Ամերիկահայերը ստորագրահավաք են սկսել՝ պահանջներ ներկայացնելով ՀՀ իշխանություններին

serj

Ամերիկահայերը ստորագրահավաք են սկսել, որով մի քանի պահանջ են ներկայացնում Հայաստանի իշխանություններին: Ստորագրահավաքի տեքստը ստորագրել են «Սասնա ծռեր» Լոս Անջելեսի մասնաճյուղը, «Հայկական Վերածնունդ», «Հայդուկ» կազմակերպությունները և «Գեոպոլիտիկ» ակումբը:

Ստորագրահավաքի կազմակերպիչները հայտարարում են, որ Հայաստանում արդարադատության անկախ համակարգ չի գործում և անկախ դատարան գոյություն չունի: Եվ առաջ են քաշում մի քանի պահանջներ.

«Մենք՝ ներքոստորագրյալներս՝ կազմակերպություններ, անհատ անձինք, թե՛ ԱՄՆ քաղաքացի՝ ազգությամբ հայ, թե՛ երկքաղաքացի, թե՛ ՀՀ քաղաքացի, գրավոր պահանջ ենք ներկայացնում ձեզ՝ ակնկալելով շուտափույթ պատասխան, ՀՀ Արդարադատության նախարարությունից և այլ պատկան մարմիններից, որոնց դուք ի պաշտոնե պարտավոր եք ներկայացնել սույն փաստաթուղթը:

1.Պահանջում ենք, որ Սասնա ծռերի դատավարությունն ընթանա անվերապահորեն անմեղության կանխավարկածի պահպանմամբ:

2.Դատավարության ընթացքում հենվել գործողությունն իրականացրած անձանց դրդապատճառի վրա: Սա է գործի քննության ելակետը:

3.ՄԱԿ-ի 1948-ին ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանում նշված է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտավոր են օրենքի ուժով պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու բռնության ու ճնշման դեմ ուղղված ապստամբության՝ որպես վերջին միջոց: Համաձայն այս կետի՝ պահանջում ենք վերոհիշյալն ընդունել որպես հիմք իրականացված գործողությունը մեկնաբանելիս:

4.Պահանջում ենք ազատազրկված անձանց կալանավայրերում պայմանների կտրուկ բարելավում, նրանց առողջական վիճակի պարբերական հսկողություն որակյալ բժիշկների կողմից:

Ինչպես նաև՝

5.Օտար անձնագիր ունեցող ազգությամբ հայերի ՀՀ քաղաքացիություն ստանալու դյուրություններ ստեղծելը և այն խրախուսելը:

Սա հյուպատոսության ուղղակի գործառույթն է ՀՀ Արտգործնախարարության և Սփյուռքի նախարարության միջոցով: Պաշտոնապես ոչ միայն արտագաղթը կանխելու, այլ նաև ներգաղթ կազմակերպելու ուղղությամբ որոշակի գործողություններ ձեռնարկելը:

6.Դիմել Ազգային ժողովին օտար երկրներում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը վերականգնելու և երկքաղաքացիներին ընտրելու իրավունք շնորհելու մասին:

Մեր պահանջների մեջ լինելու ենք հետևողական և հույս ենք հայտնում, որ ՀՀ հյուպատոսությունը Լոս Անջելեսում վերջապես կզբաղվի այն ամենով, ինչին կոչված է»:

Դիտվել է՝