Գեղարքունիքում եւս ԳԱԼԱ հեռուստաընկերության նոր նախագծի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է

19206363_779661185536601_599410320_n

ԳԱԼԱ-ի «Իմ կյանքի ճանապարհը» հեռուստանախագծի շրջանակներում աշխատանքային խմբերի այցելությունը Հայաստանի ամենախոշոր մարզ՝ Գեղարքունիք, բավականին հագեցած, բովանդակալից ընթացքով է աչքի ընկնում: Մարզի տարբեր տարածաշրջանների՝ Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի համայնքներում շրջայցեր, հանդիպումներ, քննարկումներ ու զրույցներ 16-18 տարեկան տարիքային խմբի երիտասարդների հետ: ԳԱԼԱ-ի փորձագետներին ամենատարբեր համայնքներում դիմավորում են պատրաստակամորեն, ոգևորված ու անգամ հուզված. օրինակ, մարզկենտրոն Գավառից մոտ 150 կմ հեռավորության վրա գտնվող Վարդենիսի տարածաշրջանի հեռավոր գյուղերում, որոնք սահմանամերձ են Ադրբեջանին, և որտեղ, ինչպես գյուղաբնակներն են նշում, հազվադեպ են հյուրեր ունենում:

Այս օրերին գյուղատնտեսական ակտիվ աշխատանքներում ընդգրկված երիտասարդները շտապում են ԳԱԼԱ-ի փորձագետների հետ հանդիպման, իսկ նրանք, ովքեր չեն հասցրել տեղեկանալ, զանգ են ստանում ընկերներից, ծնողներից, թողնում գյուղի գործն ու հավաքվում համայնքի կենտրոնում: Նրանց մանրամասն ներկայացվում է այն հարցերն ու խնդիրները, որոնք բարձրաձայնվելու են ԳԱԼԱ-ի հեռուստանախագծի շրջանակներում. միգրացիա, գործազրկության ու աղքատության բարձր ցուցանիշներ, գյուղերի ու խոշոր քաղաքների բևեռացվածություն, ինչպես նաև հայաստանյան աշխատաշուկայի հնարավորությունները:

Գեղարքունիքի մարզի համայնքներում քիչ չեն այն երիտասարդները, ովքեր պայքարելու, դժվարություններ հաղթահարելու, աշխատանք փնտրելու և գտնելու մեծ ցանկություն ունեն, ովքեր նշում են, թե պատրաստ են ԳԱԼԱ-ի «Իմ կյանքի ճանապարհը» խորագրով հեռուստանախագծի միջոցով սեփական ուժերը փորձելու՝ իրենց կյանքի անցումային այս փուլում ինքնադրսևորվելու և կայանալու հարցում:

ԳԱԼԱ-ի նոր հեռուստանախագիծը հետաքրքրում է ոչ միայն համայնքների երիտասարդ բնակիչներին, այլ նաև նրանց ծնողներին ու ընդհանրապես շատ համայնքաբնակների, ովքեր ակտիվ մասնակցում են քննարկումներին ու հանդիպումներին, տարբեր հարցեր են առաջ քաշում: Փորձագետները տպավորված են. ակտիվ, նախաձեռնող երիտասարդների թիվը Գեղարքունիքի մարզում մեծ է, նրանցից շատերը գրանցվել են որպես թեկնածուներ ու պատրաստ են մեկ շաբաթ իրենց ուժերը փորձել մայրաքաղաքում, սակայն ԳԱԼԱ-ի աշխատանքային խմբերն ու փորձագետները ընտրության մի քանի փուլ են իրականացնելու լավագույն թեկնածուներին գտնելու համար:

Մի քանի օրերի շրջայցերի ընթացքում ԳԱԼԱ-ի փորձագետներն արձանագրում են նաև՝ ընդհանուր նմանություններ կան Շիրակի և Գեղարքունիքի մարզերի երիտասարդների շրջանում. երկու դեպքում էլ պայքարելու, ինքնահաստատվելու ցանկությունն ու ձգտումը նկատելի է:

Գեղարքունիքի տարբեր տարածաշրջանների գրեթե բոլոր համայնքներում ԳԱԼԱ-ի աշխատանքային խմբերի շրջայցերը, հանդիպումներն ու շփումները գործի մի մասն են, նախագծի հերոսի ընտրության բարդ և պատասխանատու փուլը դեռ առջևում է: Թեկնածուների հետ դեռ ժյուրին է աշխատանք տանելու: Գեղարքունիքի մարզկենտրոնում՝ Գավառ քաղաքում, նրանք հարցաշար են լրացնելու, պատասխանելու են ժյուրիի հարցադրումներին, որից հետո էլ ամենահավանական թեկնածուները կանցնեն ընտրության հաջորդ փուլ:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝