Իսլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

g_image (1)

Հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ հուլիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բերգլինդ Ասգեյրսդոտիրին (նստավայրը՝ Մոսկվա)։

Կարեն Նազարյանը շնորհավորեց տիկին Ասգեյրսդոտիրին Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպանի աշխատանքը նոր որակ կհաղորդի հարաբերությունների ընդլայնման գործընթացին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձ կատարվեց այն ոլորտներին, որտեղ առկա է համագործակցության ներուժ ու հեռանկարներ։ Նախարարի տեղակալը և դեսպանը մտքեր փոխանակեցին հայ-իսլանդական քաղաքական երկխոսության ընդլայնման, ինչպես նաև ոլորտային և առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման շուրջ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ասգեյրսդոտիրը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքեր` երկու երկրների միջև տարբեր բնագավառներում հարաբերությունների խորացման և երկկողմ օրակարգն առաջ մղելու նպատակով:

Կողմերն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին: Նախարարի տեղակալը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունները:

Դիտվել է՝