Կայացավ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների մասին «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի շնորհանդեսը

4

Այսօր՝ հուլիսի 6-ին, «Արմենիա Մաիրոթ» հյուրանոցում կայացավ «Սովորական ցեղասպանություն» շարքի «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը պատրաստվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից,  թողարկվել  է 5 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն։

Ֆիլմում ներկայացված են փաստական տվյալներ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ սանձազերծված բռնությունների՝ մասնավորապես Ներքին Ճարտար գյուղի դպրոցի ուղղությամբ արձակված արկերից տուժած երեխաների վերաբերյալ։ Ֆիլմում ներկայացված են ականատեսների վկայություններ, ինչպես նաև դպրոցի մերձակայքի հրետակոծության արդյունքում զոհված 11-ամյա Վաղինակի մոր և եղբոր հուշերը:

Ֆիլմի համահեղինակ Մարինա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆիլմը պատրաստ էր դեռ հունիսի սկզբին, սակայն նախօրեին հայկական պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանցի 2-ամյա երեխայի մահվան լուրի տարածումից հետո որոշում կայացվեց այսօր կազմակերպել շնորհանդեսը՝ փաստական հիմնավորումներով ապացուցելու, որ կատարված ցավալի դեպքի միակ պատասխանատուն Ադրբեջանն է, որը ոչ միայն թիրախավորում է արցախցի երեխաների, այլև իր խաղաղ բնակչությանը՝ բնակավայրերերում կրակակետեր տեղադրելով: «Ապրիլյան պատերազմի առաջին օրերին Արցախի Ներքին Ճարտար գյուղում Վաղինակի սպանությունը և օրերս ադրբեջանցի փոքրիկի մահը ալիևյան քաղաքականության հետևանքն է: Ալիևյան ռեժիմի համար անձնական ու քաղաքական շահերը ավելի վեր են խաղաղ բնակչության և նույնիսկ փոքրիկ երեխաների կյանքից»։

3

Ֆիլմի համահեղինակ Լարիսա Ալավերդյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նախքան դպրոցի մերձակայքի հրետակոծումը՝  Ադրբեջանը մի քանի օր շարունակ անօդաչու թռչող սարքերով դիտարկել է  դպրոցի մերձակայքը:   «Ակնհայտ է, որ նրանք գերազանց իմացել են, որ այդ վայրում դպրոց կա, և երեխաները ամեն օր ժամը 08.30-ի շրջանակներում դպրոցի բակում մարմնամարզություն են անում: Անհերքելի է, որ ադրբեջանցիները շատ լավ իմացել են դպրոցի օրակարգը և փորձել են հնարավորինս ավելի շատ երեխաների կյանք խլել»,-նշեց Ալավերդյանը՝ փաստելով, որ Ադրբեջանը նպատակաուղղված ձևով հարձակումներ է գործել խաղաղ բնակչության նկատմամբ, ինչը հակասում է միջազգային բոլոր նորմերին:  

Տիկին Ալավերդյանի գնահատմամբ՝ պետք է բոլոր հնարավոր խողովակներով Ադրբեջանի կողմից ձեռնարկված հանցագործությունների մասին փաստերը հասցնել միջազգային համապատասխան ատյաններին, ինչին և միտված այս ֆիլմը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը, կիսվելով ֆիլմի մասին տպավորություններով, ասաց. «Ադրբեջանի վարքագիծը չի փոխվում Խոջալուից ի վեր: Այն ժամանակ բնակելի թաղամասերում տեղադրում էին հրետանիները և ռմբակոծում Ստեփանակերտը: Հասկանալի չէ՞ր, որ հայկական կողմը պետք է ճնշեր այդ կրակակետերը: Նույնն էլ տեղի է ունեցել և ապրիլյան պատերազմի ժամանակ, և երկու օր առաջ՝ հուլիսի 4-ին»:

Արման Սաղաթելյանը նկատեց, որ Ներքին Ճարտար գյուղի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած վայրագություններն անուշադրության մատնվեցին միջազգային հանրության կողմից: Պատգամավորի գնահատմամբ, նաև միջազգային հանրության անուշադրության ու հավասարության նշան դնող հայտարարությունների շնորհիվ է Ադրբեջանը գնում սանձարձակությունների: Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ֆիլմը հասանելի կլինի միջազգային հանրությանը: «Շատ լավ կլիներ, որ Ադրբեջանի բնակչությունը ևս ֆիլմը դիտելու հնարավորություն ունենար, բայց, ավաղ, ի դեմս Ադրբեջանի  գործ ունենք տոտալիտար և փակ տեղեկատվական համակարգի հետ, որում վերջերս արգելվելել է «Ռազմինֆո» կայքի և Հանրային ռադիոյի ադրբեջաներեն տարբերակի հեռարձակումը»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ այս ֆիլմը ևս մեկ քայլ է միջազգային հանրությանը տեղեկացնելու Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության ու, մասնավորապես, երեխաների նկատմամբ կատարված վայրագությունների մասին:

Պատգամավորն ընդգծեց, որ օրեր առաջ ադրբեջանական սադրանքի հետևանքով տեղի ունեցածը ամենևին կապ չունի ֆիլմի հետ. «Մեզ համար ցավալի է, որ երեկ տեղի ունեցածի հետևանքով ադրբեջանական խաղաղ բնակչության շրջանում զոհ է եղել, բայց դրա ամբողջական պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, որովհետև խաղաղ բնակչության կողքին հրթիռային կայաններ տեղակայելը միջազգային իրավունքի բոլոր կանոնների ու իրավական ակտերի բացահայտ խախտում է։ Ադրբեջանի իշխանությունը, փաստորեն, իր երկրի խաղաղ բնակչությանը դարձրել է թիրախ հայկական կողմի պատասխան կրակի համար, որովհետև հայկական զինված ուժերը Ադրբեջանի արձակած կրակի համար պետք է պատասխանեն կրակով»:

Մ. Հակոբյանի պնդմամբ` բանակցային գործընթացը կազմակերպող պետությունների, այսինքն՝ Մինսկի խմբի անդամ պետությունների անգործության հետևանքով է Ադրբեջանը շարունակում նման սադրանքները։ Նրա գնահատմամբ՝ ոչ հասցեական հայտարարությունները հանգեցնում են նման իրավիճակի:

Դիտվել է՝