«Ընդդեմ Իրավական կամայականության» ՀԿ-ն դատապարտում է «Սասնա Ծռերի» նկատմամբ բռնությունները

sasna crer

2017 թվականի հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի գործի քննության օրը՝ մինչ դատական նիստի սկսելը, նույն խմբի անդամ, գործով մեղադրյալ Արեգ Կյուրեղյանը փորձել է գրություն փոխանցել «Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանին, ով հանդիսանում է վերջինիս պաշտպանը:

Արա Ղարագյոզյանի խոսքերով Արեգ Կյուրեղյանը դատական նիստից առաջ խնդրել է փաստաբանին վերցնել ծալած նամակը և զգուշացրել, որ այն փաստաբանական գաղտնիք է պարունակում:

Ուղեկցող գումարտակի ոստիկաններն առգրավել են թուղթը, ըստ պաշտոնական վարկածի՝ կանխելով արգելված իր փոխանցելու փորձը: Փոխանցված գրությունը փաստաբանի ներկայությամբ չի բացվել։ Նամակի բովանդակությունը հրապարակվել է մեկ օր անց, ինչը վկայում է, որ փաստաբանին միայն հրապարակման միջոցով է հասանելի դարձել Արեգ Կյուրեղյանի՝ իրեն ուղղված նամակի բովանդակությունը։

Միևնույն օրը դատարանում ոստիկանները բռնություն են կիրառել «Սասնա ծռեր» խմբավորման 5 անդամների՝ Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ:

Վնասվածքներն արձանագրվել են քրեակատարողական հիմնարկներում մարմնական զննության ժամանակ, ինչպես նաև՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից:

2017 թվականի հունիսի 29-ին փաստաբան Արա Ղարագյոզյանը Գլխավոր Դատախազին հաղորդում է ներկայացրել պահանջելով բռնություն կիրառած ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկել։ Արա Ղարագյոզյանը ընդգծել է, որ սույն գործը չպետք է հանձնվի Հատուկ Քննչական ծառայության քննությանը, քանի որ «Սասնա ծռեր»-ի գործերը քննել է հենց Հատուկ Քննչական ծառայությունը և առկա է ակնհայտ շահերի բախում։
Միջադեպից հետո «Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանի կողմից արված հայտարարությունների առնչությամբ գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ՝ վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով:

Դատարանի՝ ՀՀ փաստաբանների պալատ ներկայացրած դիմումի հիմքում դրվել է այն փաստարկը, որ սույն թվականի հունիսի 28-ին մամուլին արված հայտարարությամբ Արա Ղարագյոզյանը հայտնել է, որ նամակը, որն իմ պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանը փորձել է իրեն հանձնել, փաստաբանական գաղտնիք է պարունակել:

-«Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է 2017թ. հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանության կողմից իրականացված գործողությունները։

Բացի այդ, «Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը կոչ է անում․

- ՀՀ գլխավոր դատախազությանը իրականացնել անաչառ և թափանցիկ քննություն՝ ոստիկանության աշխատակիցների գործողությունների օրինականությունը և համաչափությունը պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։

- Դադարեցնել փաստաբանների գործունեության բոլոր միջամտությունները՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին։

- Ապահովել համապատասխան բժշկական օգնությամբ՝ բռնության ենթարկված անձանց։

Դիտվել է՝