ինչի կապակցությամբ Գ.Սաֆարյանը առարկել է՝ ասելով, որ օրինական չէ այն պահանջը, որը վտանգում է իր կյանքն ու առողջությունը, ինչպես նաև հակասում է ՔԿՀ ղեկավարության նախորդ որոշմանը, որի համաձայն իրեն պետք է պահեն առանձնացված մասնաշենքում հիշատակված պատճառներով: Այնուամենայնիվ, Գ.Սաֆարյանին տեղափոխեցին պատժախուց, որից հետո ներկայացրեցին արձանագրությունը/որոշումը, սակայն տեղեկանալով, որ Գ.Սաֆարյանը ցանկանում է առարկություններ գրառել այդ կապակցությամբ, փաստաթղթերը նրան չեն տրամադրում և նշում, որ նա հրաժարվել եմ դրանք ստորագրելուց: Այժմ Գ.Սաֆարյանը լուրջ մտավախություն ունի, որ հաշվի առնելով նախորդ փորձառությունը և գործելաոճը, պատժախուց կտեղափոխեն տարբեր քրեական տարրերի, իբր նրանց նկատմամբ կիրառած տույժի շրջանակներում, ինչի իրական նպատակն է լինելու իր նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար կազմակերպելը: Գ.Սաֆարյանը համոզված է, որ այս տասօրյա տույժին հետևելու են նոր տասօրյա տույժեր և իրեն շարունակաբար պահելու են պատժախցում, կամ ուժով տեղափոխելու են հիմնական մասնաշենքի որևէ խուց, որտեղ անխուսափելիորեն տեղի կունենա հանցավոր տարրերի կողմից ֆիզիկական հաշվեհարդար:

Նշված իրադարձությունների կապակցությամբ Գ.Սաֆարյանը պահանջել է, որպեսզի տեղեկացնեն իր պաշտպանին, ինչպես նաև նրան տեսակցեն, ինչը մերժվել է: Տեղեկացնենք նաև, որ 12.07.2017թ. Գ.Սաֆարյանին այցելել են ՄԻՊ աշխատակիցները և արձանագրել այս ամենը և նրա բացատրությունները: Գ.Սաֆարյանը նաև դիմում է ներկայացրել ՄԻՊ-ին:

Գևորգ Սաֆարյան, Տիգրան Եգորյան

 

Դիտվել է՝