Արփենիի ամենատարեց բնակիչն իր այգու բարիքներով զարմացնում է համագյուղացիներին

Снимок

Շիրակի մարզի Արփենի համայնքի պատմության, բնակչության ապրելակերպի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար բավական է հանդիպել գյուղի ամենատարեց բնակչին՝ 86-ամյա Հովսեփ Ենգոյանին, ով կնոջ հետ 1996 թվականից ապրում է այս գյուղում, ստեղծել է իր տնամերձ այգին, գյուղի մասին բանաստեղծություններով էլ ժողովածու է հրատարակել: Գեղեցիկ բնությամբ եւ առանձնահատուկ հյուրընկալությամբ հայտնի Արփենիում բնակչության թիվը տարեցտարի կրճատվում է, ու գյուղի ամենատարեց բնակչին մտահոգող միակ հարցը դա է. հիմնականում երիտասարդներն են հեռանում գյուղից, ովքեր ավելի լավ ապրելակերպի են ձգտում: «Մարդիկ մեկը մեկին են նայում, օրինակ, կարելի է այս գյուղում ապրել, աշխատել, իր հողով, իր ջրով, բայց տեսնում է հարեւանը գնաց դուրս փող բերեց, մեքենա առավ, ընտանիքը լավ է պահում, ինքն էլ է փորձում: Դե որն հաջող է գալիս, որն անհաջող, շատերը գնում մնում են, մյուսները հետ են գալիս, մյուսները չեն կարողանում վերադառնալ»,- նշեց նա:

Ապա հիշում ու պատմում է. ինքն էլ 18 տարեկան էր, երբ հայրը որոշեց, որ ընտանիքով տեղափոխվելու են Սոխումի: Անկեղծանում է՝ այդ ժամանակ ինքն էլ էր ուզում դուրս գալ, կյանք տեսնել: Ու ստացվեց այնպես, որ 48 տարի մնաց ու ապրեց այնտեղ: Սկզբում ռադիոօպերատոր, ապա տարիներ անց նավապետ է աշխատել, այնուհետ, երբ թոշակային տարիքը լրացել է, կնոջ հետ վերադարձել է հայրենիք: «Հայրենիքն ամենաթանկ բանն է, դրա համար ամեն ինչ թողեցի, բնակարանս թողեցի, իմ մեծ դաչան, մեղուներս՝ 25 փեթակ, թողեցի այնտեղ ու եկա Հայաստան, եկել եմ 1993 թվականին, անցակետերում ասում էին՝ այ մարդ, ո՞ւր ես գնում, Հայաստանից բոլորը փախչում են, ասեցի՝ ես կգնամ իմ հայրենիք, ու եկա»,- պատմում է Արփենիի ամենատարեց բնակիչը:

Հիմա արդեն իրենց երեխաներին են ընտանիքներով պարբերաբար հյուրընկալում այստեղ: Տարիների ընթացքում հիմնել է իր տնամերձ այգին: Քանի որ տարիքն այլեւս թույլ չի տալիս հող մշակել, մրգատու ծառերի բարիքներից էլ օգտվում են ծանոթ ու անծանոթ մարդիկ: Կնոջ՝ տիկին Ասյայի հետ նաեւ մեղվապահությամբ են զբաղվում եւ իրենց ցանկացած հյուրի պարտադիր հյուրասիրում իրենց իսկ քաշած մեղրը: Տիկին Ասյան աշխատում է չմոռանալ մեղր բերել հյուրերի համար, հակառակ դեպքում ամուսնու նկատողությանը կարժանանա:

Ճանապարհում են նաեւ մեզ ու հիշեցնում հաջորդ այցի մասին՝ աշնան ամիսներին՝ բերքահավաքի շրջանում, Հովսեփ պապը ցանկանում է հեռուստադիտողին զարմացնել իր այգու բարիքներով:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝